«Իրենց ժողովրդին ցույց են տալիս, որ հայերի ինքնության հետ լուրջ խնդիրներ ունեն»

  • 17:45 15.09.2025

«Ադրբեջանցիների կողմից տարածված տեսանյութը սարքած է, պատահական ոչինչ չի լինում, սա սարքել են՝ հերթական անգամ  իրենց հարցերը լուծելու համար»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Արցախի բնակիչ Կարեն Ավանեսյանը ձերբակալվել է Ստեփանակերտում։ Իբր, նա զինված է եղել «Կալաշնիկով» ինքնաձիգով, չորս լիցքավորված պահեստատուփով եւ հինգ նռնակով։ Հաղորդվում է, որ ձերբակալման պահին Ավանեսյանը երեք ձեռքի նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ եւ կրակ բացել ինքնաձիգից։ 

«Ես ավելի շատ դիտավորություն եմ տեսնում, որովհետեւ ով Ստեփանակերտը ճանաչում է, կիմանա՝ մեկ նկարել են Հեքիմյան փողոցում, մեկ նկարել են Սասունցի Դավիթ փողոցում, խառը պատմություն է։ Կամ արդյոք Ստեփանակերտում այդքան տեսախցիկ են դրել, որ մարդուն մեկ կարող է ցույց տալ Հեքիմյան փողոցում, մեկ էլ Սասունցի Դավիթ փողոցում։ Ես մի քիչ վերապահումներ ունեմ այդ մասին»,- ասաց նա։

Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի՝ այսօրինակ ներկայացումներով ադրբեջանիցները փորձում են ցույց տալ, թե հայերը «ռեւանշիստներ» եւ «ահաբեկիչներ» են։ «Կամ էլ Ալիեւն ուզում է նորից ուշադրությունը շեղել եւ հայերին հերթական անգամ ներկայացնել թշնամու կերպարի մեջ։ Չնայած այդ հակահայկական քարոզչությունը երբեք չի դադարել, բայց իրենք անընդհատ այդ քարոզչությունը գեներացնում են, որպեսզի իրենց ժողովրդին ցույց տան, որ հայերն իրենց թիվ մեկ թշնամին են, եւ հայերի ինքնության հետ իրենք լուրջ խնդիրներ ունեն»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։