«Մունք»-ը եւ նորից մունք ունենալու երազանքը

  • 22:46 07.09.2025

2022թ․ Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում ցնծություն էր․ հարեւան գյուղից՝ Մուշկապատից, Աշոտ Ավանեսյանը Հաղորտիում բացել էր առաջին «Մունք» տեխնոդպրոցը։

Դժվարանցանելի ճանապարհներով այս գյուղերի՝ Մուշկապատի եւ Հաղորտու երեխաները դարձան տխնոլոգիական առաջին սերունդը, որոնք Աշոտի իրականացված երազանքի կարեւոր մասն էին։

Տեղահանության օրերին, երբ բոլորն իրենց համար կենսական անհրաժեշտության իրերն էին տեղափոխում, Աշոտի մեքենայում տեղավորվել էին ամենաթանկերը՝ ընտանիքն ու «Մունք»-ին նվիրաբերված տեխնիկան՝ համակարգիչներ եւ այլ սարքավորումներ, ինչպես Աշոտն է ասում՝ ունեցածի 80 տոկոսը։

«Տաշիրում նաեւ «Մունք»-ի շնորհիվ եւ թիմով տեղահանված արցախցիների թիվը կազմում էր շուրջ 1500 հոգի։ Հետագայում այս թիվը տատանվում էր եւ նաեւ ֆինանսական խնդիրների պատճառով դժվար էր ողջ թիմին պահելը»,- պատմում է Աշոտը։

Մի կերպ փրկված տեխնիկայով Աշոտը կենդանի էր պահում ոգին՝ նորից տեխնոդպրոց ունենալու հավատը։

Աշոտի խոսքերից պարզ է դառնում՝ «Մունք»-ը երբեք պարզապես տեխնոդպրոց չի եղել։ Այն կյանքի շարունակություն էր՝ երազանքից ծնված եւ համայնքների համար ապագա ստեղծող գաղափար։

Տեղահանման ցավը կտրեց ամեն ինչ, բայց չկարողացավ կտրել հավատը․ «Մեզ համար ամենակարեւորը երեխաներին կրթություն տալն է։ Որպեսզի նրանք ոչ թե պարզապես համակարգչով խաղալ իմանան, այլ կարողանան աշխատել միջազգային շուկայի հետ, ստանալ արժանապատիվ վարձատրություն եւ ապրել իրենց գյուղերում։ Հենց սա է մեր երազանքը՝ ստեղծել փոքր, բայց կենսունակ տեխնոլոգիական միջավայր յուրաքանչյուր համայնքում, որտեղ կրթությունն ու աշխատանքը ձեռք ձեռքի տված լինեն»,- ասում է Աշոտը։

Տաշիրում, Վանաձորում եւ Կապանում ստեղծված մասնաճյուղերը դարձան ոչ միայն նոր սկիզբ, այլեւ ապացույց, որ գաղափարը չի կործանվում տեղահանությամբ։ Ճիշտ է, ֆինանսական ծանր վիճակները հաճախ ստիպել են հետաձգել որոշ ծրագրեր, բայց նույնիսկ այդ պայմաններում ավելի քան երեք հարյուր երեխա հնարավորություն է ունեցել սովորել ծրագրավորում, ռոբոտաշինություն եւ տեխնոլոգիական այլ հմտություններ։

Նրանցից մի մասը արդեն հաջողությամբ ինտեգրվել է աշխատաշուկային։ «Ուրախ եմ, որ մեր առաջին սաները հիմա ունեն լավ աշխատանքներ։ Նրանց գործատուները գոհ են, եւ սա մեզ համար մեծ խթան է շարունակելու։ Մենք գիտենք՝ եթե այսօր երեխային ճիշտ կրթություն տանք, վաղը նա իր գյուղ բերելու է կայունություն ու հպարտություն։ Սա մեր «Մունքի» ամենամեծ առաքելությունն է»,- ընդգծում է Աշոտը։

Սակայն ամեն օր «Մունք»-ը նոր մարտահրավերների առաջ է կանգնում․ «Երբեմն միայն հարցնում ենք աշխատողներին՝ կոմունալները մուծեու գումար ունե՞ք, ձեռքի փող ունե՞ք»,- ասում է Աշոտն ու ավելացնում, որ թիմի նվիրվածությունը շատ է գնահատում, բայց վատ է զգում արդեն ամիսներ շարունակ չվճարված աշխատավարձներից։

Աշոտն ասում է՝ ամենից շատ ցանկանում է թիմի համար ապահովել նվազագույնը՝ երկու տարվա հստակություն՝ աշխատավարձ տալու հնարավորություն, որպեսզի ուսուցիչները ոչ միայն մնան, այլեւ նվիրվածությամբ կերտեն երեխաների ապագան։

«Եթե կարողանանք գտնել խոշոր աջակիցներ, կկարողանանք լուծել մեր խնդիրների մեծ մասը։ Բայց նույնիսկ առանց դրա՝ չենք դադարեցնելու։ «Մունք»-ը պիտի ապրի, որովհետեւ այն մեր երեխաների երազանքների շարունակությունն է, որովհետեւ գյուղական բնակավայրերում ապրող երեխաները մեծ ներուժ ունեն եւ այդ ներուժը պետք է իրացվի՝ կանգուն պահելով նաեւ գյուղը»,- համոզված է նա։

Մարիամ Սարգսյան