
«Ի՞նչ կլինի, եթե հայ ժողովուրդը հրաժարվի Արցախ վերադառնալու նպատակից, կլինի հայոց պետականության անկում, որովհետեւ կստացվի, որ մենք մեր հավաքական իրավունքներից, մեր հայրենիքի, մեր ժառանգության, մեր անհատական իրավունքների հանդեպ պատասխանատվությունից հրաժարվում ենք՝ Ալիեւին, թուրք-ադրբեջանական տանդեմին ասելով, որ մենք մեր իրավունքների սահմանները չունենք։ Եթե իշխանությունների տրամաբանությամբ շարժվենք, որ ասում են՝ բախումնային տրամաբանությունից խուսափում ենք, ապա Սյունիքը գրավելու դեպքում կրկին կարող ենք ասել, որ խուսափում ենք բախումնային տրամաբանությունից, եկեք Սյունիքից հրաժարվենք, որպեսզի լավ ապրենք»,- այսօր Արցախ վերադարձի հարցով խորհրդաժողովի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար, Արցախ միության ղեկավար Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ սա եւ անվտանգային մեծ ռիսկեր է առաջացնում, եւ ազգային դիմադրողականության ռիսկեր։ «Եթե ավելի նեղացնենք այս հարցը, արցախցիների՝ 150 հազար հավաքական ժողովրդի անհատական ու հավաքական հիմնարար իրավունքների հարցն է սա։ Բայց ավելի լայն նայենք՝ հայ ժողովրդի տեսանկյունից, եւ մենք կարող են առնչվել ցեղասպանության նոր փուլերի»,- ասաց Բելգարյանը։
Նա նշեց, որ իշխանություններն ուղիղ կամ անուղղակի կերպով փորձում են վախեցնել ադրբեջանական հայելային պահանջներով, չակերտավոր ասած՝ «արեւմտյան Ադրբեջան» եւ ադերբեջանական ռեժիմի այլ պահանջներ, որոնք օգոստոսի 8-ից հետո էլ շարունակվում են։
«Ինչո՞ւ մենք չպետք է ընկնենք այս ծուղակը եւ չպետք է ասենք, որ Արցախի ժողովրդի վերադարձի հարցը համադրելի է Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների վերադարձի հետ, ես վեց հիմնական փաստարկ ունեմ։ Առաջին փաստարկը կարգավիճակն է, Արցախի ժողովուրդն ուներ եւ ունի միջազգային իրավունքի տեսանկյունից ժողովրդի կարգավիճակ, որը նշանակում է, որ մենք եւ խորհրդային, եւ անկախության տարիներին մեր ինքնորոշման իրավունքի հիման վրա ունեցել ենք ինքնակառավարման սուբյեկտ։ Եվ մենք իրացրել ու պաշտպանել ենք մեր ինքնորոշման իրավունքը։ Ընդ որում, վերադարձի իրավունքը պետք է դիտարկել ինքնորոշման իրավունքի համատեքստում»,- ասաց նա։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ երկրորդ փաստարկը տեղահանման պատճառներին ու ձեւին է վերաբերում։ Ի տարբերություն ադրբեջանցիների, արցախցիները բռնի տեղահանվել են միջազգային հանցագործության, տվյալ պարագայում՝ ցեղասպանության հետեւանքով։ Կամ ոմանք դա որակում են էթնիկ զտում, որը մարդկության դեմ հանցագործություն է։ Եվ սա ամրագրվել է միջազգային տարբեր իրավապաշտպան ու միջազգային կառույցների եւ փորձագետների կողմից։ Իսկ ադրբեջանցիները ոչ թե Հայաստանից տեղահանվել են, այլ խորհրդային ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ խաղաղ ձեւով տեղափոխվել են՝ հնարավորություն ունենալով իրենց տները վաճառել, փոխհատուցում ստանալ։ Ըստ Բեգլարյանի՝ Արցախի հայերն ու ադրբեջանահայերը ցեղասպանությանը առերեսվելով՝ բազմաթիվ զոհեր ու վիրավորներ են ունեցել եւ մազապուրծ փախել են՝ առանց գույքի փոխհատուցման ու այլ հնարավորությունների։
«Երրորդ փաստարկը իրավական հիմքերն են։ Արցախի ժողովրդի վերադարձի վերաբերյալ ոչ թե ընդհանրական միջազգային ակտեր կան, այլ կա, օրինակ, Արդարդատության միջազգային դատարանի՝ միջազգային հանրության բարձրագույն դատարանի ակտը՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի հրամանը, որտեղ հստակ գրված է, որ ԼՂ-ից տեղահանված անձինք պետք է արագ, անխոչընդոտ եւ անվտանգ կերպով վերադառնան իրենց հայրենիք։ Ի տարբերություն սրա՝ ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ որեւէ իրավական հիմք չկա։ Ավելին ասեմ, մեր պարագայում կան նաեւ բազմաթիվ քաղաքական բանաձեւեր ու հայտարարություններ, ադրբեջանցիների վերաբերյալ չկա»,- ընդգծեց նա։
Չորրորդ փաստարկը, Արտակ Բեգլարյանի խոսքով, ժամկետն է։ Եթե իրավունքի տեսակետից ժամկետն էական չէ, ապա գործնական տեսակետից ժամկետն էական է։ «Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը վերջերս է տեղի ունեցել, ցավը առկա է դեռեւս խորը, խնդիրը հրատապ է, ժողովրդի մոտ ցանկությունն առկա է։ Վերջին հարցումներով՝ արցախցիների ավելի քան 70 տոկոսը ցանկանում է վերադառնալ՝ համապատասխան պայմանների առկայության պայմաններում։ Իսկ ադրբեջանցիների պարագայում իրենք շուրջ 40 տարի առաջ են տեղափոխվել, ոչ թե բռնի տեղահանվել։ Հինգերորդ փաստարկը քանակն է։ Բռնի տեղահանվել է 150 հազար արցախցի, ըստ սովետական մարդահամարի՝ բռնի տեղահանվել է 360 հազար, իսկ փորձագիտական հիմնավոր հաշվարկներով՝ ավելի քան 500 հազար ադրբեջանահայ, որոշ փորձագետներ նաեւ հաշվարկում են ավելի քան 700 հազար։ Ադրբեջանական իշխանությունները բավականին հմուտ կերպով կեղծում էին փոքրամասնությունների թվերը։ Իսկ ադրբեջանցիները, ըստ մարդահամարի եւ փորձագիտական հաշվարկի, 1988 թվականի դրությամբ շուրջ 160 հազար էին խորհրդային Հայաստանում։
Եվ վեցերորդ փաստարկը դա վերադարձի որոշման հիմքն ու ձեւն է։ Եթե Ադրբեջանն ավտորիտար պետություն է, եւ այնտեղ առ այսօր առկա են փախստականների վրաններ, եւ փասխսատականների մի մասն ուղիղ կախվածության մեջ է գտնվում ալիեւյան ռեժիմից, ապա Հայաստանում թե արցախցիները, թե Ադրբեջանից բռնի տեղահանված մնացած հայերը որեւէ կախվածություն չունեն իշխանությունից։ Եվ ՀՀ-ն առնվազն նույն ավոտրիտար ռեժիմը չունի։ Իսկ միջազգային իրավունքն ասում է, որ վերադարձը պետք է տեղի ունենա կամավոր»,- ասաց Արտակ Բեգլարյանը։