Արցախի «Մենք ենք, մեր սարերը» համույթը ևս հադես եկավ «Գութան»-ի բեմում

  • 20:26 05.09.2025

Օգոստոսի 30 ին Երևանի սրտում, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) կայացավ «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգ ու պարի ամենամյա փառատոնն այս տարի նվիրված էր հայ երգի հայրիկ՝ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։  Այն կազմակերպվել է «Մրրո» ազգային արվեստի կենտրոնը՝  ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ։ Ամեն տարի «Գութանի» բեմում հանդես են գալիս ազգային ավանդական երգ ու պարի ավելի քան 20 խումբ, ներգրավվում է շուրջ 500 արտիստ։  Այս տարի հատուկ «Գութան» փառատոնին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Ռոստովում գործող «Զարկ» հայ ավանդական երգ ու պարի խումբը։

«Գութան» 2025-ի մասնակից խմբերն են՝ «Ակունք», «Վան», «Սասնա Ծռեր», «Նուբար», «Մասունք», «Վերադարձ», «Մարաթուկցիներ», «Արեգ», «Արդվին», «Սեբաստացիներ», «Ծովակ», «Մենք ենք, մեր սարերը» (Արցախ), «Տարոնցիներ», «Գորանի», «Տավրոս», «Ծիլք», «Մենք», «Հրայրք», «Նաիրի», «Զարկ» (Ռոստով), «Դարե»։

Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթը հերթական անգամ արժանապատիվ կերպով հադես եկավ «Գութան»-ի բեմում

Այսօրվա բարդ պայմաններում նման միջոցառումները մեզ համար ոչ միայն մշակութային, այլև հոգևոր ամրության միջոց են․ դրանք հիշեցնում են, որ Արցախի մշակույթը հայության միասնական ժառանգության անբաժանելի մասն է և շարունակելու է հարստացնել համահայկական մշակութային կյանքը։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում փառատոնի կազմակերպիչներին՝ «Մրրո» ազգային արվեստի կենտրոնին և ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանին։ Մեր առանձնահատուկ շնորհակալությունն ենք հայտնում այն արցախցի հանդիսատեսին, որը մշտապես ապրում և շնչում է մեր մշակույթի հետ։

Մենք հավատում ենք, որ ազգային մշակույթը շարունակում է լինել մեր ինքնության ու միասնականության հիմնասյունը», ասված է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի շնորհակալական խոսքում :

Հիշեցնենք, որ այս փառատոնը կազմակերպվել էր նաև 2016 թվականին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում՝ հազարավոր արցախցիների ներկայությամբ։ Այն ժամանակ Արցախի բեմում ներկայացվեցին մեր ազգային երգի ու պարի լավագույն օրինակները, ինչը դարձավ մշակութային մեծ տոն Արցախի համար։

Արսեն Աղաջանյան