Երեւանում այսօր եւ վաղը անցկացվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ խորհրդաժողովը, որին մասնակցում են նաեւ պատվիրակներ Թուրքիայից ու Ադրբեջանից։
Թուրք պատվիրակների թվում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալը, որը լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց, թե Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացման հարցով նախապայմաններ առաջ չի քաշում։ «Ոչ, սահմանը բացելու որեւէ նախապայման մենք չունենք, այս պահին գործընթացը տեղի է ունենում երկխոսությամբ, հուսով ենք՝ շուտով սահմանը կբացվի»,- հայտարարեց նա՝ անդրադառնալով հարցին, որ Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումը մշտապես կապել է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։
Թուրք պատգամավորը նաեւ ասաց, թե «Թրամփի ուղու» գործարկման շնորհիվ տարածաշրջանի երկրները կզարգանան։ «Այդ ուղին շատ-շատ կարեւոր է առեւտրի եւ երկրների տնտեսական զարգացման համար։ Թուրքիան նույնպես պատրաստվում է օգտվել այդ ամենից, միայն Հայաստանը չէ, որ օգտվելու է այս ապաշրջափակումից»,- ասաց նա։
Լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ են թուրքերն ու ադրբեջանցիները Սյունիքի ճանապարհը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» անվանում, տարածքային պահանջնե՞ր ունեն Հայաստանի նկատմամբ։ «Ոչ, «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ տարածքային պահանջ չկա Հայաստանի նկատմամբ»,- պատասխանեց նա։
Թուրք պատգամավորը հայտարարեց, թե խաղաղությունը իրատեսական է․ «Ոչ մի երկիր չի կորցնում խաղաղությունից, եւ ոչ ոք դեռ չի շահել պատերազմից։ Այնպես որ, եկեք սպասենք եւ լինենք լավատես, քանի որ ես լավատես եմ»։