Ստացվում է, որ իմ կամքին հակառակ, իմ տունը նվիրվել է Ադրբեջանին․ իրավաբան

  • 09:53 17.09.2025

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 2023 թվականի սեպտեմբերի 30-ին արցախցի երիտասարդ իրավաբան Ժորա Հայրապետյանի ընտանիքը Ստեփանակերտից տեղահանվել է Հայաստան և բնակություն հաստատել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Երիտասարդ իրավաբանը խոսում է այն դժվարությունների ու անարդարությունների մասին, ինչի միջով անցնում է արցախցին։

-Մեր ընտանիքին ՀՀ-ում ճանաչել են փախստական: Որպես տեղահանված ընտանիքի՝ ՀՀ կառավարության կողմից որոշակի աջակություններ են տրամադրվել մեզ։ Սակայն 2025 թվականի մայիս ամսից հետո այդ աջակցությունները դադարեցվել են ու տրամադրվում են միայն որոշակի խմբերի։ Այդ խմբերում ընդգրկված յուրանքանչուր անձի սկզբից տրամադրվել է 40000 դրամ, հետո՝ 30000  դրամ, այն էլ մինչև 2025-ի թվականի դեկտեմբեր ամիսը: Ես, որպես տեղահանված արցախցի և այդ խմբերում չներգրավվող, ձեռքերս ծալած չեմ նստել։ Ինձ և ինձ նման կարգավիճակում գտնվող մարդկանց անունից տարբեր ատյաններից բարձրացրել ենք տեղահանված անձնանց սոցիալական խնդիրները, սակայն ՀՀ կառավարությունը՝ հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանի անուշադրության է մատնել մեր բողոքները։ Խնդիրներին որևէ լուծում չեն տվել, փոխարենը 2025 թվականի ապրիլի 10-ին կառավարությունը ընդունել է իր թիվ 417- Լ որոշումը, ըստ որի տեղահանված սոցիալական անապահով ընտանիքները պետք է լրացուցիչ աջակցություն ստանան։ Դե, իհարկե մարդիկ սկսել են դիմել, որովհետև բոլորն էլ խոցելի ու անապահով են։ Սակայն անհիմն պատճառաբանությամբ մեծ մասի դիմումները մերժվել են՝ իբր ընտանիքը չի համարվում կարիքավոր:

Հայրապետյանների դիմումը ևս մերժվել է նույն պատճառաբանությամբ

 -Մեր ընտանիքի դիմումն էլ է մերժվել նույն պատճառաբանությամբ։ Կատարված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ Միասնական սոցիալական ծառայությունը ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1833 Լ որոշմամբ սահմանված սոցիալական 2025 թվականի ապրիլ ամսվա համար նախատեսված աջակությունը վճարել է 2025 թվականի մայիս ամսին և նշված աջակցությունը դիտարկել ընտանիքի մայիս ամսվա եկամուտի մեջ, ինչն արհետականորեն բարձրացրել է ընտանիքի եկամտի չափը և հիմք հանդիսացել դիմումը մերժելու համար:

Որպես տեղահանված ընտանիք՝ հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որպեսզի Միասնական սոցիալական ծառայությանը պարտավորեցնի մեր ընտանիքին վճարել 2025 թվականի ապրիլի 10-ի թիվ 417-Լ որոշմամբ սահմանված սոցիալական աջակցությունը:

Ուզում եմ նշել, որ կառավարությունը տեղահանված անձանց վերաբերող բոլոր որոշումներում ցուցաբերում է խտրական մոտեցում, տեղահանված անձնանց տարանջատում, տարբերակելով արցախցիներին՝ հաշմամդամ, անչափահաս, թոշակառու և այլն։ Կառավարությունը պետք է հասկանա, որ բոլորն էլ տեղահանված են։ Եթե աջակցություն է տրամադրվում, ապա բոլոր տեղահանված անձանց պետք է տրամադրվի՝ առանց որևէ խտարականության։

Բազմաթիվ որոշումներում այդ ամենն արձանագրվել է՝ օրինակ 2024 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1833 Լ որոշման մեջ 2025 թվականի հունիս ամսվանից աջակցություն են ստանում հաշմանդամները, թոշակառուները, անչափահասները, կերակրողին կորցրած անձինք, իսկ ինչո՞ւ մնացած տեղահանված անձանց չեն աջակցում։ Մնացածներն արդեն ապահովվա՞ծ են բնակարաններով կամ կայուն աշխատանքով: Սոցապը հայտարարում է՝ գնացեք աշխատեք, իսկ որտեղ դիմում ենք՝ ազատ հաստիք չկա, կամ տարիքային սահմանափակումների ենք հանդիպում։ Թող մեզ աշխատանքի ուղարկողները մեզ համար ազատ աշխատատեղեր գտնեն։

Ժորա Հայրապետյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագիրը խայտառակ և ոչ իրական ծրագիր է։

-Ինչ վերաբերում է կառավարության կողմից տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման ծրագրին, ապա, այո, այն խայտառակ ծրագիր է, կազմված անտրամաբանական ու սխալ մոտեցումներով։  Մեր ընտանիքը Ստեփանակերտում անշարժ գույք է ունեցել դեռևս 1983 թվականից՝ բնակելի տուն իր տնամերձ հողամասով։ Ամեն ինչ թողել ենք, մազապուրծ տեղահանվել։ Ստացվում է այնպես, որ իմ կամքին հակառակ, իմ տունը նվիրվել է Ադրբեջանին։ Ուրեմն, թող փոխահատուցվի կորցրած անշարժ գույքիս արժեքը՝ կոպեկ առ կոպեկ։

Ոչ ՀՀ կառավարությունը, ոչ էլ ՀՀ ԱԺ պատգամավորները չեն եկել աշխատել Ստեփանակերում, տուն կառուցել, որ հիմա էլ իրենց վարած քաղաքականության պատճառով մեր կորցրած անշարժ գույքի դիմաց առաջարկեն տուն գնելու հավաստագիր՝ այն էլ ընտանիքի շնչին համապատասխան 3-5 մլն դրամ գումար։  Տրամադրվող գումարով հնարավոր չէ ոչ բնակարան, ոչ էլ բնակելի տուն ձեռք բերել, քանի որ անշարժ գույքի շուկան չի վերահսկում բնակարանների գների օրեցօր աճը։ Վաճառքի ենթակա տների գների հետ մեկտեղ աճում են նաև վարձակալությամբ տրվող տների վարձավճարները։ Ամեն ինչ բարձիթողի վիճակում է և անվերահսկողության թողննված։

Մի խոսքով ՀՀ-ը պաշտոնապես հրաժարվում է տեղահանված Արցախցիների խնդիրները լուծել, հատկապես սոցիալական, ինչն էլ արցախահայության մոտ առաջացնում է դժգոհության ու հուսալքության ալիքներ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ