Արցախի իշխանությունները կապի մեջ են եղել Նիկոլ Փաշինյանի հետ. Շահրամանյան

  • 11:50 19.09.2025

«Արցախցն ամենաթանկն է վճարել, որպեսզի այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին Արցախի մասին։

Նա նշեց, որ Արցախի հարցը փակ չէ, այն միայն արցախցիների հարցը չէ, համահայկական հարց է։ «Եվ մենք ակնկալում ենք, որ այս հարցի շուրջ կունենանք կոնեսնսուս, որն այս պահին չկա, տեսնում ենք տարբեր հայտարարություններով, որ կոնսենսուս չկա։ Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցախցին զրկված է իր հայրենիքից, իր գերեզմաններից, իր սրբություններից։ Մենք համարում ենք, որ շուտ թե ուշ պետք է համապատասխան գնահատական ստանա այդ հարցը»,- նշեց Շահրամանյանը։

Նա այսօր անդրադարձավ նաեւ 2023 թվականի իրադարձություններին, ասաց, որ Արցախի հայաթափման օրերին Արցախի իշխանությունները կապի մեջ են եղել Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք կապի մեջ էինք, ինչքան որ կապ կար այդ օրերին եւ փորձում էինք համաձայնեցնել մեր գործողությունները։ Տարբեր հարցեր ենք քննարկել, հիմնականում հայտարարությունների ու որոշումների հետ կապված»։

Սամվել Շահրամանյանի խոսքով՝ այսօր Հայաստանի պատմության դասագրքերում պատմությունը խեղաթյուրվում է, դասագրքերում կեղծիքներ են տեղ գտնում։

«Մենք հայտարարել ենք, որ այդ հարցը իրավական ճանապարհով ենք վիճարկում։ Մեր նպատակն այն է, որ մեր սերունդները ստանան իրական տեղեկություն եւ մենք այդ դատական պրոցեսի ընթացքում կներկայացնենք անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որոնք կհիմնավորեն մեր ասածները»,- նշեց նա։