Պատրաստվում ենք հաջորդ տարի խելացի անասնաֆերմա կառուցել

  • 18:53 11.09.2025

Արսեն Սարգսյանն Արցախից է․ զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Տակավին երիտասարդ տարիքում էր, երբ որոշեց աշխատել հողի հետ ու առաջին քայլերն սկսեց անել 2009 թվականին Արցախի Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքային համայնքում։ Զբաղվում էր ձմերուկի, գարու, ցորենի, եգիպտացորենի և սիլոսի ցանքսերով։ Քաշաթաղի շրջան է տեղափոխվել Ասկերան քաղաքից։

Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Արսենը Միջնավանում լայն մասշտաբով հող էր մշակում, առատ բերք ստանում։

2020-ի տեղահանությունից հետո Սարգսյանների ընտանիքն ստիպված էր ամեն ինչ զրոյից սկսել։

-17 տարեկան էի, երբ առաջին անգամ աշխատեցի հողի հետ ու զգացի, որ այդ բնագավառը իմն է։ Միանգամից սիրեցի գյուղատնտեսությունն ու մինչև այսօր հող եմ մշակում։ 2010-2012 թվականներին ԱՀ ՊԲ-ում ծառայելուց հետո՝ վերադարձա տուն ու կրկին սկսեցի զբաղվել վարուցանքով։ Այլ աշխատանք ինձ համար ես չէի պատկերացնում։

2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Արցախում կրկին պատերազմ սկսվեց, առաջիններից մեկն էի, որ կամավորագրվեցի։ Միջնավանի տղաների հետ Արա լեռան տարածքում էինք։ Ծանր օրեր էին․ ամեն օր զոհեր, վիրավորներ, իսկ պատերազմի ավարտը՝ ցավալի։

Միջնավանի կորստից հետո տեղափոխվել ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքը, որտեղ մնացել ենք մոտ 5 ամիս։ Մի կերպ էին անցնում մեր օրերը․ առանց տուն, առանց աշխատանք էինք։ Որոշեցի շրջել Հայաստանի բնակավայրերում, որպեսզի տեսնեմ, թե որտեղ կարող եմ զբաղվել գյուղատնտեսությամբ։ Շրջագայության ժամանակ ինձ շատ է դուր եկել Լոռու մարզը, որտեղ ամեն ինչ Արցախն է հիշեցնում։ Շատ լավ մարդկանց հետ եմ ծանոթացել, մոտիկից շփվել նրանց հետ։ Մի պահ ցանկանում էի հենց Լոռիում էլ հաստատվել, սակայն այնտեղ չէի կարող գյուղատնտեսությամբ զբաղվել, որովհետև հողատարածքների քանակը սահմանափակ է ու հերիքում է միայն տեղի բնակչությանը։

Ընտրեցի Արմավիրի մարզը, որտեղ հողերն ավելի բարենպաստ են։ Ընտանիքով հաստատվեցինք Էջմիածին քաղաքում։ Մոտ մեկ ամիս ուսումնասիրեցի մոտակա գյուղերի հողատարածքները, որպեսզի հասկանամ այստեղի հողի լեզուն։ Անծանոթ տեղում մի քիչ դժվար էր։  Համարձակվեցի և Արաքս, Գայ, Հայկաշեն բնակավայրերի հողատարածքներում սկսեցի նորից զբաղվել գյուղատնտեսությամբ։ Առաջին տարում մեր կատարած շուրջ 100 հա ցանքսերը գրեթե անարդյունք էին, քանի որ լավ չէինք տեղյակ այս տարածաշրջանից և չգիտեինք, որ հողերի 70-80 տոկոսն աղակալած է։ Պարզ է, որ բերք չստացանք, ավելին՝ ընկանք պարտքերի մեջ։ Հաջորդ տարի արդեն գիտեինք, որ պետք է հողը տանենք լաբորատոր զննման, որ հասկանանք, թե որտեղ կարող ենք ցանքս կատարել, որտեղ՝ ոչ։ 2022-ից հետո արդեն լիարժեք տիրապետում ենք Արմավիրի մարզի այս հողատարածքների մասին իմացությանը։

Չեմ կարող ասել, որ շատ գոհ ենք, քանի որ Արցախում գրեթե բոլոր հողերը բարեբեր էին, բերքը՝ առատ, իսկ հող մշակելը մեզ համար՝ հաճույք։ Սակայն այլ ընտություն չունենք։ Այստեղ ենք բնակություն հաստատել, պետք է անտրտունջ աշխատենք, զարգացնենք գյուղատնտեսությունը և ինչու չէ նաև սովորեցնենք հող մշակել ու բարձր բերք ստանալ։ Այստեղ մարդիկ զարմանում են, թե ինչպես կարելի է մեկ հեկտարից այդքան բարձր բերք ստանալ։

Արսենը ծրագրեր ու նպատակներ շատ ունի

 -Անելիքներ շատ կան։ Իհարկե, դժվարություններ ևս ունենք, բայց անելիքներն ավելի շատ են։ Այս երեք բնակավայրերում զբաղվում ենք հացահատիկային մի շարք մշակաբույսերի մշակմամբ և անասնապահությամբ։ Մտադիր ենք եկող տարի ավելացնել անասնագլխաքանակը։ Կրկնեմ, որ Արցախում ավելի հեշտ էր գյուղատնտեսությամբ զբաղվելը, կլիման բարենպաստ էր։ Սակայն այստեղ բոլորովին ուրիշ են կլիմայական պայմանները, և ստիպված ձեռք ենք բերել անձրևացրման համակարգեր, որոնց միջոցով ջրում ենք մեր դաշտերը։

Հայկաշեն գյուղում մտադիր ենք ստեղծել խելացի անասնաֆերմա, որը կապահովի կովերի հարմարավետությունը, ինչպես նաև կերակրման և գենետիկ բարելավման ճիշտ կառավարում: Արդեն նախանշել ենք մեր անելիքները և պատրաստվում ենք հաջորդ տարի սկսել խելացի անասնաֆերմայի, փակ տնտեսության կառուցումը, որպեսզի մեր արտադրած բերքն ու բարիքը փակ տնտեսության ոլորտում իրականացնենք։

Եթե Աստված տա, ու մենք վերադառնանք Արցախ, միանշանակ ինչ այստեղ պլանավորվում ու ձեռնարկում ենք, շարունակվելու է այնտեղ։ Ու ես մտածում եմ, որ այդ օրն անպայման գալու է։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ