Կրկին անգամ հնչեց Արցախի ձայնը:
Մեր հայրենակից Արփինե Հարությունյանը պատվով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկ քաղաքում անցկացվող «Рождённая побеждать!» ամենամյա միջազգային գեղեցկության մրցույթում և արժանանալով «Սպորտի թագուհի» տիտղոսին:
Մրցույթին մասնակցում էին հենաշարժողական խնդիրներ ունեցող կանայք և աղջիկներ Ռուսաստանից ու այլ երկրներից:
“Ավարտվեց իմ կյանքի ևս մեկ գեղեցիկ էջ։ Շատերդ հետաքրքրվում եք մրցույթի արդյունքներով․ իրականում սա դասական մրցույթ չէր՝ չկային հաղթողներ կամ պարտվողներ։ Մենք՝ 12 մասնակից աղջիկներս, յուրաքանչյուրս արժանացանք տարբեր նոմինացիաների։ Արվեստից հեռու լինելով՝ մասնակցեցի «Рожденная побеждать» մրցույթին, որտեղ պետք էր անհատական համար պատրաստել։ Ես ընտրեցի պարը, որովհետև փոքրիկ Արփինեն՝ Արցախի Կոլխոզաշեն գյուղում միշտ երազում էր, որ գյուղում պարի խմբակ լիներ։ Չգիտեի ինչպես կստացվի, բայց ունեի միայն մեկ միտք․ այդ փոքրիկ առիթով, որտեղ պետք է լինեին հարյուրավոր մարդիկ, որոնց մեջ նաև պետական այրեր, ես պետք է իմ պարով «խոսեի» Արցախի մասին, «խոսեի» իմ ամենախաղաղ օրերից, որոնք ընդհատվեցին ամենադաժան ձևով։ Խնդրում եմ խիստ չդատել», ասաց Արփինեն:
Արսեն Աղաջանյան