Հայաստանի, Ադրբեջանի շուրջ ԱՄՆ-ը «խորհրդակցում է Թուրքիայի հետախուզության ղեկավարի հետ»

  • 17:42 25.09.2025

ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ պարբերաբար խորհրդակցում է թուրք պաշտոնյաների հետ Հարավային Կովկասին առնչվող հարցերի վերաբերյալ:

Նա մանրամասնել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքի միջոցով Ադրբեջանի, Հայաստանի և Ուկրաինայի հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը նշել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը խրախուսում է նման շփումները:

«Օրինակ՝ ես զանգահարում եմ Թոմին և հարցնում, թե ինչ կարծիք ունի Իբրահիմը այս կամ այն հարցի վերաբերյալ։ Ես կարող եմ շատ նման օրինակներ բերել», – ասել է Ուիթքոֆը Նյու Յորքում Concordia ամենամյա գագաթնաժողովին ելույթի ընթացքում:

Ըստ նրա՝ թուրք դիվանագետներն ու հետախուզությունն էական դեր ունեն տարածաշրջանային հարցերում ԱՄՆ-ի ղեկավարի թիմի համար։