Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկայում խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ եւ կվերսկսի աշխատանքը։
Նա նշեց, որ մի փոքր դադար էին վերցրել, որպեսզի կարողանային շարժումն ու խորհրդի կազմը վերափոխել։ «Բայց շուտով հանդես կգանք հայտարարությամբ, որ մեր շարժումը հանրային շարժում է, եւ արցախցիների իրավունքների հարցը մինչեւ Արցախ վերադարձը լինելու է արդիական։ Մենք չենք թողնելու, որպեսզի այդ հարցը կամ փակվի, կամ իջեցվի։ Մեր հայտարարությունից հետո սկսելու ենք ակտիվ փուլ՝ շարունակելով մեր հանդիպումները բնակիչների հետ՝ իրենց ասելու՝ ձեր իրավունքները կարող եք պաշտպանել միան դուք, ուրիշը ձեր փոխարեն չի անելու։ Մարտի 29-ի հանրահավաքը վառ օրինակ է, որ մարդիկ գալով, իրենց իրավունքների մասին բարձրաձայնելով՝ կառավարությունը գնաց որոշ քայլերի, եւ երկու ամսով երկարաձգվեց արցախցիների սոցիալական աջակցությունը։ Այսինքն՝ ինչ-որ դրական քայլեր արցախցիների համար իրականացրեցին։ Իսկ մյուս հանահավաքին որ քիչ մարդ եկավ, տեսաք, որ ոչ մի առաջընթաց ու փոփոխություն չեղավ»,- ասաց նա։
Ըստ Արտակ Մկրտչյանի՝ մարդիկ պետք է հասկանան, որ Արցախի հարցը պետք է դառնա համայն հայության հարցը, ինչպես 1988 թվականի Շարժումը դարձավ համայն հայության հարց, եւ այդ միասնությունը տարավ հաղթանակի։ «Այդ խորհրդանիշը՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք, կար եւ լիարժեք իրեն արդարացնում էր։ Հիմա դա չենք տեսնում, մենք Արցախի հարցը պետք է դարձնենք համահայկական հարց, վստահ եմ, որ այդ դեպքում հասնելու ենք հաղթանակի»,- ընդգծեց նա։