Արարատ Միրզոյան․ սահմանազատման հարցում կարող են նորություններ լինել

  • 17:42 10.09.2025

«Մենք ճանապարհի սկզբին ենք դեռ, խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղություն հոգատարություն ու զգուշություն է պահանջում՝ յուրաքանչյուր շրջանառվող բառի ու փաստաթղթի տեսանկյունից։ Ի վերջ չժխտենք՝ թշնամանքի պատմություն կա երկար, արյան պատմություն կա ժողովուրդների միջեւ։ Նույնիսկ, եթե առաջիկայում մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միեւնույն է, չենք կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ, ամբողջական խաղաղությունը հաստատված է»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթին։

Նա հավելեց․ «Շատ պարզունականացնելով՝ մենք նկատի ունենք, որ առայժմ այս պահին կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալյացիայի ռիսկեը մինիմալ է, զրոյի է ձգտում, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է»։

Ըստ նրա՝ կան խնդիրներ, օրինակ, գերիների հարցը։ «Ցավոք չունենք ամբողջական վերջանական հարցի լուծում»,- ասաց նա։ Ըստ նրա՝ եթե երկու երկիր ասում են՝ խաղաղություն ենք հաստատում, առաջին հերթին պետք է հումանիտար հարցերը կարգավորել։ Նա ասաց, որ գերիների ազատ արձակման հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, այսօր էլ այդ աշխատանքները շարունակվում են։

Արարատ Միրզոյանն ասաց, որ վաշինգտոնյան համաձայնությունների շրջանակներում այսօր աշխատում են ապաշրջափակման ուղղությամբ։ «Ենթադրում ենք, որ շփումներն առաջիկայում կինտենսիվանան ամերիկյան գործընկերների հետ՝ հասկանալու հայաստանյան երկաթուղու, մյուս ենթակառուցվածքների հետ կապված հարցերը։ Հիշո՞ւմ եք, ասել ենք, որ ոչինչ համաձայնեցված չէ, բացի նրանից, ինչ գրված ու հրապարակված է։ Հետեւաբար, բազմաթիվ տեխնիկական պայմաններ կան, որոնք պետք է բանակցվեն։ Մեր շահն է հնարավորինս արագ հասնել ապաշրջափակման, որովհետեւ մարդիկ միշտ ասում են՝ Ադրբեջանի անցում Հայաստանով դեպի Նախիջեւան, բայց ճիշտ նույն չափով, նույն պայմաններով մենք ենք ապաշրջափակվում։ Ժողովուրդ ջան, չմոռանանք, ՀՀ-ն 30 պյուս տարիների երկու կողմից եղել է շրջափակման մեջ, հիմա մենք ենք հնարավորություն ստանում»,- նշեց նա։

Միրզոյանը կրկնեց, որ «ապաշրջափակումը լինելու է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում եւ փոխադարձության սկզբուքններով»։

Արարատ Միրզոյանը հավելեց, որ աշխատանք է տարվում նաեւ ադրբեջանական կողմի հետ, սահմանազատման հարցում կարող են նորություններ լինել։