Սեպտեմբերի 14-ին Մասիս քաղաքում տոնական տրամադրություն էր՝ հագեցած բազմաբովանդակ ու օրվա խորհրդին համահունչ ծրագրերով։ Համայնքն իր հերթական տարեդարձն է նշում։ Սուրբ Թադևոսի եկեղեցում մատուցված Սուրբ պատարագից հետո մեկնարկել է տոնական միջոցառումների շարքը։ Մարզամշակութային հետաքրքիր միջոցառումներն ուղեկցվում էին ցուցահանդես-տոնավաճառով, որտեղ ներկայացված էին ավանդական ուտեստների տեսականուց մինչև ձեռքի զարմանահրաշ աշխատանքներ։ Մասիսի ստեղծարար բնակչությունը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի օրը դառնա իսկական տոն օր։
Տոնական միջոցառումներին մասնակցում են նաև մի խումբ արցախցիներ, ովքեր արդեն շուրջ երկու տարի է, ինչ բնակություն են հաստատել այդ հյուրընկալ համայնքում և աշխատում են համայնքի ակտիվ կյանքի մասնակիցը լինել։
Հրուշակագործ Անյուտա Հովսեփյանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում համայնքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։ Արցախից տեղահանվելուց հետո ընտանիքով Մասիս քաղաքում բնակություն հաստատելուց հետո մասնագիտությամբ ուսուցիչն զբաղվում է հրուշակագործությամբ։ Եվ այդ գործը նա անում է մեծ սիրով՝ աշխատելով արցախյան քաղցրություն ավելացնել Մասիսի առօրյային։ Անյուտան իր “Արցախի համն ու հոտը” բրենդով 2023-ի դեկտեմբերին է մտել քաղցրավենիքի շուկա։
Այս տարի իր տաղավարում ներկայացնում է քաղցրավենիքի ավելի լայն տեսականի։
-Երկրորդ անգամ եմ մասնակցում Մասիս քաղաքի տոն օրվան նվիրված տոնակատարությանը։ Կրկին հիացած եմ կազմակերպված միջոցառմամբ։ Մասիսի համայնքապետարանը, ինչպես միշտ, լուրջ աշխատանքներ է տարել, որպեսզի օրը նշվի հավուր պատշաճի։ Երբ կրկին հրավեր ստացա, ներքուստ հպարտություն զգացի՝ հասկանալով, որ իմ պատրաստած հրուշակեղենն արդեն իսկ ուշադրության է արժանացած։ Միաժամանակ ավելացավ պատասխանատվությունս, որովհետև պետք է ներկայացնեմ Արցախն ու արցախյանը։
Պատրաստել եմ փախլավա, ընկույզով և խորիզով գաթաներ, կաթնաշորով թխվածքներ, տարբեր միջուկներով ռուլետներ։ Գոհ եմ օրվա անցուդարձից․ իմ քաղցր տաղավարի կողքով ոչ ոք անտարբեր չի անցնում,- ասում է արցախցի հրուշակագործը։
Արցախցիների բոլոր տաղավարներն էլ աչքի էին ընկնում իրենց առատությամբ, ձեռքի յուրահատուկ աշխատանքներով և, որ ամենակարևորն է՝ արցախյան համ ու հոտով։ Արցախցիները ցանկանում էին, որ Արցախի անմահական համն ու հոտն զգացվի Արցախից հեռու՝ ամենուր։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ