Հրապարակ. ԱԱԾ ղեկավարը Բաքվին է հանձնել 10 գերիների ցուցակ՝ ազատ արձակման խնդրանքով

  • 10:37 23.09.2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ մանրամասներ են հայտնի դարձել Անդրանիկ Սիմոնյանի` Բաքու կատարած այցի մասին։ Վստահելի աղբյուրը փոխանցում է, որ այցի ընթացքում ԱԱԾ տնօրենն ադրբեջանական կողմին է փոխանցել ռազմագերիների ցուցակ` 10 անունից կազմված, որոնց հայկական կողմն ուզում է վերադարձնել հայրենիք` երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։

Այդ անուններն են. Էրիկ Ղազարյան, Լեւոն Բալայան, Դավիթ Ալավերդյան, Մելիքսեթ Փաշայան, Գարիկ Մարտիրոսյան, Վասիլի Բեգլարյան, Լյուդվիգ Մկրտչյան, Ալյոշա Խոսրովյան, Գուրգեն Ստեփանյան, Մադաթ Բաբայան: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` Բաքվում դատվող եւ խոշտանգվող 8 պետական գործիչների ազատ արձակման եւ վերադարձի մասին Սիմոնյանը բառ անգամ չի արտասանել այս այցի ժամանակ:

Բայց այս 10 հոգուն ազատ արձակելու դիմաց էլ ադրբեջանական կողմը հակընդդեմ ցանկ ու պայմաններ է դրել` պահանջել է ազատ արձակել Սիրիայի Արաբական Հանրապետության երկու քաղաքացու` Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին եւ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին, որոնք, որպես վարձկան ահաբեկիչներ, մասնակցել են 2020 թվականի պատերազմին, բազմաթիվ սպանություններ են իրականացրել հայ քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում եւ 2021 թվականին ցմահ ազատազրկման են դատապարտվել Հայաստանում։

Մեր աղբյուրն ասում է, որ Անդրանիկ Սիմոնյանը համաձայնել է կատարել Ադրբեջանի պահանջը։