«Այս թուղթը բացառապես Ադրբեջանի եւ Նիկոլ Փաշինյանի շահերից է բխում եւ ուժի սպառնալիքի տակ պարտադրված տեքստ է»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրարդառնալով Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթին։
«Փաստաթուղթը, որը ներկայացվել է, ասում են՝ նաեւ Ադրբեջանի նկատմամբ է պահանջներ դրվում։ Ին՞չ պահանջներ է դրվում Ադրբեջանի նկատմամբ, հարգել Հայաստանի ինքնիշխանությո՞ւնը, չեն հարգում։ Թանաքը չչորացած՝ չեն հարգում, ո՞նց եք ապահովելու էդ հարգանքը։ Էդ թուղթը, որը դուք ներկայացնում եք, թե Ավետարանից բացի գրված ամենակարեւոր տեքստն է, հասկանում եք, չէ՞, որ դա Հայաստանի համար որեւէ խնդիր դրական լուծման չի բերում։ Իրականում սա ուժի սպառնալիքի տակ պարտադրված տեքստ է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը գնացել է դրան, որովհետեւ իրեն չեն հետաքրքրում հայկական շահերը, իրեն հետաքրքրում է միայն իր վերընտրության խնդիրը, որ ինքը վեր կենա, ասի՝ ես խոստացել եմ խաղաղություն, ահա այն ստորագրությունը, որը կա։ Եվ դրա համար ինքը պատրաստ է հայկական բոլոր շահերը ոտնահարել։ Դրա համար ինքը չասաց՝ դե ուրեմն բաց տեքստով գրեք, որ Հայաստանն էլ ուղիղ անխոչըդնոտ անցում է ստանում Ադրբեջանի տարածքով, Թուրքիայի տարածքով։ Հայ գերիների վերադարձի հարցը չբարձրացվեց, չասաց՝ չի կարելի միջամտել ներքին գործերին եւ պահանջել Սահմանադրության փոփոխություն ուժի սպառնալիքով։ Արդյոք դա միջամտություն չէ՞, որ Արդբեջանն ասում է՝ ընդդիմությանը թույլ չենք տալու ինչ-որ ռեւանշիստական քայլ անել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
«Հայաստան» խմբակցության պատգաամավոր Քրիստինե Վարդանյանն էլ ասաց․ «Այս փաստաթղթով Ադրբեջանը փակել է Արցախի հարցը, առաջին փաստաթուղթն է, որտեղ որեւէ իրավունք Արցախի վերաբերյալ, որից ծագել է կոնֆլիկտը, չի ամրագրվել։ Հայցերից ամենակարեւորը, որով Ադրբեջանի ղեկավարը մեղադրվում է Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար, պարտավորվել են հետ կանչել։ Պարտավորվել են երրորդ երկրների ուժեր չտեղակայել Հայաստանում, գերիներին վերադարձի կետ չի ամրագրվել, զորքերը հետ քաշելու կետ չի ամրագրվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծաման գործընթաց է սկսվել։ Ադրբեջանն ամրագրել է ռեւանշիզմի դեմ պայքարի կետը։ Հիմա ձեզ պարզ հարց ենք տալիս՝ Ադրբեջանն ամրագրել է այն բոլոր կետերը, որոնք ուզել է, դուք ի՞նչ կետ եք ուզել ամրագրել, որ չեք կարողացել։ Մենք բացահայտում արեցինք՝ 5 անգամ փորձել եք ամրագրել քարտեզ, որով տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, թե որ ուրագծով ճանաչվի, չեք կարողացել։ Ուզեցել եք միջազգային մեխանիզմ ամրագրել, չեք կարողացել»։
Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այս թղթում ամրգարել են, թե կողմերը զերծ են մնում միմյանց նկատմամբ ատելություն տարածելուց, որեւէ թշնամական գործողությունից։ «Մեզ «հիվանդ» անվանելը էս թղթի տրամաբանության մեջ տեղավորվո՞ւմ է, թե՞ չի տեղավորվում։ Դուք պայմանավորվել եք հայցերը հետ քաշել, Ադրբեջանում գերիների դատավարությունը եւ Հայաստանին փաստացի դատելը էդ տրամաբանության մեջ է, թե՞ ոչ։ Քանի՞ անգամ է Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» ասել, Ադրբեջանն ասում է, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են «Զանգեզուրի միջանցք», այլ երկրների ղեկավարներն ասում են, մեզ ասում են՝ դուք մի ասեք։ Մենք ջայլամներ ենք, եկեք գլուխներս մտցնենք ավազի մեջ»,- նշեց նա։
Քրիստինե Վարդանյանը նաեւ հարցադրում հնչեցրեց․ «Քըլըչը ինչո՞ւ է Հայաստան եկել հենց այս պայմանագրի նախաստորագրումից հետո, կարո՞ղ է բավարարվել է Թուրքիայի նախապայմանը»։