Արցախցիների վերադարձի իրավունքն անօտարելի, անքակտելի միջազգային իրավունք է՝ սահմանված 1951 թվականի Փախստականի կարգավիճակի մասին կոնվենցիայով։ Այդ իրավունքը չի ենթարկվում ոչ ժամանակի, ոչ տարածության, ոչ էլ այլ հանգամանքի։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Վերադարձի իրավունքը դա մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։ Անգամ, եթե արցախցիները դառնան այլ պետությունների քաղաքացի, կապ չունի, նրանց վերադարձի իրավունքն անօտարելի է, իրենց վերադարձի իրավունքը չի ենթարկվում որեւէ քննարկման։ Եվ այն հայտարարությունները, որոնք արվում են, փաստում են քաղաքական անմեղսունակության մասին, կամ այդ մարդիկ ունակ չեն ապահովել եւ պայքարել այդ իրավունքի իրացման համար»,- ասաց նա։
Ալավերդյանի խոսքով՝ արցախցիների նկատմամբ իրականացվել է ահաբեկչություն, ինչի հետեւանքով իրենք լքել են իրենց հայրենիքը։ «Այդ ահաբեկչության մասին գիտեն աշխարհում հայտնի բոլոր լրատվամիջոցները, որոնք լուսաբանել են ադրբեջանական հարձակումները հայկական գյուղերի վրա։ Երբ գյուղացիները գյուղից դուրս էին գալիս, իրենց հետեւից ադրբեջանցիները գյուղերը ռմբակոծում էին։ Այսինքն՝ դա եղել է ահաբեկչություն, եւ ահաբեկչության հետեւանքով նրանք բռնի տեղահանվել են»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ ցանկացած իրավունք մեխանիկորեն չի իրացվում, դրա համար պետք է պայքարել։ Եվ դրա համար պատասխանատվություն կրող կողմը Հայաստանն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ բանակցային գործընթացում հանդես է եկել որպես Արցախի ժողովրդի ու Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր։
«Այսինքն՝ այնպես չէ, որ մենք պահանջում ենք, իսկ Հայաստանի իշխանությունները կարող են անել կամ չանել, դա իրենց պարտականությունն է։ Երբ դա չի արվում, նշանակում է, որ 150 հազար մարդու իրավունքները ոտանարվում են Հայաստանի իշխանությունների կողմից երկու ձեւով՝ անգործությամբ եւ սխալ գործողություններով։ Անգործությամբ, որովհետեւ միջազգային հարթակներում որեւէ աշխատանք չի տարվում այդ ուղղությամբ, սխալ գործողություններով, որովհետեւ ներքին լսարանաի համար կառավարությունն անընդհատ հայտարարում է, թե դա իրականանալի ու իրատեսական չէ»,- հավելեց նա։
Ռոզա Հովհաննիսյան