Հանցագործության ամենաշահագրգիռ կողմը Հայաստանի իշխանությունն է եւ ինքն է նախաձեռնում այս ամենը

  • 16:03 08.09.2025

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ի՞նչ իրավական հիմքով է Հայաստանի Հանրապետության տարածքը մեկ մարդու կողմից ճանաչվում 29,8 քառակուսի կմ։ Ի՞նչ իրավական ուժ ունի այս առումով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրված համաձայնագիրը։

Լարիսա Ալավերդյանն առաջի հերթին հիշեցնում է,ո ր Ադրբեջանը հրաժարվել է սովետական Ադրբեջանի իրավահաջորդությունից։ Եվ երբ Հայաստանը խոսում է ինչ-որ քառակուսի կիլոմետրերի մասին, հաշվի չի առնում ոչ Ադրբեջանի սահմանադրությունը, ոչ էլ այն հայտարարությունը, որն արվել է նախքան Ալմա Աթայի՝ այդ չարաբաստիկ եւ ամբողջովին ապօրինի հռչկագրի ընդունումը։

Նրա խոսքով՝ ցանկացած անձ, որը ստորագրում է որեւէ փաստաթուղթ՝ հայտարարելով, որ տարածքային ամբողջականության ճանաչման հիմքը Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի 21-ի հռչակագիրն է, հանցագործություն է գործում միջազգային իրավունքի դեմ։ Ոչ թե աղավաղվում է իրավիճակը, այլ ուղղակի հակառակն է ասվում, ինչ գրված է այդ հռչակագրում։

«Բոլոր այն քաղաքագետներ ու փորձագետներ կոչվածները, որոնք ջատագով են վաշինգտոնյան կամ այլ փաստաթղթերի, նրանք կարդացե՞լ են այդ հռչակագիրը։ Հռչակագրի մեջ հստակ գրված է՝ նախկին սովետական հանրապետությունները, որոնք անկախություն են հայտարարել, ճանաչում  են իրար գոյություն ունեցող սահմանները։ Այսինքն՝ այն սահմանները, որոնք կայացել են մինչեւ 1991 թվականի դեկտեմբերի 21-ը։ Այդ տեքստը գրված է ռուսերեն, եւ եթե Ռուսաստանի լինի նախագահը կամ արտգործնախարարը հայտարարում են, որ այդ սահմանները, որոնք պետք է ճանաչվեն, ձեւավորվել են 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, նրանք բոլորը չարամտորեն, կանխամտածված աղավաղում են այն միջազգային պայմանագիրը, որն իրենք կնքել են։ Եվ այս առումով ՀՀ կողմից հայտարարել 29,8 հազար եւ չգտեմ ինչ կիլոմետրեր, նշանակում է, որ նրանք կամավոր ձեւով ուղղակի հանձնում են այն տարածքները, որոնք ժամանակին ազատագրվել են եւ որոնք միջազգային իրավունքի իմաստով երբեւիցե չեն հանդիսացել ժամանակակից ադրբեջանական հանրապետության անքակտելի մասը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը կանխամտածված ու աղավաղված դրվել է եւ նոյեմբերի 9-ի, եւ 2022 հոկտեմբերի 6-ի, եւ վաշինգտոնյան նախաստորգրված փաստաթղթի հիմքում։ Նա նշեց՝ այս գործընթացի ամենաշահագրգիռ կողմը Հայաստանի իշխանությունն է եւ ինքն է նախաձեռնում այս ամենը, եւ ստացվում է, որ միջազգային հանրությունը կանխամտածված Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի իրավունքներն ուղղակի զրոյացնում են։ Եվ դա անում են ոչ թե Ադրբեջանի օգտին, այլ իրենց կարճատեւ աշխարհաքաղաքական նպատակների համար։ «Զանգեզուրյան կոչված ճանապարհի պատճառով Հայաստանն ամբողջովին կտրվում է արտաքին աշխարհից, քանի որ արտաքին աշխարհի հետ առնչվելու իր միակ ճանապարհներն Իրանն ու Վրաստանն են։ Քանի որ մենք տեսնում ենք, որ նաեւ Վրաստանն է շնորհավորում Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» համար, նշանակում է, որ նա եւս անուղակի ձեւով ոտնահարում ու իջեցնում է ՀՀ ինքնիշխանության մակարդակը»,- հավելեց Ալավերդյանը։

Ռոզա Հովհաննիսյան