Այսօր Մատենադարանում տեղի ունեցավ Հյուսիսային Արցախի Բանանց գյուղի բնակիչների դեպի VII դարի Սուրբ Վեհամոր Ավետարան չորրորդ ուխտագնացությունը։
Մարիամ Ավագյանի գլխավորությամբ բանանցիների խմբի կողմից կազմակերպված ուխտագնացությունը դարձել է մի առիթ, որտեղ հանդիպում են նախկին համագյուղացիներ՝ մի փոքր ավելի ծերացած, բայց դեռևս նույն երիտասարդ ցանկությամբ՝ մի օր վերադառնալ հայրենի գյուղ և այնտեղ աղոթել կենարար Ավետարանին։
Այսօր ուխտագնացությանը մասնակցեց նաև 102-ամյա Սերգեյը Տերյանը։ Նա ասաց, որ մեծ երկրներն այժմ կառավարվում են գազան առաջնորդների կողմից, բայց մի օր ամեն ինչ կփոխվի։
Մարիամ Ավագյանը նշեց, որ Վեհամոր Ավետարանը միակ բանն է, որը ներկայումս կապում է Բանանցի բնակիչներին հայրենիքի հետ, և այն մեզ կուղեկցի կրկին մեր երկրին տիրանալու։
Բանանցի Ծեր Ավետարանը պահվում է Մատենադարանում։
Ըստ հնագրական տվյալների՝ Ավետարանը ենթադրաբար թվագրվում է 7-րդ դարով։ Ձեռագիր մատյանը 16-րդ դարից սկսած պահվել է Գարդման գավառի Մեծ Բանանց գյուղում, որտեղ այն կոչել են «Ծեր» կամ «Պահապան» Ավետարան։
Գանձակի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տերյանը 1975 թ. հունվարին ձեռագիրը նվիրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին՝ հետևյալ մակագրությամբ. «… վասն հիշատակի հանգուցյալ Տիրամոր՝ Սիրանույշ Պալճյանի, որը նվիրեց մեր ազգին շինարար, հայրենասեր, բարի և անբիծ Հայրապետին…»: Վազգեն Ա կաթողիկոսը նույն թվականի հուլիսին ձեռագիրը ընծայել է Մատենադարանին, որտեղ այն, ի հիշատակ Հայրապետի մոր, կոչվել է «Վեհամոր Ավետարան»:
Մատյանի հնությամբ պայմանավորված՝ հենց այս Ավետարանի վրա են երդվում ՀՀ նախագահները երդմնակալության ժամանակ։