Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) տասնյակ հազարավոր կողմնակիցներ կիրակի՝ սեպտեմբերի 14-ին, դուրս են եկել Անկարայի փողոցներ: Ըստ Reuters-ի՝ ցուցարարները կարգախոսներ են վանկարկել՝ պահանջելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։
Բողոքի ակցիան տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին կայանալիք դատական նիստից առաջ, որը պետք է քննարկի ԺՀԿ-ի 2023 թվականի նոյեմբերի համագումարի արդյունքները չեղարկելու հարցը, երբ Օզգյուր Օզելը ընտրվեց կուսակցության ղեկավար: Եթե դատարանը անվավեր ճանաչի ԺՀԿ-ի համագումարի արդյունքները, Օզելը կարող է հեռացվել իր պաշտոնից, ինչը կարող է ազդել Թուրքիայի 2028 թվականի նախագահական ընտրությունների ժամկետների վրա և վերադասավորումների պատճառ դառնալ երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում, նշում է Reuters-ը:
«Սա քաղաքական գործ է։ Մեղադրանքները զրպարտություն են։ Մեր ընկերները անմեղ են։ Տեղի ունեցողը հեղաշրջում է, որն ուղղված է ապագա նախագահի, ապագա կառավարության դեմ։ Մենք կդիմադրենք», – հանրահավաքի ժամանակ ասել է Օզելը։
ԺՀԿ-ն 2024 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը և ժողովրդականություն է վայելում հասարակական կարծիքի հարցումներում։ Reuters-ը նշում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ենթադրյալ կոռուպցիայի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ԺՀԿ-ի ավելի քան 500 անդամ։
Մարտին ձերբակալվել է Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը ընդդիմության կողմից առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու 2028 թվականի ընտրություններում։ Սա զանգվածային բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայում, գրում է DW-ն։