Լեհաստանը ակտիվորեն պատրաստվում է Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիային: Ռուսական անօդաչու սարքերի Լեհաստանի տարածք ներխուժումից և ռուս-բելառուսական «Արևմուտք – 2025» զորավարժությունների ֆոնին, Վարշավան 40 հազար զինվոր է տեղափոխում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահման, հաղորդում է TVP-ն: Իր հերթին, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան օգնության համար կուղարկեն Rafale և Eurofighter կործանիչներ, իսկ Նիդեռլանդները կտրամադրի երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ:
Այս միջոցառումները ուղեկցում են «Արևմուտք – 2025» լայնածավալ զորավարժությունների մեկնարկին, որոնք կսկսվեն ուրբաթ և կտևեն մինչև սեպտեմբերի 16-ը:
Զորավարժությունների ընթացքում Ռուսաստանը և Բելառուսը կփորձարկեն միջուկային զենքի և հրթիռային համակարգերի, այդ թվում՝ «Օրեշնիկի» կիրառման գործողություններ:
Վարշավան մտահոգություն է հայտնում այս զորավարժությունների ենթադրյալ նպատակների վերաբերյալ, որոնք կարող են ներառել Սուվալկիի ճեղքը գրավելու փորձեր՝ ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածք, որը կապում է Լեհաստանը Լիտվայի հետ:
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին նշել է, որ զորավարժությունների սցենարը ագրեսիվ տեսք ունի և նման է հարևան երկրների վրա Ռուսաստանի նախորդ հարձակումների նախապատրաստական աշխատանքներին, ինչպիսիք էին 2008 թվականին Վրաստան և 2022 թվականին Ուկրաինա ներխուժումները։
Իր հերթին, Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը նշել է, որ լեհական բանակը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները վաղուց են պատրաստվում նման զորավարժությունների և արդեն անցկացրել են զորավարժություններ, որոնց մասնակցել է ավելի քան 30,000 զինծառայող։
Լեհաստանն արդեն փակել է Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը և սկսել է ռազմական տեխնիկայի տեղափոխումը սահման։