Արշավի նպատակն է Հաագայի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման իրականացումը

  • 20:04 18.09.2025

Step1.amհարցերին պատասխանել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

-Պարոն Խզմալյան, հայտարարել եք, որ «Հանուն ժողովրդավար պետականության» եւ Հայաստանի Եվրոպական կուսակցությունները սկսում են քաղաքական արշավ՝ Ադրբեջանին եւ նրա բռնապետ Ալիեւին միջազգային ատյաններում ռազմական հանցագործ ճանաչելու նպատակով՝ նոր Հայոց Ցեղասպանության եւ Արցախի հայաթափման, հնագույն քրիստոնեական համայնքի ոչնչացման համար։ Նաեւ այս գործի շուրջ համախմբվելու կոչ եք արել։ Ի՞նչ ճանապարհով եք իրականացնելու սա։

-Մենք դեռ 2024 թվականի սեպտեմբերին՝ մեկ տարի առաջ նախաձեռնեցինք մի շարժումը, որը պայանականորեն անվանեցինք «նոյեմբերի 17»։ Դա 2023 թվականի նոյեմբերի 17-ի ակնարկ է, երբ Հաագայի դատարանը այդ եղերական իրադարձություններից երկու ամիս անց ընդունեց հատուկ վճիռ՝ արցախահայության՝ միջազգային երաշխիքներով ազատ ու անվտանգ վերադարձի իրավունքի մասին։ Մենք առաջարկեցինք Արցախի փախստականներին՝ ինքնակազմակերպվել եւ անել այն, ինչն առաջարկում ենք նաեւ այսօր։ Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը փաստորեն շահագրգռված են լռեցնելու այդ հարցը։ Եվ այդ պայմաններում խիստ անհրաժեշտ եմ համարում ստեղծել Արցախի վտարանդի կառավարություն եւ վտարանդի Ազգային ժողով։ Եվ գիտեմ, որ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը կտրուկ դեմ են դրան՝ ասելով, որ Երեւանում չի կարող լինել երկու կառավարություն։ Դա անհեթեթություն ու հիմարություն է, որովհետեւ այդ կառավարությունը չի վերաբերվում Հայաստանին, դա վտարանդի կառավարություն է, եւ նման շատ նախադեպեր կան աշխարհում։

Սա այն իրավական հիմքն է, որի վրա մենք ուզում ենք ստեղծել այդ արշավը։ Մենք չենք կարող սպասել, թե երբ են ինքնակազմակերպվելու արցախցիները։ Թեեւ արցախցիները Հայաստանի հասարակության մաս են կազմում, բայց մենք շատ ենք կարեւորում, որ իրենք՝ որպես փախստականների համայնք, ինքնակազմակերպվեն ինքնուրույն՝ առանց նախկինների մասնակցության ու աջակցության։ Ուստի, մենք այս հարցում մեզ համախոհ կուսակցություն գտանք, դա «Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցությունն է։ Եվ միասին այսօր հանդես եկանք հայտարարությամբ, որ Հայաստանի կառավարության, իշխանության, խորհրդարանի եւ հասարակության լռության պայմաններում մենք նախաձեռնում ենք միջազգային արշավ՝ այդ խնդիրն անընդհատ ուշադրության կենտրոնում պահելու եւ հասնելու մեր գլխավոր նպատակին։ Նպատակն է Հաագայի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման իրականացումը։ Այսինքն՝ արցախահայության վերադարձի իրավունքը։ Մենք անընդունելի եւ հանցավոր ենք համարում Հայաստանի պաշտոնյաների դիրքորոշումը առ այն, որ այդ հարցը անհնար է իրականացնել, որ պետք չէ դրանով զբաղվել։ Մենք դրա հետ չենք կարող հաշտվել, ուստի, մենք գործում ենք որպես հասարակական եւ կուսակցական նախաձեռնություն։

Ես մեկ շաբաթ անց մեկնելու եմ մի շարք եվրոպական երկրներ, հիմա հանդիպումներ եմ կազմակերպում Եվրոպական խորհրդարանում, մի շարք եվրոպական երկրների խորհրդարաններում։ Գնալու եմ Իտալիա, Բելգիա, Լեհաստան եւ վերջում նաեւ Ուկրաինա։ Մենք որոշել ենք այդ հարցը դարձնել մեր արտաքին քաղաքական գործունեության առանցքը՝ Հայաստանի առջեւ խորացող միջազգային մարտահրավերների շարքում արցախահայության իրավունքների պաշտպանության հարցն առաջնահերթ է մեզ համար։

-Դուք խոսում եք Արցախի վտարանդի կառավարություն ստեղծելու մասին, բայց Արցախի պետական ինստիտուտները շարունակում են իրենց գործունեությունը, մասնավորապես, Արցախի Ազգային ժողովը գործում է։ Փորձե՞լ եք իրենց հետ քննարկել այս հարցերը, համագործակցություն կա՞։

-Մենք շատ հոռետես ենք այն կառույցների հետ հարաբերությունների վերաբերյալ, որոնք ստեղծվել են դեռ 2023 թվականից առաջ Արցախում։ Մենք նրանց դիտարկում ենք որպես ռուսամետ եւ այդ առումով մեզ համար անընդունելի է նրանց հետ համագործակցությունը։ Սակայն մենք հասկանում ենք, որ Արցախի հասարակությունն իր մեջ ունի եւ առողջ ընդդիմություն, եւ հասարակական-քաղաքական գաղափարական ուժեր, որոնց հետ մենք պատրաստ ենք համագործակցել։ Այսինքն՝ պայմանական ասած՝ Շահրամանյանի շրջանակների հետ մենք ոչ մի կապ չենք պատրաստվում հաստատել եւ չենք ընդունում նրանց դիրքորոշումն ու կարգավիճակը։ Մենք համարում ենք, որ այն ուժերը, որոնք համաձայնել են Արցախի լուծարմանը, հանցավոր են եւ պետք է պատասխան տան հայ ժողովրդի առջեւ։

Ռոզա Հովհաննիսյան