Արցախի հին բնակավայրերից է Խանցք գյուղը։ Ըստ ավանդության գյուղի տարածքը խաների հանգստավայր է եղել, որտեղից էլ առաջացել է անունը: Խանցքի կենտրոնական մասում, որը կոչվում է “Եղցուն հարթ”, գտնվում էր Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Պատերի մեջ տեղակայված խաչքարի վրայի արձանագրության տվյալներով այն կառուցվել է 1230 թվականին: Գյուղի պատմամշակութային հուշարձանները՝ խաչքար (XIII դ.), գերեզմանոց “Ջուխտակ խաչ” (XII-XIII դդ.), աղբյուր (XIX դ.), Սբ. Հովհաննես եկեղեցի (XIII դ.), մատուռ (XIII դ.), գյուղատեղի (XIII դ.), Վարդապետի խութ (XI դ.), վկայում են, որ գյուղը դարերի պատմություն ունի։
Խանցքը շրջապատված է փարթամ անտառներով՝ հարուստ բուսական ու կենդանական աշխարհով: Անտառներում աճում են համարյա բոլոր տեսակի ծառեր ու թփեր: Կարելի է հանդիպել արջի, եղջերուի, վայրի խոզի, նապաստակի և այլ կենդանիների: Հենց այդ անտառներն էին կերակրում ձորակի բնակչությանը տարիներ շարունակ։
Անարատ բնության մեջ ապրող և արարող Խանցքի ժողովուրդը բարի, աշխատասեր ժողովուրդ է, իհարկե իր յուրահատուկ տեսակով։ Սիրում են հողի հետ կռիվ տալով ապրել ու բարիքներ ստեղծել: Իսկ ինչպիսի՜ պարծանքով էին նրանք իրենց արտադրանքը ներկայացնում հյուրերին, ասելով՝ ամեն ինչ անարատ է, բնական։
2023-ի ամռանն առիթ էր եղել այցելելու արցախյան հրաշալի այդ գյուղը։
Պարզ ու արևոտ օր էր: Երբ մտանք գյուղ, մեր ուշադրությունը գրավեցին կանոնավոր մշակված բանջարանոցները, որտեղ մարդիկ ինքնամոռաց աշխատում էին: Ասես զրուցում էին հողի հետ, նրան սեր տալիս, առատ բերք խնդրում․ չէ՞ որ հողն էր նրանց կերակրողը: Բանջարանոցներից մեկում փորքամարմին մի տատիկ քաղհան էր անում: Մոտեցանք, բարևեցինք։ Դժվարությամբ ուղղեց մեջքն ու մեզ նայեց հանդարտ հայացքով… Լիդա տատիկը, այդպես էր նրա անունը, աշխույժ զրույցի բռնվեց մեզ հետ:
Գյուղի ամենաաշխատասեր կանանցից էր։ Ե՛վ խոսում էր, և՛ ծանոթացնում իր ձեռքերով ստեղծած բանջարանոցի հետ, որն իսկական դրախտավայր էր հիշեցնում։ Զրույցի ընթացքում տարեց կնոջ խորշոմներով պատված ձեռքերը շարունակում էին աշխատել։ Մեկիկ-մեկիկ ցույց տալով այգու պտղատու ծառերը՝ չի կարողանում զսպել ուրախությունը։ Ասում է՝ այս ծառերն ինձանից հետո երկար-երկար դեռ բերք են տալու։ Ապագա սերունդների համար եմ ստեղծել, նրանց համար եմ չարչարվում: Իսկ այս լոբին ու վարունգը կտանեք ձեզ հետ, ամեն ինչ բնական է։ Առարկություն չեմ ընդունում։
Չէինք նկատել, որ սրտաբաց կինը մեզ համար բարիքներ է հավաքել մի քանի րոպեում:
Լիդա տատիկը չգիտեր, որ որոշ ժամանակ հետո իր կամքին հակառակ ստիպված է լինելու լքել հարազատ գյուղը ու հաստատվել մի բնակավայրում, որտեղ հողի հետ աշխատելը պարզապես երազանք է դառնալու:
Գյուղամիջով քայլելով և մարդկանց հետ զրուցելով հասանք Խանցքի համայնքային կենտրոն: Վազելով մեզ ուղեկցում էին գյուղի մանուկները, ովքեր զարմանքից ու հետաքրքրությունից լայն բացված աչքերով մեզ էին նայում՝ փորձելով կռահել, թե ով ենք, ինչու ենք եկել։ Փոքրիկներից անմեղություն ու մաքրություն էր հորդում։ Մի՞թե սա չէ իսկական երջանկությունը, մի՞թե մարդն այստեղ իրեն լիիրավ տեր չի զգոum: Այս փոքրիկ համայնքում յուրաքանչյուր ոք տեր էր․ տեր իր հող ու ջրին, իր տանը։ Այստեղ մարդիկ պարզապես երջանիկ էին։
Հասնում ենք Խանցքի համայնքային կենտրոնի նոր, հարմարավետ շենքը։ Գեղեցիկ և լուսավոր շենքում տեղակայված էր նոր մշակույթի տունը, գրադարանը, հանդիսությունների սրահը: 2015 թվականին գյուղում մեծ շուքով նշվել է համայնքային կենտրոնի բացման արարողությունը: Այն կառուցվել էր Հայաստան համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համատեղ միջոցներով:
Համայնքի ղեկավար Առնոլդ Աբրահամյանը սիրալիր ընդունում է մեզ։
–Խանցքի բնակչությունը կապված է հարազատ հողին: Մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Բնական մթերքների պահանջը միշտ էլ կա, իսկ մեր գյուղացիներն աշխատող և ստեղծող մարդիկ են: Ապրում ենք մի սկզբունքով՝ լինել համերաշխ ու սատարել միմյանց: Հենց դա է օգնում, որ ապրենք հանգիստ, խաղաղ և վայելենք մեր ձեռքերով ստեղծածը: Շրջափակման մեջ լինելով արցախցին ավելի սրտացավ ու կարեկցող է դարձել։ Մեր գյուղի բերք ու բարիքը հասցնում ենք Ստեփանակերտի բնակչությանը։
Համայնքի ղեկավարը հպարտությամբ էր ասում, որ գյուղից արտահոսք չկա։ Ի՞նչ իմանար․․․
Առնոլդ Աբրահամյանի նախաձեռնությամբ նոր էին մաքրվել ու բարեկարգվել գյուղի գերեզմանոցի, հուշարձանների շրջակա տարածքները, ինչպես նաև մաքրման աշխատանքներ կատարվել ներհամայնքային տարածքում։ Շրջվարչակազմի աջակցությամբ իրականացվել է գերեզմանոցի ցանկապատումը։ Այդ բոլոր աշխատանքներին մասնակցել են նաև ոչ գյուղաբնակ խանցքեցիները։
Խանցքում ապրում էին հարազատ գյուղը երբեք չլքելու մտադրությամբ։ Մարդիկ ծրագրեր ու նպատակներ ունեին ու չգիտեին, որ 2023-ի սեպտմբերը մեծ աղետ է բերելու իրենց գլխին։ Սեպտեմբերի 24-ից հետո բնակչությունն սկսեց տեղահանվել գյուղից։ Նրանք այնտեղ թողեցին ամենասուրբը՝ հարազատների շիրիմները, հիշողությունները։ Խանցքեցիները սփռվել են աշխարհով մեկ։ Մի մասը մեկնել է արտերկրներ, մյուս մասը մնացել Հայաստանում։ Որտեղ էլ բնակվեն, միևնույն է, նրանք ապրում են հարազատ գյուղի հիշողություններով ու տուն վերադառնալու երազանքով։
Տեղահանությունից հետո համայնքի ղեկավարը շարունակում է ամուր կապ պահել համագյուղացիների հետ՝ հնարավորության սահմաններում աջակցելով նրանց։
Հ․Գ․
Խանցք գյուղում են ծնվել տնտեսագիտության թեկնածու Սամվել Կարապետյանը, բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ