
«Երկու տարի առաջ այս օրը բնականոն ու սովորական աշխատանքով հանդիպումներ էինք ունենում տարբեր շրջաններում, քանի որ արդեն իսկ կային որոշակի տեղեկություններ, մասնավորապես, խոսքը գնում էր այն մասին, որ պետք է գնալ կոմպրոմիսի եւ բացել ճանապարհը, օգտվել այդ հումանիտար օգնությունից։ Որեւիցե պայմանավորվածություն չէր խախտվել կոնկրետ այս ժամին, եւ մենք ավելի շատ կենտրոնացած էինք դեպի դրականը, փորձում էինք մեր հանրությանը բացատարել, թե հրաժարվելու հետեւանքները ինչ կարող են լինեն։ Եվ գրեթե բոլորը համաձայն էին, տրամադրված էին, որպեսզի հումանիտար կորիդորը բացվեր, բայց մի քանի ժամ հետո տեղի ունեցավ այն, ինչին բոլոր ականատես էինք»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի ԱԺ պատգամամովր Դավիթ Մելքումյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ իրավիճակ էր 2023 թվականի սեպտեմբերի 19-ին այս ժամերին Արցախում։
Նա նշեց, որ Արցախի հայաթափումը գերտերությունների կայացրած քաղաքական որոշման հետեւանք էր։ «Հումանիտարն ընդամենը ձեւական բնույթն էր կրում, դա մի մեծ շիրմա էր՝ փակելու քաղաքական հարցը։ Կարծում եմ՝ որոշումները կայացված էին գերտերությունների կողմից, ուղղակի մենք տեղեկացված չէինք այդ գործընթացների մասին, քանի որ անմիջապես այդ հնարավորությունը չունեինք՝ ինքներս մասնակցելու մեծ գործընթացներին»,- հավելեց Մելքումյանը։
Նա նաեւ ասաց, որ Արցախի ԱԺ-մ փոփոխություններ է կատարել տոների եւ հիշատակների օրերի մասին օրենքում, եւ սեպտեմբերի 19-ը հռչակել որպես հիշատակի ու պահանջատիրության օր։