Երեւանում այսօր եւ վաղը անցկացվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ խորհրդաժողովը, որին մասնակցում են նաեւ պատվիրակներ Թուրքիայից ու Ադրբեջանից։
Ադրբեջանցի պատվիրակ Մուրադ Մուրադովը լրագրողների հետ զրուցյում հայտարարեց, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ, փոխարենը Հայաստանին մեղադրեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։
«Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ Հայաստանն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանից, դա պոտենցիալ իրավական հիմքեր է ստեղծում, որն այս պահին խոչընդոտ է հանդիսանում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ, ադրբեջանցի պատվիրակը պատասխանեց․ «Մեր Սահմանադրությունը չունի որեւէ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, ավելի շատ Ադրբեջանի՝ Հարավային Կովկասի արեւելյան տարածաշրջանի մաս կազմելու մասին է խոսքը»։
Լրագրողները հիշեցրին, որ Ադրբեջանից հայտարարություններ են հնչում այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի ամբողջ տարածքը, ի՞նչ է սա, եթե ոչ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։
Մուրադովն արձագանքեց․ ««Արեւմտյան Ադրբեջան» ասելով՝ մենք նկատի ունենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունը պահպանում ու հարգում ենք։ «Արեւմտյան Ադրբեջանը» դա հասարակական կազմակերպություն է, որը սպասարկում է ժողովրդի շահերը եւ ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում։ Մարդիկ երկար տարիներ ապրել են տվյալ տարածքներում, ցանկանում են այցելել իրենց հարազատների գերեզմաններին, եւ դա ավելի շատ ժողովրդի շահերն ու մշակութային ժառանգությունը սպասարկող կոնցեպտ է»։
Ադրբեջանցուն հարց ուղղվեց նաեւ այն մասին, որ ադրբեջանական զորքն օկուպացրած է պահում ՀՀ տարածքները, ինչո՞ւ դուրս չեն գալիս ՀՀ տարածքներից։ Նա ասաց, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանն ամբողջովին ճանաչում եւ գնահատում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է ադրբեջանական օկուպացիային, ասաց, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի շրջանակներում այդ հարցին պետք է անդրադառնալ։ «Ժամանակի ընթացքում պետք է տեղի ունենա որոշակի անկալվների կամ տարածքների փոփոխություն, որոշ տարածքներից Հայաստանը կամ Ադրբեջանը պետք է դուրս գան, տարածքների փոփոխություն պետք է տեղի ունենա»,- ասաց նա։
Մյուս հարցին, թե ինչո՞ւ Բաքուն ազատ չի արձակում հայ գերիներին, նա պատասխանեց, թե «կան մեղադրյալներ, որոնք, ըստ Ադրբեջանի օրենսդրության, համարվում են օրինախախտներ, այդ պատճառով Բաքվի բանտերում են պահվում»։ «Գործընթացն ընթացքի մեջ է, զինվորներին ամբողջությամբ բաց ենք թողել, ինչ վերաբերում է ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ գործքերը քննվում են, որովհետեւ նրանք մեղադրյալ են համարվում»,- հավելեց նա։