Արցախահայության խնդիրները շարունակվում են մնալ անլուծելի

  • 14:19 13.09.2025

Ստեփանակերտ

Շուտով երկու տարի է, ինչ արցախահայությունն իր կամքին հակառակ լքել է իր երկիրը, որտեղ նա ուներ տուն, աշխատանք, սիրած զբաղմունք, հարևաններ, ընկերներ, իրավունքներ։

Ի՞նչ ունի այսօր արցախցին՝ ոչ տուն, որ կայուն աշխատանք, ոչ սիրած զբաղմունք, ոչ իրավունք, իսկ հարևաններն ու ընկերները սփռված են աշխարհով մեկ։ Ի՞նչ անի անտուն ու անգործ արցախցին, ինչո՞վ գոյատևի, ինչպե՞ս մոռանա Արցախում թողած իր կյանքն ու իր ամեն մի օրն ապրի տունդարձ երազելով։ Արցախահայության խնդիրները շարունակվում են մնալ անլուծելի։

Հայաստանի տարբեր բնակավայրերում կարելի է հանդիպել հուսալքված արցախցիների, ովքեր չգիտեն, թե ինչպիսին է լինելու իրենց վաղվա օրը։

62-ամյա տղամարդն Արցախի Ստեփանակերտ քաղաքից է տեղահանվել։ 60 տարեկան կնոջ հետ ապրում է Երևան քաղաքում վարձակալած բնակարանում՝ 130 000 դրամ վարձավճարով։ ՀՀ կառավարության կողմից տրամադրվող ոչ մի սոցիալական աջակցության ծրագրից չեն օգտվում։ Առողջական խնդիրներից ելնելով՝ կինը չի աշխատում, իսկ զրուցակիցս օրեր առաջ է ազատվել աշխատանքից։

Տղամարդը պատմում է, որ Արցախից տեղահանվելուց հետո մի կերպ է կարողացել տեղավորվել իր մասնագիտության համապատասխան։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ է և երկար տարիներ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Արցախում։

 -Արցախում ես և կինս աշխատում էինք պետական հիմնարկներում։ Շուրջ 40 տարվա աշխատանքային ստաժ ունեմ։ Տեղահանվելուց հետո երկար ժամանակ չէի կարողանում ինձ համապատասխան աշխատանք գտնել։ Քանի որ երբևէ փառասեր չեմ եղել, որոշեցի կատարել ցանկացած աշխատանք, որպեսզի կարողանամ գոնե տան վարձավճարը մուծել։ Դե՜ գիտեք, արցախցիները կամ տաքսի են վարում, կամ էլ պահակ աշխատում։ Էլ չեմ ասում, որ ամեն տեղ տարիքդ են հիշեցնում ու շատ գեղեցիկ մերժում դիմումդ։

6 ամիս առաջ վերջապես ինձ հարիր գործ գտա, սակայն այն ժամանակավոր պաշտոն էր։ Հիմա անգործ եմ։ Մտածում եմ՝ վաղը ո՞նց եմ տան վարձավճարը տալու։ Տարբեր տեղեր եմ դիմել, ուղարկել կենսագրականս։ Սպասում եմ, սակայն այնքան էլ վստահ չեմ, որ 62 տարեկան մարդուն, անկախ նրա ունակություններից և փորձից, կընդունեն աշխատանքի։ Այսօր իմ ընտանիքը կանգնել է անելանելի վիճակի առաջ․ ոչ թոշակառու ենք, ոչ աշխատում ենք, ոչ էլ ընդգրկված ենք որևէ աջակցության ծրագրում։ Տուն ձեռք բերելն էլ, կարծում եմ, մեզ համար ընդամենը պատրանք է։ Երկու հոգուն տրամադրվող գումարով ոչինչ չես կարող ձեռք բերել, իսկ բանկերից օգտվել ևս չենք կարող։ Երբեմն մտածում ենք, որ սեփական տուն այլևս չենք ունենա ու ապրում ենք անցյալի հիշողություններով, Ստեփանակերտի մեր տունը մտաբերելով։

Կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը պետք է վերանայի գոյություն ունեցող սոցիալական աջակցության ծրագիրը և օժանդակություն հատկացնի 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց, քանի որ այդ հասակում աշխատանք գտնելը գրեթե անհնարին է։ Մեր ընտանիքը պատրաստ է որևէ մի մարզում ապրել, սակայն աշխատանքի խնդիրն ամենուր է․ Երևանում գոնե աշխատանք գտնելու հույս կա։

Օրեցօր արցախցիների սոցիալական վիճակը վատթարանում է, իսկ խնդիրները՝ ավելանում։ Հուսալքված մարդիկ արտագաղթում են Հայաստանից, հույս ունենալով, որ ուրիշ երկրներում կկարողանան ոտքի կանգնել, սակայն այնտեղ ևս հանդիպում են լուրջ խնդիրների ու նորից վերադառնում՝ հայտնվելով ավելի ծանր կացության մեջ։ Արցախցիներն արտագաղթում են, ոչ թե նրա համար, որ գերադասում են ապրել օտար հողում, այլ նրա համար, որ Հայաստանում, որը մեր հայրենիքն է, չեն կարողանում գոյատևել։ Որովհետև այստեղ տների վարձավճարները շարունակում են աստղաբաշխական մնալ, էլ չենք խոսում աշխատանքով ապահովված լինելու մասին, իսկ մի մասը հեռանում է, քանի որ անարդար է համարում սոցիալական աջակցության խտրականությունը։ Այդ աջակցությունները մեծ օգնություն էին արցախցիներին, քանի որ բոլորն են կարիքավոր ու խոցելի, առանձնապես նրանք, ովքեր դեռևս չեն ապահովվել բնակարաններով։ Ցավով եմ լսում, որ աճում է արտագաղթողների թիվը և ցանկանում եմ, որ Հայաստանում այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի բոլորը վերադառնան։

Մեր զրույցի վերջում արցախցի տղամարդն ասում է, որ իր  ընտանիքը մտադրված է ապրել Հայաստանում, քանի որ մարդ իր հայրենիքում կարող է  ապահով ու վստահ զգալ իրեն։ Նա չի կորցնում հույսը, որ արցախահայության համար անպայման մի լույս կբացվի և հավատում է հավաքական վերադարձի գաղափարին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ