Սյունիք․ մերն է, բայց կարծես օտար․ ինչ արժե Գորիսից Կապան գնալը

  • 15:16 10.09.2025

Կոռնիձոր

Շատերը կհամաձայնեն, որ Սյունիքի ամենակոկիկ ու բարեկարգ քաղաքը Գորիսն է: Այսօր էլ քաղաքապետարանը շարունակում է վերանորոգել փողոցներն ու մայթերը, փորձում են պահպանել քաղաքի դիմագիծը եւ այլն: Ինչեւէ, հենց գորիսեցիներն են ասում, որ լուսանցքում են մնացել, ինչ Ղարաբաղն ու Կապան-Գորիս ճանապարհը չկա: «Ախպեր, քեզ ո՞նց ասեմ, համարիր, որ մի անկյունում ենք հայտնվել: Իրանցիները հենց այս ճանապարհով էին անցնում, շինանյութ, մթերք, ինչ ասես գնում էինք նրանցից, հյուրանոցները լիքն էին, ամբողջ Ղարաբաղն այստեղով էր անցնում, շարժ կար, բայց հիմա ինքդ ես տեսնում ինչ վիճակ է”, բոքոքում է տեղացի մի տաքսիստ:

Բայց Գորիսի «մեկուսացումը» դեռ ոչինչ, բանն այն է, որ նրա հարակից գյուղերն ու մարզկենտրոն Կապան գնալն իսկական մարտահրավեր է: Դեպի բոլորին հայտնի Խնածախ ու Խոզնավար գյուղեր տրանսպորտ չի աշխատում, իսկ տաքսիստները 4-5 հազար դրամ են պահանջում` 15 րոպե ճանապարհի համար: Գորիսից Կապան տրանսպորտը միայն կեսօրին է մեկնում (2.500֏): Ինչպե՞ս, առավոտյան Կապան տրանսպորտ չի՞ գնում, զարմացած հարցնում է եվրոպացի իմ ընկերը, այդ դեպքում տաքսիով գնանք, ասում է նա: Եւ ես սկսում եմ ծանոթ ու անծանոթ տաքսիստներին զանգել՝ք «մաթեմատիկան» հասկանալու համար: Բոլորը գրեթե նույն գինն են առաջարկում. 15-20.000֏ մինչեւ Կապան, նույնքան էլ մինչեւ Մեղրի:

Գներին ծանոթանալուց հետո եվրոպացին չի դիմանում ու սկսում է «բարկությունն» իմ վրա թափել: Բայց ես Երեւանից մինչեւ Գորիս ընդամենը 30.000֏ եմ վճարել, սա էլ այն դեպքում, երբ ինձ Զվարթնոցից մինչեւ հյուրանոց են բերել։ Ինչպե՞ս կարող է Գորիսից մինչև Մեղրի 40.000֏ լինել (Google Maps-ում նորից ճշտում է Գորիս-Կապան հեռավորությունը, ասես մի բան սխալվել է): Շփոթված՝ ուրիշ տաքսիստների սկսեցի զանգել: Հերթականն ինձ խնդրեց մի քանի րոպե սպսել իր հետզանգին և քիչ անց ասաց, որ պատրաստ է 30.000֏ տանել մինչեւ Կապան, մի այդքան էլ մինչեւ Մեղրի: 60.000֏՝ սա էլ qեզ «զեղչ»: Այդ ընցքում ես հիշեցի, որ Երեւան-Կապան չվերթն ընդամենը 20.000֏ է (պատկերացնո՞ւմ եք, եթե Գորիսից մեկնեք Երեւան ու թռնեք Կապան, ավելի էժան է ստացվում, քան պարզապես տաքսիով Գորիսից Կանապ գնաք), հիշեցի, որ ճանապարհներն այլեւս վերանորոգված է, հիշեցի, որ տաքսու մինիմալը Գորիսում 600֏ է, որ Yandex ու GG չկա ու որ տաքսիներն ամբողջ օրը կայանած հաճախորդի են սպասում քաղաքի կենտրոնում:

Ինչեւէ, այլընտրանք չունենալով, մենք որոշեցինք օգտվել տաքսու ծառայությունից եւ Կապան ու Մեղրի մեկնել: Ընդհանրապես, Տաթեւի վանքն անցնելուց հետո, տպավորություն է, որ արդեն Իրանում ես: Գրեթե միայն դեղին համարանիշերով իրանական բեռնատարներ են հանդիպում կամ իրանցի զբոսաշրջիկների ավտոբուսներ: Այդպիսի մի մեծ ավտոբուս վաղ առավոտյան կայանել էր Tatev Food Court-ի դիմաց, մենք էլ որոշեցինք սրճի համար կանգնե0լ, քանի որ հնարավոր չէ առավոտ 10-ից շոտ բաց սրճարան գտնել (10-ից հետո սուրճն ո՞ւմ է պետք, ինչպե՞ս եք պատրաստվում տուրիզմ զարգացնել, երբ բաց սրճարան չկա քաղաքում», եւս մի եվրոպական «մուննաթ» իմ վրա եմ վերցնում):

Տաթեւում իրանցի մի զբոսաշրջիկ զրույցի է բռնվում իմ հետ.

-Որտեղի՞ց եք, հարցնում է բաց շրթներկով իրանցի աղջիկը:

– Ղարաբաղից, ասում եմ ես:

– Ղարաբաղի՞ց, ճշտում է նա:

– Այո, պատասխանում եմ ես:

– Դա Եվրոպական միությունն է, չէ՞, հարցնում է նա:

– Դեռ ոչ, ասում եմ ես ու ավելացնում. Ղարաբաղը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է: Այնտեղ պատերազմ է եղել…

— Ա՜, Ադրբեջան…

Իրանցի աղջկա եւ անգլերենն էր վատ, եւ պատկերացումները տարածաշրջանի մասին:

Քաջարան, Կապան

 Մինչեւ Կապան հասնելն արժե մի երկու կադր էլ Քաջարանից վերցնել: Ինքնին պարզ չէ, քաղաքն է հանքի մեջ, թե հանքը քաղաքի: Բեռնատարներն ու բուլդոզորները մրջուններ են թվում, ասես իրենք չեն այդ հսկա աստիճանների «ճարտարապետները»: Ամբողջ փոշին ամպի պես կախված էր քաղաքի վրա: Տեղացիներն ասում են, որ դա իրենց միակ եկամտի աղբյուրն է եւ որ անգամ Երեւանից են գալիս` այստեղ աշխատանք գտնելու համար: Ասում են նաեւ, որ նախկինում վրացի էր հանքի տերը, հիմա` ռուս: Քաջարանի կենտրոնի թեթեղե տանիքներով հյուղակների հարեւանությամբ հնգհարկերը ինչ-որ տարօրինակ գույնով են ներկել, ինչ ներկ պահեստում մնացել էր, հավանաբար, քաղաքին աշխույժ տեսք տալու մղումով: Մի խոսքով, ցավալի է տեսնել, որ այդքան հարստություն կա Սյունիքում, իսկ նրա քաղաքներն ու գյուղերն այս տեսքն ունեն, ինչպես Ռուսաստանի կորած քաղաքները (Բեյզ մեթլզը գոնե թոզ էր փչում ղարաբաղցիների աչքերին ու փող ծախսում Դրմբոնում կամ Ստեփանակերտում՝ Վալեքս հյուրանոցն, բան):

Կապանն իրոք շփոթեցնող է: Քաղաք մտնելիս միանգամից օդանավակայանն ու ադրբեջանական դիրքերն ու դրոշներն են ուշադրություն գրավում: Պարապությամբ ու առանց ինքնաթիռների թռիչքուղի Ստեփանակերտի օդանավակայանն է հիշեցնում: Նորերս էլ պարզվեց, որ միակ օդանավը տեխնիկական սպասարկման կարիք ունի ,եւ չվերթները ժամանակավորապես դադարեցվում են:

Ողջին դադարել է գետ լինել, ինչ նրան շատրվան են դարձրել․ նրա երկայնքով տնկիները, չդիմանալով շոգին, թառամել եւ չեն պատրաստվում ծառ դառնալ, ալյումինե ֆասադներով խանութների դիմաց «ադիդաս» ու «նայկ» հագած մանեկենները հաճախորդի են սպասում, հին ավտոբուսներով քաղաքացիները կանգնած ու նստած ընդմիջման են գնում: Պետք է քանդել այս շենքերն ու նորը կառուցել, ասում է իմ ծանոթը Փարիզից: Նորը կառուցելու համար քաղաք կա, որ կոչվում է Երեւան, ասում եմ ես: Գնանք Մեղրի, քմծիծաղ է տալիս նա: Ամեն դեպքում, Կապանում ժենգալով հաց թխող կանայք ինձ ասացին, որ Երեւանից հետո Կապանն է, որ արցախցիներ այստեղ շատ կան, եւ վարձերն այստեղ գրեթե երեւանյան են: Ի դեպ, նրանք շատ գոհ էին Կապանից. «այստեղ գոնե արխային մեր լուզվավ խոսում ընք, յա մունք, յա ուրանք, քաղաքապետն էլ  հինչավ կարում ծերք ա հսցնում», ասում էին նրանք:

Մեղրի ու Ագարակ

 Դե ինչ, «Թրամփի ուղում ենք»: Կներեք, «Զանգեզուրի միջանցքում», կներեք, «Հայ-իրանական սահմանին», կներեք, «Խաղաղության խաչմերուկում», կներեք, «Մետաքսի ճանապարհին», մի խոսքով` Հայաստանի դեռ սուվերեն տարածքում:

Ոչ Թրամփի աշտարակ, ոչ ամերիկացի զինվորներ չկան այստեղ (գոնե այսօր): Վաշինգտոնյան հանդիպումից հետո ոչինչ չի փոխվել այստեղ: Նույն ժանգոտ վագոնները նույն տեղում կանգնած են, Արաքսն իր հունով հոսում է, նույն փշալարերն ու նույն ճանապարհը, Մեղրի մոլն ու Ագարակի կանգնած կառուսելը: Բոլորն իր տեղում են: Ես չէի կարող սխալվել, որ փողոցն անցնող կինն արցախցի է, չնայած արդեն քառասուն տարի է անցել, ինչ ամուսանցել եւ Հերհերից Ագարակ է տեղափոխվել:

Ագարակցիներն Իրան են գնում ճիշտ այնպես, ինչպես երեւանցիները՝ SAS ու City: Լվացքի փոշի, շաքար, մակառոնեղեն, ինչի կարիք լինում է… իրենց մոտ էժան է, աղջիկս գնում առեւտուր է անում` հետ գալիս, շատ լավ մարդիկ են, մի անգամ փողը շատ էինք տվել, հետեւներիցս կանչել են, ասում է հերհերցի տատիկը: Բոլոր հարազատներիս գերեզմաններն այնտեղ են (Հերհեր), թեման կտրուկ փոխում է նա, սիրտս ուզում է գնալ, բայց անգամ մինչեւ Կապան չեմ կարողանում գնալ, ճնշում ունեմ, սիրտս վատանում է միանգամից:

Քաղաքականությամբ էլ չի հետաքրքրվում տատին, բոլորը որ գնան, ես էլ իրենց հետեւից եմ էլի գնալու, ի՞նչ կարող եմ անել: Որ մի ղարաբաղցի եմ տեսնում, սիրտս մղկտում է, տեղ չունեմ, տղաս ինչ ամուսնացել է, տունն ավելի է նեղացել, թոռներս մեծացել են, բայց այս փոքր տանը երեք ղարաբաղցի եմ հյուրընկալել, երբ եկել են: Չեն մնացել, չգիտեմ, գնացել են բոլորը, կոֆեն խմեք, գոնե պաղպաղակը կերեք, տորթը լավն է, հաց սարքե՞մ, չի հանգստանում տատին:

Մեղրու մասին ավելին իմանալ մեզ չհաջողվեց, քանի որ համայնքապետն արձակուրդում էր, բայց եթե անգամ այդպես չլիներ, չէր ստացվի հանդիպել, քանի որ խոսնակն ասաց, որ ԱԳՆ հատուկ թույլտվություն է պետք նրա հետ զրուցելու համար:

Ի՞նչ է լինելու Մեղրիի հետ, ի՞նչ է նշանակում այս լռությունը, թողնենք երեւանյան փորձագետների «մարգարեություններին»:

Խնածախ, Խոզնավար

Ի տարբերություն Խնածախի՝ Խոզնավարն ավելի գրավիչ է թվում ապրելու համար: Գյուղ տանող ասֆալտը դեռ սեւ է, ֆրանսիացիները մշակույթի տուն են կառուցել, նոր դրոշ ու լոգո են տեղադրել գյուղի մուտքի մոտ, ջրի խնդիր կարծես չկա, անգամ հանքային ջուրն է իզուր ձոր հոսում: Գարնանը հարակից բլուրները հազար տեսակի դաշտային ծաղիկներով են ծածկվում, որ իսկական դրախտավայր է թվում, բայց արի ու տես, որ մարդիկ դրախտում ապրել չեն ուզում: Ոչ միայն արցախցիներ չեն մնացել, ավելին, գույղի ջահելները չեն այստեղ ապրում, պնդում են թե խոզնավարցիները, թե խնածախցիները: Չնայած Խոզնավար տանող ճանապարհը վերջերս են ասֆալտապատել, բայց գրեփթե անցորդ չի հանդիպում եւ անգամ «մեկուսացված» Գորիսից են մեկուսացված թվում սահմանամերձ այս գյուղերը: Կարմիր խաչից ու ԵՄ դիտորդներից բացի մեր գյուղ ոչ ոք չի գալիս, ոչ ոքի հետաքրքիր չէ՝ սաղ ենք, թե մեռած, գազի խողովակը գյուղով է անցնում, բայց մարդկանց կեսը փայտ է գնում, կիսվում է խնածախցի տարեց մի մարդ:

Խնածախում նոր դպրոց են կառուցում երկու համայնքների համար, որի պատերը դժվար են բարձրանում կամ ընդհանրապես չեն բարձրանում: Փողը չեն տալիս, բանվորն էլ թողնում տուն է գնում, պարզաբանում են տեղացիները: Հետո էլ, ինչպե՞ս են ձմռանը երեխաները Խոզնավարից այստեղ գալու եւ ընդհարապես, ինչո՞ւ են որոշել ադրբեջանցիների կողմից դիտարկվող տարածքում շինարարություն սկսել, հարցնում են նրանք:

Գյուղացիներն ասում են, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո կրակոցներ չեն լսում, բայց չգիտեն, թե հրադադարն որքան երկար կտեւի: Չեմ վախենում, բայց ձեռքս չի գնում այգի մշակել, ասում է մի խոզնավարցի: Երբ Ղարաբաղը կար, տոննաներով կառտոֆիլ ու լոբի էի վաճառում այնտեղ, հիմա այս փոքր այգին եմ մշակում միայն: Այնքան, որ սոված չմնանք, տանն ուտելու բան լինի, ասում է նա:

Իմ բոլոր նախնիներն այս գյուղում են թաղված, ասում է խնածախցի մի պապիկ: Ես նստած սպասում եմ, որ  միանամ նրանց: Այսպես որ շարունակվի, միայն մեր գերեզմաններն են որպես ապացույց մնալու, որ այստեղ հայեր են ապրել: Մի ժամանակ կյանքն այստեղ եռում էր, հիմա ծերանոց է դարձել, աշխատանք չկա, երիտասարդները գյուղում մնալ չեն ցանկանում, իսկ մենք ո՞ւր գնանք այս տարիքում, ասում է նա:

Կորնիձոր

Ինչպես Սյունիքի բոլոր սահմանամերձ գյուղերը, այստեղ էլ միանգամից դատարկություն է զգացվում: Միանգամից զգացվում է, որ ջուրը պակաս է: Գրեթե մեկ ժամ փոշոտ փողոցներով շրջելով, մեկին չհանդիպեցի, որ հարցնեմ, թե իմ սփյուռքահայ բարեկամը ում տանն է հյուրընկալվել: Պարզվեց, որ գազարագույն բաճկոններով բանվորները հնդիկներ ու իրանցիներ են, ովքեր դպրոցի հարեւանությամբ երկաթյա հիմնակմախք էին հյուսում: Դժվար թե նրանք հայերեն գիտեն: Վերջապես մի կին հանդիպեց, ով իր դռան մոտ նստած լոբի էր կեղևահանում: Այստեղ էլ արցախցիներ շատ չեն մնացել, բայց կինն ասում է, որ մի քանի ընտանիք որոշել են մնալ: Մեկը կա, շատ աշխատասեր մարդ է, հազարավոր լորեր է պահում, անգամ Երեւանից են գալիս ձու գնելու համար, հսկա կարողությունով խանութ է աշխատացնում։ Բայց հիմնականում չեն մնացել, Գորիս, Երեւան են գնացել: Զրի պակասը հաստատեց այս կինը, ամռանն ավելի է պակասում ջուրը, առավոտյան եւ երեկոյան են տալիս, մարդիկ այգի են ջրում, չի հերիքում, ասում է նա:

Գիտեք ի՞նչ, ամենկարեւորը, որ խաղաղություն լինի: Ասենք 90 թվին պատերազմ է եղել, բայց այսքան չենք վախեցել: Գրադը դիմացի տունը ավիրել է, հիշում եմ, գոմ էր վառվել: Բայց 2020 թվից հետո այստեղ կրակոց չի եղել, թե ինչու, չգիտեմ: Ընդամենը 50 մետր են ադրբեջանցիները մեզանից հեռու, բայց ոչ մի վտանգավոր բան չենք տեսել: Ամեն դեպքում, առաջվա գյուղը չէ, արոտավայր չկա, մարդիկ չեն կարողանում անասուն պահել, ինչ Ղարաբաղը չկա, մենք ենք սահման դարձել, ասում է նա:

Աշխատանք չկա, երիտասարդները չեն ամուսնանում, ասում են հարս բերեմ, որտե՞ղ պահեմ: Այստեղից գնում են Քաջարան աշխատում: Ինչ անե՞ն, ծնողների՞ց ծխախոտի փող ուզեն: Կողքի տանը Հադրութից մի ընտանիք կա, շատ դժվար են ապրում: Թեկուզ դեմ են Փաշինյանին, բայց 16 միլիոն փող է տալիս տուն կառուցելու համար, իսկ մարդիկ չեն ուզում, ասում են սահման է: Չգիտեմ, դժվար է, ասում է կորնիձորցի կինը:

Երկրորդ բնակչին, որ ես հանդիպեցի, առաջինը մոտեցավ ինձ, բարեւեց եւ սկսեց մի հարցը մյուսի հետեւց տալ: Ո՞վ եմ, ինչո՞ւ եմ եկել, որտե՞ղ եմ գնում, որտեցաղի՞  եմ, որտեղի՞ց եմ եկել: Երիտասարդին ոչ թե այս հարցերի պատասխաններն իմնալն էր հետաքրքիր, այլ զուտ հարց տալու պրոցեսը: Նույն հարցերը գրեթե մի ճաղատ մարդ է տալիս պատշգամբից, ով ենթադրում եմ՝ երիտասարդի հայրն էր:

Հենց Ստեփանակերտի՞ մեջիս ես, հարցնում է նա: Այո, ասում եմ ես: Բա ինչո՞ւ ես եկել այստեղ (տոնից զգացվում է, որ իմ ստեփանակերտցի լիները չի նրան հետաքրքիր, այլ ինչ որ բան է ուզում ասել): Եկել եմ մաքուր օդ շնչել, պատասխանում եմ ես: Ի՞ նչ է, Ստեփանակերտի օդը կեղտոտ էր, հեգնում է նա եւ ավելացնում. չտեսանք մի ղարաբաղցի գա այստեղ, Քիրսին նայե եւ ախ քաշի… թթու ասում է նա` ակնարկելով նույնը, իբր ղարաբաղցիները փախել են, չեն կռվել եւ այլն:

2023թ. հետո այսպիսի բաներ շատ եմ լսել իմ հասցեին (անգամ Սյունիքում. …այնքան զենքը ո՞նց չօգտագործեցիք, գիտե՞ս ինչ թվանոց ջիպերով են եկել մեր քաղաքով փախել… սա ասում էր մեկն, ով իր պնդմամբ միշտ Ռուսաստան է ապրել եւ եկել է հայրենի քաղաք` ամառն անցկացնելու համար): Նման դեպքերում ես միշտ կամ հումորով եմ պատասխանել, կամ ուշադրություն չեմ դարձրել, համարելով, որ Ժվանեցկին ճիշտ էր ասում. «եթե հիմարի հետ վիճում ես, ավելի շուտ նա նույնն է անում»:

2023թ. հետո սա իմ երկրորդ այցն է Կորնիձոր, երկու դեպքում էլ գործ եմ ունեցել տեղի «հակահետախուզության հետ: Ամիսներ առաջ երբ այստեղ էի, տեղացի մեկն ինձ արգելում էր Բերձորը նկարել, այս անգամ էլ մի երիտասարդ մոտեցավ, ում չափազանց հետաքրքիր էր, թե մենք ով ենք, ինչու ենք գյուղ եկել եւ այլն… Ես մտածեցի, որ միեւնույն բարբառով խոսելը կփարատի նրա բոլոր կասկածները, սակայն վերջինս պնդեց, որ պետք է լուսանկարի իմ սփյուքահայ ծանոթին: Երբ ես հարցրի, թե ինչպե՞ս է առանց մարդուն հարցնելու ուզում նկարել, նա որոշեց Իխշան Փարավոնիչի ասած չուստրիություն անել. Լավ, արի սելֆի անենք, ասաց նա: Պատկերացրեք, մարդն իր արցախցի նախնիների բարբառը սովորելու եւ բարեգործական ծրագրերով եկել է Կորնիձոր, պատին դեմ տալիս ու փորձում որպես «շպիոն» նկարել (ի՞նչ օյին բերեց մեր գլխին էս շվեյցարացի մոտոցիկլիստը):

Բայց կարեորը «շպիոն» Օնիկի մոլուցքը չէ եւ բոլորովին նպատակ չկա ծաղրել այս մարդկանց (նույնն Արցախում էր ի դեպ): Հասկանալի է նրանց զգուշավորությունն ու վախերը, չնայած վատ չէր լինի, երբ շինարար ես, քո գործով զբաղվես, մենք էլ` մեր: Բայց միթե՞ սահմանամերձ գյուղերում այսպիսի մթնորոլ պետք է լինի, պետք է վախենա՞նք այնտեղ այցելել, ճոպանուղի ու վանքե՞ր միայն: Հետաքրքիր է, որ Խնածախում ու Խոզնավարում, որտեղ կրակահերթերի տակ էին քնում մարդիկ, այսպիսի երեւույթներ չկան: Շատ սրտացավ են արցախցիների հանդեպ, ասում են, որ իրենք շատ լավ են հասկանում ամեն ինչ, որ իրենք են հիմա այդ օրին եւ այլն:

Սյունիքում կառուցվող ճանապարհները դեպի գյուղեր են տանում, որտեղ կյանքն այսպիսին է:

Մարութ Վանյան