ՀՀ նոր անձնագիր չստացած արցախցիները կկարողանան մասնակցել ՏԻՄ ընտրություններին

  • 17:32 25.09.2025

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 25-ի հերթական նիստում սահմանել է Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում իրականացնելու նպատակով մասնագիտացված կազմակերպություն ընտրելու մրցույթի անցկացման կարգը:

Հանձնաժողովը մեկ այլ հարցով փոփոխություն կատարեց «ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի տեսակները սահմանելու մասին» ԿԸՀ ընդունած N 21-Ն որոշման մեջ։

Այսպիսով, ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու նպատակով ՀՀ քաղաքացիություն չունեցող ընտրողների համար, ի թիվս գործող փաստաթղթերի, սահմանվեց նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների համար անձնագիրը, որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին՝ 070 ծածկագրով։