«Արցախ, էթնիկ զտումից երկու տարի անց». խորհրդաժողով Ֆրանսիայի Ազգային ժողովում

  • 22:59 15.09.2025

2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում գործեց Արցախի Հանրապետության վրա՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները, ինչի հետևանքով եղան բազմաթիվ զոհեր։ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը և այլ բնակավայրեր ենթարկվեցին ռմբակոծման։ Տասը ամիս տևած ամբողջական շրջափակման ավարտից հետո ադրբեջանական զինված ուժերը բռնակցեցին Լեռնային Ղարաբաղը, ինչը հանգեցրեց արցախահայերի բռնի տեղահանման և էթնիկ զտման։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչությունը։

Այս ողբերգական իրադարձությունները հիշելու և դրանց քաղաքական ու իրավական հետևանքները քննարկելու նպատակով Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի կունենա խորհրդաժողով «Արցախ /Լեռնային Ղարաբաղ/, էթնիկ զտումից երկու տարի անց» թեմայով։ Միջոցառումն իրականացվում է պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ։

Խորհրդաժողովին կմասնակցեն Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, համալսարանականներ, լրագրողներ :

Խորհրդաժողովը նպատակ ունի բարձրաձայնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, փաստարկել տեղի ունեցած էթնիկ զտումը և քննարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ քաղաքական ու իրավական հեռանկարները։

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից հետո Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունեցին բանաձևեր, որոնք դատապարտում էին ագրեսիան և Արցախի մի մասի օկուպացիան և կոչ էին անում վերադառնալ 1994 թվականի իրականությանը։

2023 թվականի աշնանային իրադարձություններից հետո Ֆրանսիան նույնպես արձագանքեց, իսկ Արցախի շրջափակման ժամանակ ֆրանսիացի պատգամավորներն ու մունիցիպալիտետների ղեկավարները փորձեցին օգնել հայերին։ Ստեփանակերտում այդ ժամանակ տեղի ունեցան միջոցառումներ, որոնց մասնակիցներն ասումէին՝ մերսի, Ֆրանսիա։

2020 և 2023 թվականներին Ֆրանսիան մի քանի անգամ փորձեց գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և առաջ քաշել Արցախի ի պաշտպանություն բանաձևեր։ Սակայն հայկական կողմին «հաջողվեց» համոզել Ֆրանսիային «չմիջամտել»։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը գնաց Փարիզ՝ համոզելու ՄԱԿ-ին ռուսական զորքերին Արցախում խաղաղապահ մանդատ տրամադրել։ Բազմաթիվ դեպքեր էին եղել, երբ հայ պաշտոնյաները համոզել էին Ֆրանսիային և ուրիշներին չպաշտպանել հայերի իրավունքները՝ սպառնալով մեղադրել պատերազմի հավանական վերսկսման համար։

Իսկ հետո Փաշինյանը Մակրոնին և Շառլ Միշելին առաջարկեց սահմանները որոշել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ Ֆրանսիային դարձնելով ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը։ Ռուսները դա չէին կարող անել՝ չէ որ Մոսկվան առաջինն է խախտել Ալմա-Աթայի պայմանագիրը Ուկրաինայում։

Հիմա Եվրոպան էլ է խոստովանում, որ Ուկրաինայի սահմաններն այլևս չեն լինի Ալմա-Աթայի հռչակագրով։ Բայց Հայաստանի համար որոշումը երկաթյա է։