2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հրետանուց և խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ են բացել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի հայկական դիրքերի և բնակավայրերի վրա։ Սահմանին գտնվող ռուսական դիրքերը ժամանակին «հետ քաշվեցին» և որևէ դիմադրություն չցուցաբերեցին։
Ռազմական ագրեսիայի արդյունքում թշնամին առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդ, Վերին Շորժա, Արտանիշ, Սոթք և Ջերմուկ բնակավայրերի ուղղությամբ։ Այս տարածքները մինչ օրս չեն վերադարձվել։
Պաշտոնական տվյալներով՝ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը ունեցել է 224 զոհ։ Այդ իրադարձությունների ընթացքում զոհվել է 4 կին զինվորական, որոնց մարմինները ենթարկվել են անմարդկային կտտանքների։