Ֆրանսիայի Ազգային ժողովն ու Սենատը մի քանի բանաձեւեր են ընդունել՝ ի նպաստ արցախահայության

  • 19:14 23.09.2025

Step1.am-ի զրուցակիցն է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։

-Պարոն Գեւորգյան, Արցախի էթնիկ զտումից երկու տարի անց Ֆրանսիայի խորհրդարանում տեղի ունեցան լսումներ Արցախի հարցով։ Ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել, ի՞նչ հարցեր են բարձրացվել, ի՞նչ արդյունք կարող է ունենալ քննարկումը։

-Սեպտեմբերի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցավ խորհրդաժողով՝ արցախահայության բռնի տեղահանության 2-րդ տարելիցը նշելու եւ վերջիններիս իրավունքների պաշտպանության թեման քննարկելու նպատակով: Խորհրդաժողովը կազմակերպվել էր պատգամավոր Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի եւ Եվրախորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ ու փորձագետներ, ովքեր վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքին: Ակնկալվում է, որ վերոնշյալ երկրների խորհրդարանները, եւ հնարավորության դեպքում այլ երկրների խորհրդարաններ եւս, կշարունակեն ճնշումը սեփական կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս գործեն Արցախից տեղահանված հայերի իրավունքների իրականացման ուղղությամբ՝ ապահովելով նրանց անվտանգ ու համախմբված վերադարձը: Այս իրավունքն ընտրություն չէ, այլ՝ պարտավորություն: Բոլոր նշված խորհրդարանները նախկինում ընդունել են բանաձեւեր՝ ուղղված իրենց գործադիր մարմիններին այս նպատակով:

– Եվրոպայում Արցախի հարցը հիմա ի՞նչ տեղ ունի, համարում են Արցախի հարցը լուծվա՞ծ, թե՞ ուժով պարտադրված այս լուծումն ընդունելի չէ եվրոպական համայնքի համար։

-Եվրոպայի տարբեր երկրների կառավարություններ պնդում են, որ չեն կարող «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել»: Այլ կերպ ասած՝ վերջիններս հղում են անում Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ հարցից խուսափելու նպատակով։ Չնայած Եվրամիության երկրների կառավարությունները չունեն հարցի վերաբերյալ համաձայնեցված ընդհանուր քաղաքական դիրքորոշում, ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում Ադրբեջանը Եվրոպայի ռազմավարական հակառակորդը չէ. այն համարվում է էներգիայի «վստահելի» մատակարար, կապի միջոց Թուրքիայի հետ եւ հնարավոր հակակշիռ Իրանի ու Ռուսաստանի դեմ։ Այս համատեքստում է նաեւ, որ 2023թ. Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությունն ու էթնիկ զտումը, որն ի դեպ համարվում է մարդկության դեմ հանցագործություն, մնացել են անպատիժ։

Ըստ իս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկա դիրքորոշումը չի կարող արդարացում հանդիսանալ՝ այս հանցանքը եվրոպական երկրների կողմից մոռացության մատնելու համար։ Այդ պատճառով մենք սերտորեն համագործակցում ենք այն խորհրդարանականների հետ, ովքեր հանձն են առել պաշտպանել մարդու ու ժողովուրդների հիմնարար իրավունքները, միջազգային իրավունքի հիմնարար դրույթները։ Ֆրանսիայի Ազգային ժողովն ու Սենատը մի քանի բանաձեւեր են ընդունել՝ ի նպաստ արցախահայության վերադարձի իրավունքի: Նույնը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում, Բելգիայի, Շվեյցարիայի եւ եվրոպական այլ երկրների խորհրդարաններում: Ի դեպ Շվեյցարիայի խորհրդարանի բանաձեւը պարտադիր ուժ է կրում Շվեյցարիայի կառավարության համար: Հակադրական է, երբ եվրոպական կառավարություններն իրենց հռչակում են ժողովրդավարության պաշտպաններ եւ միաժամանակ չեն հետեւում սեփական խորհրդարանների` ժողովրդի ներկայացուցիչների կողմից ընդունված բանաձեւերին:

Որքանո՞վ է կարեւոր Եվրոպայում կամ ցանկացած այլ երկրում Արցախի ներկայացուցիչ ունենալը։

-Արցախահայերը սոսկ փախստականներ չեն, նրանք մարդկության դեմ հանցանքի զոհեր են։ Նրանց զրկել են իրենց հողերից, բնակարաններից, իրենց ապագայից: Այս ամենը տեղի է ունեցել իրենց ժողովրդավար, մարդու իրավունքների պաշտպան համարող պետությունների լռության եւ անտարբերության պայմաններում։ Այս համատեքստում է կարեւորվում Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցչության առկայությունը։ Այսoր որեւէ պետություն, այսինքն՝ որեւէ պետության գործադիր մարմին, փաստացի չի պաշտպանում հայրենազուրկ արցախահայության քաղաքական իրավունքները: Մինչդեռ նրանց ձայնը պետք է լսելի դարձնել: Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչությունը ստանձնել է այս առումով իր բաժին պատասխանատվությունը եւ շարունակելու է իր ծառայությունը՝ որպես հենարան ունենալով բարի կամքի տեր բոլոր անձանց եւ ուժերին:

Ռոզա Հովհաննիսյան