Դեռևս հուլիսի 15-ին Գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Օգոստոսի 5-ին, Արցախի Հանրապետության կառավարության փաստաբան Ռոման Երիցյանը հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի՝ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 17Ա շենքը նվիրատվության պայմանագրով օտարելու վերաբերյալ (այժմյան հասցեն՝ 17/2)։
Այս դատական գործը մակագրվել է դատավոր Աշոտ Հովհաննիսյանին։
Այսօր 168.am-ի հետ զրույցում Ռոման Երիցյանը փոխանցեց, որ արդեն դատական նիստ է նշանակվել։
«2026 թվականի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին այս գործով դատական նիստ է նշանակվել»,- նշեց նա՝ շեշտելով, որ առայժմ միակ նորությունը սա է։
Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի վերաբերյալ տեղ գտած ձևակերպումների վերաբերյալ ներկայացվելիք հայցին, Ռոման Երիցյանն ասաց.
«Հաջորդ շաբաթ կներկայացնեմ հայցը, դրա վերաբերյալ այսօր հայտարարություն եմ անելու»,- նշեց նա։
Նշենք, որ պատմության դասագրքում նշված է, որ «2023 թվականի սեպտեմբերի 19-ին ստորագրեց Արցախի լուծարման վերաբերյալ հրամանագիր»։
Հայցվոր կողմը պահանջելու է հերքել Սամվել Շահրամանյանի վերաբերյալ գրքում տեղ գտած տեղեկությունը։