
ԱԺ պատագամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Արցախի հայաթափման պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է։
«Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա լեգիտիմացնում է Ալիեւի քայլերն ու գործողությունները, փորձում է լվանալ նրա արյունոտ ձեռքերը։ Հիշեք, որ այդ ամենը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ինքն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ այս իշխանությունները 2021 թվականին ներկայացրել էին Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու ծրագիր, բայց խաբել են հայ ժողովրդին։
«Իրենք ոչ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ են ունեցել, ոչ էլ Հայաստանի տարածքները Ադրբեջանին հանձնելու»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է պատմի, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա հարձակումից առաջ ի՞նչ է պայմանավորվել ու խոսել Ալիեւի ու Էրդողնի հետ։ Արդյոք ինքն ամբողջությամբ տեղյա՞կ էր 2023 թվականի հարձակման մասին եւ արդյոք ինքը երաշխի՞ք էր տվել, որ Հայաստանը որեւէ կերպ չի միջամտելու, լուռ նստելու է ու նայի, թե ինչպես են ցեղասպանություն իրականացնում Արցախում։
«Ես վստահ եմ, որ ինքն այդ պայմանավորվածությունն ունեցել է եւ այդ երաշխիքը տվել է»,- հավելեց Սաղաթելյանը։