Բռնապետերը ամենուրեք նույնն են, բայց եթե նախկինում բռնապետությունը գոնե պաշտոնապես դատապարտվում էր, ապա այժմ՝ Թրամփի իշխանության գալով, դա դառնում է լավ վարվելակերպի նշան։ Հալածանքներն ու կամայական որոշումները դառնում են օրինական։
Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) կողմնակիցների կողմից Ստամբուլում տեղական կուսակցության ղեկավարության հեռացման դեմ բողոքի ցույց անցկացնելուց հետո, ոստիկանությունը շրջափակել է կուսակցության Ստամբուլի Սարըյեր շրջանում գտնվող գլխավոր գրասենյակի շուրջը գտնվող ամբողջ տարածքը։ Սեպտեմբերի 7-ին, կիրակի օրը, ցուցարարները հավաքվել էին այնտեղ և փորձել էին ճեղքել բարիկադները, հաղորդում է Halk TV-ն։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նշանակված Ստամբուլի նահանգապետը երեքօրյա արգելք է սահմանել մի շարք շրջաններում ցույցերի վրա։
CHP-ի առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել իր կողմնակիցներին երթով շարժվել դեպի կուսակցության գլխավոր գրասենյակ՝ չնայած շրջափակմանը։ «Ով պաշտպանում է Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, պաշտպանում է հանրապետությունը», – նրա խոսքերն է մեջբերում dpa լրատվական գործակալությունը։
Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) վրա ճնշումը շարունակվում է արդեն մի քանի ամիս, և կուսակցությունը կարծում է, որ Թուրքիայի կառավարությունը քաղաքական արշավ է վարում իր դեմ: Վերջին անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 2-ին կայացված դատարանի որոշումից հետո, որը երկու տարի առաջ կուսակցության համագումարում տեղի ունեցած ենթադրյալ խախտումների պատճառով CHP-ի Ստամբուլի ղեկավարության ամբողջ կազմը ազատել է պաշտոններից և նշանակել ժամանակավոր ղեկավար։
DW-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 15-ին նշանակվել է դատական նիստ, որի ընթացքում, ինչպես սպասվում է, կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը ևս կարող է հեռացվել իր պաշտոնից։
Հիշեցնենք, որ CHP-ի առաջնորդներից մեկը՝ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացված Էքրեմ Իմամօղլուն, կալանքի տակ է այս տարվա մարտից: Իմամօղլուն համարվում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը։