«Հայորդի»-ն ճամբարից վերափոխվեց ընտանիքի, որտեղ բոլորն անցել են նույն ցավի միջով եւ հույզերը բացատրելու անհրաժեշտություն չկա։
Վաչե Վարդանյանը 2020թ․ պատերազմից հետո, երբ զոհերի ընտանիքները անասելի շատ էին, որոշեց ինչ-որ կերպ օգնել այդ ընտանիքներին։ Փոքրիկ նախաձեռնությունը վերաճեց կարեւոր ու կայուն առաքելության։ «Հայորդի» հիմնադրամն այժմ բոլոր այն ընտանիքների կողքին է, որոնք հայր կամ մայր են կորցրել պատերազմների պատճառով։
«Հայորդիի» հաջողության գաղտնիքը, ըստ Վաչեի, այն է, որ հիմնադրամը հասարակությանը եւ զոհվածների ընտանիքներին սովորեցնում է․ անկախ կորստից ու դժվարություններից, յուրաքանչյուր երեխա ունի երջանիկ լինելու իրավունք։
Նա պատմում է, որ դժվար էր հասնել այդ կետին․ առաջին տարվա ճամբարում զոհված ծառայողների կանանց համար գրեթե անհնար էր ընդունել ուրախության իրավունքը։
«Ես ասում էի՝ պիտի պարեք։ Եթե չպարեք, ձեր երեխաները երբեք չեն համարձակվի պարել։ Եվ նրանք՝ արցունքները աչքերին, դուրս էին գալիս պարի։ Դա արդեն հաղթանակ էր։ Նրանք իրենց օրինակով ցույց էին տալիս, որ երեխաները չպետք է ընկճված մեծանան, որ ուրախություններն էլ են իրենցը»,- հիշում է Վաչեն։
Զոհված զինծառայողների ընտանիքների մասին հաճախ ընկալվող կարծրատիպեր փոխելը դարձավ ճամբարի կարեւոր մի մասը, որովհետեւ ծնողներ կորցրած երեխաները ամենաշատն իրավունք ունեն երջանիկ լինելու՝ վստահ է Վաչեն։
«Ես կարոտում եմ պապային ու ուզում եմ ապրել երջանիկ ու լիարժեք։ Նրանք իսկապես կարոտում են իրենց հայրերին եւ անիմաստ են դառնում բոլոր հանուններն ու պաթոսը»,-ասում է Վաչեն, ով արդեն 5 տարի է աշխատում է երեխաների ու նրանց մայրերի հետ։
«Հայորդի»-ում արդեն սերնդափոխություն է։ 18-19 տարեկան երիտասարդները, ովքեր 5 տարի առաջ նոր էին առերեսվել ցավին, հիմա օրինակ են դառնում այն ընտանիքների երեխաներին, ովքեր դեռ չեն ընդունել կորուստը։
Վաչե Վարդանյանը վստահ է, որ ցավի, տրավմայի հետ պետք է ճիշտ աշխատել, քանի որ հակառակ դեպքում այն մի օր կպայթի ու կվերածվի չարության, որը մեր հասարակությանը շատ է խանգարում։
Վաչեն Վստահ է, որ «Հայորդի»-ում ընտանիքները սովորում են հաշտ ապրել իրենց ցավի ու կորստի հետ եւ չունենալ ակնկալիքներ այլ անձանցից, փորձել լիարժեք ապրել մնացյալ կյանքը։
«Արդեն ավանդույթ է դարձել՝ ճամբարի վերջին օրը հազարավոր ծաղիկներ են բերվում եւ երեխխաները ծաղկեփնջեր են պատրաստում իրենց մայրիկների համար, ովքեր վերջին տարիներին ծաղիկներ չեն ստանում, այլ միայն տանում են․․ գերեզմանոոց։ Սա առաջին փոփոխությունն է լինում, որ մայրերը տեսնում են իրենց երեխաների մեջ»,- ասում է Վաչեն։
«Հաճախ , երբ հյուրեր ենք ունենում զարմանում են՝ զոհված ծառայողների ընտանիքները կարո՞ղ են այսպես լիարժեք ապրել։ Այո, որովհետեւ նրանք դրա իրավունքն ամենաշատը ունեն եւ առողջ հասարակության եւ ամուր հայրենիքի համար սա շատ կարեւոր է»,- հաստատում է «Հայորդի»-ի ղեկավարը։
Մարիամ Սարգսյան