Step1.am-ի զրուցակիցն է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
-Պարոն Ստեփանյան, ձեր տեղեկություններով՝ քանի՞ հայ է մնացել օկուպացված Արցախում։
-Իմ ունեցած տեղեկություններով՝ Արցախում 13 հայ է մնացել։ Դա վերջանական ու ստույգ թիվ չէ, բայց դատելով պարբերաբար ստացված տեղեկություններից եւ ոմանց վկայություններից՝ այդ թիվն է։ Բայց բոլորի անուն-ազգանուններով ամբողջական ցուցակը ես չունեմ։ Արցախում մնացած հայերը հիմնականում տարեցներ եւ առողջական որոշակի խնդիրներ ունեցող անձինք են։
-Բաքվի լրատվամիջոցները հաղորդեցին, թե Արցախի բնակիչ Կարեն Ավանեսյանը ձերբակալվել է Ստեփանակերտում։ Իբր, նա զինված է եղել «Կալաշնիկով» ինքնաձիգով, չորս լիցքավորված պահեստատուփով եւ հինգ նռնակով, երեք ձեռքի նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ եւ կրակ բացել ինքնաձիգից։ Ի՞նչ մանրամասներ եք պարզել այդ դեպքի հետ կապված։
-Քանի որ մենք ամբողջական տեղեկություն չունենք եւ տեղեկությունը ստանում ենք բացառապես ադրբեջանական աղբյուրներից, իսկ ադրբեջանական աղբյուրներին չենք վստահում, հետեւաբար, չենք կարող հստակ ասել, որ այդ դեպքը տեղի է ունեցել կամ հենց այդպես է տեղի ունեցել, ինչպես ներկայացնում են ադրբեջանական աղբյուրները։ Մի ուշագրավ հանգամանք կա, որի վրա կուզեի ուշադրություն դարձնենք։ Մենք ունենք տեղեկություն, որ Ստեփանակերտում որեւէ միջոցառումից առաջ այնտեղ գտնվող հայերին հավաքում էին մեկ ապաստանում։ Զարմանալի է՝ բա այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ այնտեղ միջոցառում է կազմակերպվել, բայց նույն Կարեն Ավանեսյանը չի տարվել այդ ապաստան, այլ ունեցել է հնարավորություն՝ հանգիստ շրջելու Ստեփանակերտում։ Մենք ունենք տեղեկություն, որ նրանց շարժը սահմանափակված է, գտնվում են վերահսկողության ներքո։ Հիմնվելով քիչ թե շատ ունեցած տեղեկատվության վրա՝ ես այս պատմությունն այնքան էլ արժանահավատ չեմ հարմարում։
-Իսկ ո՞րն է ադրբեջանցիների նպատակը, երբ նման սցենար են բեմադրում։
-Նպատակն ադրբեջանական քարոզչության հիմնական թեզերի սպասարկումն է՝ ներկայացնել արցախցիներին որպես «ահաբեկիչներ», «սեպարատիստներ», մարդիկ, որոնցից մշտապես հանցագործություն պետք է սպասել, եւ դա ներկայացնում են միջազգային հարթակներում։ Քանի որ մանրամասներին չեմ տիրապետում, այդ տեղեկությունը մեզ հասանելի չէ, ավելի շատ գնահատականներ չեմ կարող տալ, բայց մենք ադրբեջանական մեդիայում տեսանք, որ հարցն այդ համատեքստում է ներկայացվում, որ Արցախում մնացած հայերն անգամ իրենցից վտանգ են ներկայացնում։ Ես կարծում եմ, որ սա հենց այդ քարոզչական նպատակն է հետապնդում։ Երեկ հետեւեցի տեղեկատվական հոսքին, կային մարդիկ, ովքեր անձամբ ճանաչում էին Կարեն Ավանեսյանին եւ փաստում են, որ նրանից նման արարք ընդհանրապես սպասելի չէ, նա ի զորու չէ նման քայլ կատարել։ Այսինքն՝ երբ տարբեր աղբյուրներից ստանում ենք այս ինֆորմացիան, գալիս ենք այն եզրահանգման, որ միգուցե սա Ադրբեջանի կողմից հերթական բեմականացրած քայլն է։
-Արդյոք սա եւ նմանօրինակ դեպքերը նաեւ փաստո՞ւմ են, որ հայերը չեն կարող Արցախում ադրբեջանցիների ենթակայության տակ ապրել։
-Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ անգամ մարդիկ, ովքեր որոշում են կայացրել մնալ Արցախում, այդ մարդկանց լիարժեք կյանքի մասին խոսել չենք կարող։ Նրանք գտնվում են ամբողջական վերահսկողության ներքո, նրանց ցանկացած քայլը վերահսկվում է։ Նաեւ երկրորդ ուշագրավ հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք՝ չէ՞ որ ադրբեջանական մեդիայում տարածվեց տեսանյութ, որ Կարենի ամեն քայլափոխը նկարահանված է ինչ-որ տեսախցիկներով։ Փաստորեն այնպիսի իրավիճակ ունենք, որ հայերի յուրաքանչյուր քայլը գտնվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո։ Իսկ առհասարակ հայերի եւ ադրբեջանցիների համակեցության մասին չենք կարող խասել, որովհետեւ դա հեքիաթի ժանրից է։ 30 տարի Ադրբեջանում մեծացած սերնդի համար հայատյացությունը կարեւոր գաղափարախոսություն է եւ իրենց ինքնության անբաժան մասը։ Խոսել համակեցության մասին, դա ընդհանապես տեղին չէ, դա իրականության հետ որեւէ աղերս չունի։ Նաեւ այս դեպքը միգուցե գալիս է ապացուցելու, որ, այո, ադրբեջանական վերահսկողության ներքո հայ մարդու կյանքն ուղղակի դժոխք է։