Երեկոյան ուշ հեռախոսազանգ ստացանք։ Զանգահարողը Արցախից տեղահանված թոշակառու, 2-րդ կարգի հաշմանդամ, զոհված զինծառայողի մայր Լաուրա Բարսեղյանն էր։ Նա ցանկանում էր, որ Step1-ի միջոցով բարձրաձայնվի մի խնդիր, որին առնչվում են նաև մի խումբ արցախցիներ։ Կինը վրդովված էր՝ նախևառաջ անտարբեր վերաբերմունքից։
-ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արդեն երկրորդ ամիսն է, ինչ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին չի վճարել 2024 թվականի նոյեմբերի 21-ի 1833-Լ որոշմամբ սահմանված 2025 թվականի հուլիս և օգոստոս ամսիների համար սահմանված աջակցությունը։ Ես հանդիսանում եմ այդ ծրագրի շահառու, սական մինչև օրս չեմ ստացել աջակցությունը, առանց որի դժվարանում եմ գոյատևել։ Բնակվում եմ վարձով, թոշակիս գումարը հերիքում է միայն դեղերիս համար, քանի որ տարիներ շարունակ դեղերով եմ ապրում։
Դիմել եմ Գորիսի միասնական սոցիալական ծառայության ընտանիքներին տրամադրվող աջակցությունների բաժին՝ խնդրելով, որ ինձ տեղեկություն տրամադրեն, թե երբ է փոխանցվելու աջակցությունը։ Նույն բաժնի գլխավոր մասնագետի պարզաբանմամբ՝ հուլիս և օգոստոս ամիսների աջակցությունը պետք է վճարվի ՄԱԿ-ի կողմից, նա վստահեցրել է, որ աջակցության գումարն արդեն փոխանցվել է Ամերիա բանկ։
Քանի որ Գորիս քաղաքում Ամերիա բանկի մասնաճյուղ չկա, մեկնել եմ մարզկենտրոն՝ Կապան։ Ներկայանալով բանկ՝ պարզել եմ, որ միասնական սոցիալական ծառայության պատասխանն իրականությանը չի համապատասխանում։ Ոչ մի աջակցություն էլ փոխանցված չէ, ավելին՝ մասնաճյուղից զանգել են Ամերիա բանկի գլխամաս, որպեզի ՄԱԿ-ի փոխանցված ցուցակներում կրկնակի անգամ ստուգումներ իրականացնեն, և գլխամասից հայտնել են, որ շահառու Լաուրա Բարսեղյանի անունով, անձնագրով կամ սոցիալական քարտի տվյալներով որևէ փոխանցում չկա:
Ձեռնունայն Կապանից վերադարձել եմ Գորիս։ Միասնական սոցիալական ծառայության անփութության պատճառով կրել եմ 15000 դրամ գումարի չափով վնաս, որը վճարել եմ տաքսու ծառայությանը: Որպես զոհված զինծառայողի մայր, այրի կին, 2-րդ խմբի հաշմանդամ՝ Միասնական սոցիալական ծառայությանը, ՀՀ կառավարությանը, սոցապ նախարարությանը ցանկանում եմ հարց ուղղել՝ ո՞վ պիտի հատուցի ծառայության աշխատակցի թերի աշխատանքի պատճառով հասցված նյութական վնասը: Դեռ միասնական սոցիալական ծառայության աշխատակիցը արդարանում է ու իրենց անփույթ աշխատանքի հետևանքով կատարվածը բարդում Ամերիա բանկի վրա:
Ահա այս է վերաբերմունքը հանուն հայրենիքի զոհված զինծառայողի մոր հանդեպ,-ասում է Լաուրա Բարսեղյանը։
Նշենք, որ արցախցի թոշակառուի բարձրացրած հարցը եզակի դեպք չէ։ Նման խնդրի առաջ են կանգնել հարյուրավոր շահառուներ։ Սոցիալական հարթակներում կարելի է հանդիպել բազմաթիվ մեկնաբանությունների, որտեղ նույնպես նշվում է, որ 2-րդ ամիսն է, ինչ մարդիկ չեն ստանում աջակցությունը և 114-ից ստանում են նույն պատասխանը՝ ՄԱԿ–ը պետք փոխանցի Ամերիա բանկին, կամ էլ տեխնիկական խնդիրներ են։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ