Ավելի քան 2 ամիս անազատության մեջ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար, երեկ դատարանում իր խոսքում, որը տևեց մոտ 1 ժամ, պնդեց, որ իր հանդեպ քաղաքական հետապնդումը «նաև մտնում է ընդհանուր եկեղեցահալած իրենց թվացյալ այս քաղաքականության մեջ: Անշուշտ, նպատակն ինձ վարկաբեկելն էր, հասարակության լայն զանգվածին ցույց տալու, որ տեսեք, այն հոգևորականը, որին այսքան տարի հարգել եք, հանցագործ է»:
Նա ասել է, որ Փաշինյանը հույս ուներ “Նոր Հայաստան, նոր եկեղեցի” շարժման առաջնորդ ընտրել հենց իրեն՝ սրբազանին, սակայն սխալվեց։ Սրբազանը, որը աջակցեց “հեղափոխությանը”, դադարեց դա անել, երբ 2 օր հետո Փաշինյանն ասաց՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ այս երկրում վարչապետ չի լինի։
«Հետո իրեն գերագույն, գլխավոր հրամանատար կարծող անձը հարբած վիճակում ասաց՝ ո՞վ է, որ կասկածում է իմ կարողությունների վրա։ Եվ դրանից հետո ու միշտ լրագրողները պարբերաբար ինձ անհանգստացնում էին՝ ի՞նչ կասեք այս մասին։ Եվ ես երբևէ չեմ կանչել որևիցե մի լրագրողի, ասել՝ արի, քեզ բան ունեմ ասելու, երբևիցե չեմ մտել ուղիղ եթեր՝ ինչ-որ բան ասելու։ Եվ երբ դրանից հետո լրագրողները հարցրել են՝ ի՞նչ կասեք, ասել եմ՝ պետք է ռազմական հեղաշրջում»,- ասաց Միքայել Աջապահյանը։
Նա նշեց, որ այդ խոսքերը 2020 թվականին ասել է, քանի որ Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է եղել այս երկրի համար, և այդ սպառնալիքը պետք է չեզոքացվի, վնասազերծվի։ «Եվ սա է, որ ասում եմ առայսօր, ասում եմ նաև այսօր»,- ասաց Աջապահյանը։
Լուսանկարը՝ Հետքից