Սզնեքի վերջին օրը․ 2023-ի սեպտեմբերի 19-ը ողբերգական էր Արցախի համար

  • 12:57 18.09.2025

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակման է անցել Արցախի բոլոր բնակավայրերի ու պաշտպանական դիրքերի ուղղությամբ։ Հյուծված, կիսասոված, միայնակ մնացած Արցախը կանգնել էր իրեն գերազանցող թշնամու ուժերի դեմ։ Արցախի բոլոր բնակավայրերը վտանգված էին, իսկ արցախցին կանգնած ցեղասպանության իրական վտանգի առաջ։

Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանը պատմում է

-Ադրբեջանական զինուժի շարժի մասին, երբ տագնապ լսեցի, անմիջապես հրաժեշտ տվեցի հորս ու կնոջս և աշխարհազորի տղաների հետ շտապեցի գյուղի վերևում գտնվող մարտական մեր դիրքը (2020-ի պատերազմից հետո դիրք էր ձևավորվել, գյուղի աշխարհազորայինների կողմից հերթապահություններ էին իրականցվում)։ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Արցախի գրեթե բոլոր բնակավայրերը սահմանամերձ էին, այդ թվում նաև մեր գյուղը։ Երբ հասկացանք, որ վտանգը մեծ է, անտառների ու դաշտերի միջով կազմակերպվեց Սզնեքի բնակչության տարհանումը կողքի Խաչմաչ գյուղը։

Դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհներն արդեն թշնամու վերահսկողության տակ էին։ Սզնեքն ու մոտակա գյուղերը շրջափակման մեջ էին առնվում։ Ամեն ինչ շատ արագ էր զարգանում։ Թշնամին մեր գյուղով արդեն մտնում էր Խաչմաչ։ Սզնեքցիներն ստիպված էին Խաչմաչի բնակչության հետ անտառների միջով շուտ հեռանալ այնտեղից։

Սակայն մեր գյուղից 6 հոգի մնացել են Խաչմաչում և գիշերն անցկացրել այնտեղ։ Հաջորդ օրը, երբ հասկացել են, որ մենակ են մնացել գյուղում, որոշել են իրենք էլ հեռանալ և Կարմիր գյուղի տարածքով հասնել Ստեփանակերտ։ Այնպես է ստացվել, որ ճանապարհին նրանք իրարից առանձնացել են՝ արժանանալով  տարբեր ճակատագրերի։

Ցավոք, այդ ճանապարհին մեր համագյուղացու՝ Շուրա Մանասյանի հետ անհետ կորել է հայրս՝ Ռոբերտ Մուսայելյանը։ Մինչև այսօր հորիցս ու մյուս համագյուղացուց ոչ մի տեղեկություն չունենք։ Վերջին անգամ հորս հետ խոսել եմ տարհանման պահին։ Ականատեսներն ասում են, որ 83-ամյա հայրս այլևս չէր կարողանում քայլել ու մնացածներին հորդորում էր, որ իր պատճառով չվտանգեն իրենց կյանքը։ Մեր համագյուղացիներ Նվարդն ու Մավրիկը գերեվարվել են Խաչմաչից դեպի Կարմիր գյուղ տանող ճանապարհին։ Շուշիում նրանց մեկ շաբաթ պահելուց հետո վերադարձրել են մերոնց։ Երրորդին՝ վաստակաշատ մանկավարժ Արտյուշա Միքայելյանի դին գտնվել է անտառում։ Մի հոգու էլ գերեվարել են․ հիմա Բաքվի բանտում է։

Բաքվի բանտերում են շարունակվում պահվել չորս համագյուղացի երիտասարդներ, ովքեր գերեվարվել են սեպտեմբերին։ Մեր բոլորիս ցանկությունն է, որ նրանք և մյուս բոլոր մեր համերկրացիներն օր առաջ ազատ արձակվեն և վերադառնան իրենց ընտանիքները, ինչպես նաև բացահայտվեն բոլոր անհայտ կորած անձանց ճակատագրերը։

Էդվարդը շարունակում է հիշել սարսափելի այդ օրվա իրադարձությունները

-Մինչև զինադադարի պահը ես դիրքերում էի և չէի կարող անձամբ վերահսկել համագյուղացիների անվտանգ տարհանումը։  Հրահանգել եմ գյուղում գտնվող տղաներին կազմակերպել և՛ պաշտպանությունը, և՛ մարդկանց տարհանումը։ Այդ օրը մեր գյուղում շուրջ 40 մարդ կար։ Կային նորածին ու մանկահասակ երեխաներ, տարեցներ։ Մեծ ցավ եմ ապրում զոհվածների, անհայտ կորածների ու գերեվարվածների համար։ Մենք անզոր էին դիմադրել թշնամու մեծաքանակ ուժերին և հասկանալով, որ ամեն ինչ կորած է, շրջանցելով ադրբեջանցիներին, տղաներով մի կերպ հասնում ենք Ստեփանակերտ՝ ոտքով քայլելով շուրջ մեկ օր։ Չէի պատկերացնում, որ Խաչմաչից տարհանման ճանապարհին մարդկային կորուստներ կունենանք։ Գիտակցում էի, որ շատ վտանգավոր է, սակայն մտածում էի, որ բոլորն էլ ողջ ու առողջ կհասնեն Ստեփանակերտ։ Ուղղակի չեմ կարողնաում հասկանալ, թե մեր 6 համագյուղացիները ինչո՞ւ են գիշերը մնացել Խաչմաչում։

 Մինչև տեղահանությունը գյուղն ապրում էր իր առօրյա կյանքով՝ շարունակելով քարը քարի վրա դնել։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ ոչ ոք չէր պատրաստվում լքել գյուղը։

 

Աշխատասեր, բարի ու համեստ սզնեքցին հազար ու մի թելով կապված էր հարազատ գյուղի հետ: Յասամանների ու վարդերի մեջ ընկղմված մեր գյուղն ամենուր հայտնի էր իր քաղաքակիրթ, ստեղծագործ, ուսումնատենչ լինելով։ Պատահական չէր, որ գյուղը հաճախ <<Փոքր Թիֆլիս>> էին կոչում: Տարիներ շարունակ սզնեքցին անտրտունջ ապրում էր իր հողում, աշխատում, բերք ու բարիք ստեղծում:

2020-ի 44-օրյա պատերազմից հետո մենք փորձում էինք կրկին շենացնել գյուղը՝ անկախ նրանից, որ հայտնվել էինք առաջնագծում։ Սզնեքն ապրում էր իր առօրյայով․ թեև թշնամու վերահսկողության տակ էր հայտնվել մեր վարելահողերի, արոտավայրերի, խոտահարքների մի մասը, սակայն շարունակում էինք զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ։

Գյուղում ընտանիք էր ձևավորվում, երեխա ծնվում։  44-օրյա պատերազմից հետո Սզնեքի կրթօջախը, անվտանգության նկատառումներից ելնելով, չէր վերաբացվել, քանի որ թշնամու դիրքերը բավականին մոտ էին համայնքին, իսկ կրթօջախը ուղիղ նշանառության տակ էր։ Դպրոցահասակ երեխաներ ունեցող որոշ ընտանիքներ ստիպված հաստատվել էին մայրաքաղաքում։

Գյուղը բազմաթիվ խնդիրներ ուներ, սակայն դրանք երկրորդական էին, ամենակարևորը՝ բնակչության անվտանգությունն էր։ Ու մենք անում էինք հնարավորն ու անհնարինը։ Ապրում էինք՝ գիտակցելով, որ մշտապես թշնամու նշանառության տակ ենք։ Նրանց դիրքերն այնքան մոտ էին, որ այնտեղից երևում էր անգամ մեր տների ներսում կատարվող անցուդարձը։ Գիշերները հաճախակի լուսարձակներ էին միացնում, օդ կրակում: Նրանք դրանով փորձում էին հոգեբանական ճնշում գործադրել մեր ժողովրդի վրա, այնպես անել, որ հեռանանք գյուղից, սակայն նրանց մոտ ոչինչ չստացվեց։ Մենք չէինք հուսահատվում ու միշտ լավատեսորեն էինք տրամադրված։ Անգամ շրջափակման ժամանակ մեր համագյուղացիներից ոչ մեկը չէր պատրաստվում լքել գյուղը։ 2023-ի սեպտեմբերի 19-ի արհավիրքն ամեն ինչ արեց մեր փոխարեն։

Մի քանի պատերազմով անցած Էդվարդ Մուսայելյանի համար շատ ծանր է խոսել վերջին մեկօրյա պատերազմի մասին, քանզի այն ամենաահավոր ու ողբերգական հետևանքներն է ունեցել Արցախի հազարամայա պատմության մեջ։ Առաջին անգամ Արցախը մնացել է առանց հայի՝ գերության ու մենակության մեջ։

Սզնեքի բնակչությունը ցրված է աշխարհով մեկ։ Համայնքի ղեկավարը բնակություն է հասատել ՌԴում։ Այդ հեռավորությունը, սակայն, չի խանգարում, որ նա ապրի իր համագյուղացիների դարդ ու ցավերով, հաջողություններով ու ուրախություններով։ Միշտ կապի մեջ է սզնեքցիներից յուրաքանչյուրի հետ։ Էդվարդ Մուսայելյանը, խեղդելով հոգում ծանրացած ցավը, շարունակում է պայքարել ապրելու համար ո՞վ իմանա, գուցե մի գեղեցիկ օր կլսի Արցախ վերադարձի ավետիսը։

Վերադարձողների մեջ նա առաջիններից մեկը կլինի։

ՀԳ

Ասկերանի շրջանի փոքրիկ Սզնեք գյուղը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տվել է 12 զոհ, մեկ հոգի համարվում է անհետ կորած։ 2020-ի 44-օրյա պատերազմում նահատակվել է 5 սզնեքցի։ 2023-ի սեպտեմբերին 4 երիտասարդ գերեվարվել են ադրբեջանցիների կողմից, գտնվում են Բաքվի բանտերում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ