«Ամենաթեժը միայնակ կամ մինչեւ երեք հոգանոց ընտանիքների բնակարանային խնդիրն է»

  • 18:17 11.09.2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի վերաձեւավորման փուլը դեռ չի ավարտվել, ներքին հանդիպումները շարունակվում են։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը։ «Մարդիկ կան, ովքեր ցանկանում էին լքել խորհուրդը, բայց այս պահի դրությամբ կարծես թե ժամանակավոր դադարեցված է այդ պրոցեսը՝ ոչ ընդունում ենք, ոչ հեռացնում։ Իհարկե, համագործակցում ենք այն բոլոր կազմակերպությունների հետ, որոնց հետ մինչ այս աշխատել ենք»,- ասաց նա։

Սայիդա Պողոսյանի խոսքով՝ արցախցիները շարունակում են դիմել խորհրդին տարբեր հարցերով։ Այս փուլում մարդկանց հիմնականում հուզում են բնակարանային հարցերը։ «Ամենաթեժը միայնակ կամ մինչեւ երեք հոգանոց ընտանիքների խնդիրն է։ Մյուս խմբերը հնարավորինս կարողացել են օգտվել բնակապահովման ծրագրից, բայց մինչեւ երեք հոգանոց ընտանիքները չեն կարողանում բնակարան գնել անգամ ամենասահմանամերձ գյուղում»,- հավելեց Սայիդա Պողոսյանը։

Նշենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը երեկ ասել էր, որ վերոնշյալ ընտանիքների համար այլընտրանք կառաջարկի կառավարությունը։ Հարցին, թե տեղյա՞կ են, ի՞նչ ծրագիր է մշակել կառավարությունն այս ընտանիքների համար, Սայիդա Պողոսյանը պատասխանեց․ «Փաթեթը դեռ մեզ չեն ներկայացրել, սպասում ենք իրենց լուծումներին։ Մինչեւ այս էլ էին խոստացել, ցավոք, արդեն երկու ամիս անցել է, բայց իրենց կողմից լռութուն է։ Եթե ճնշումը մեծանա, իրենց որոշումներն էլ ի օգուտ արցախցիների կլինեն»։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված խորհրդի պասիվությունն այս փուլում, Սայիդա Պողոսյանը պատասխանեց․ «Մենք համախմբվել էինք որոշակի խնդիրներ լուծելու համար, քչից-շատից ստացվել է այդ խնդիրները լուծել՝ տարբեր ոլորտներում հսկայական աշխատանք ունենք կատարած եւ կատարում ենք։  Մարդիկ իրենց գործերը թողած՝ զբաղված էին այս աշխատանքով՝ Արտակ Բեգլարյանը, Ապրես Մարգարյանը, Արտակ Մկրտչյանը եւ այլոք։ Մի փոքր դադար վերցնելով՝ հնարավոր եղավ կարգավորել աշխատանքները, որ նորից վերադառնանք խորհրդի աշխատանքների համակարգմանը։ Իհարկել, որոշումները դարձյալ կոլեգիալ են կայացվելու, նույն սկզբունքով առաջ ենք գնալու»։

Ռոզա Հովհաննիսյան