66 զոհված անձանց հարազատները պահանջում են նրանց մարմիններն Արցախից տեղափոխեն Հայաստան

  • 11:24 19.09.2025

Արցախի վերջին պատերազմի հետեւանքով զոհված եւ Արցախում հուղարկավորված 66 անձանց հարազատները պահանջում են, որպեսզի նրանց մարմիններն Արցախից տեղափոխվեն Հայաստան։

Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս հարցը ինքը բարձրացրել է 2023 թվականի բռնի տեղահանությունից անմիջապես հետո։

«Նրանք այն անձինք ենք, ովքեր զոհվել են վերջին ագրեսիայի հետեւանքով, հուղարկավորված են եւ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, եւ շրջաններում։ Մենք հարցը բարձրացրել ենք, որպեսզի արտաշիրմում իրականացվի, եւ տեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն, հուղարկավորվեն Եռաբլուրում»,- ասաց նա։

Ըստ Շահրամանյանի՝ հարցը քննարկել են եւ Հայաստանի իշխանությունների հետ, եւ Ադրբեջանի ներկայացուցիչների։

«Ստացել ենք նախնական համաձայնություն, բայց ցավոք սրտի մինչ օրս այդ գործընթացը տեղի չի ունեցել։ Ինչպես նաեւ գործընթաց պետք է տեղի ունենա մեր գերիների վերադարձի հետ կապված, անհետ կորածների ճակատագրերը պարզելու համար, բայց մինչ օրս այդ հարցերը լուծում չեն ստացել»,- հավելեց նա։