Գորիսում այսօր գրեթե ոչ ոք չէր հիշում, որ երկու տարի առաջ այս օրը ամբողջ Արցախի բնակչությունն իրենց քաղաքում էր:
Չէին հիշում նաեւ այստեղ ապրող արցախցիները: Քաղաքն իր հերթական առօրյան էր սկսել առավոտյան: Երեխաներն ինչ-որ համերգի փորձեր էին անում հրապարակում, ավելի փոքրերին դասվարը էքսկուրսիա էր տանում, աշնան արեւն էլ ավելի միապաղաղ էր դարձրել օրը, թվում էր, թե կիրակի է, ինչպես շաբաթվա մյուս բոլոր օրերն այստեղ:
Արցախցիները կխոստովանեն, որ այս քաղաքը նրանց համար պարզապես “տարանցիկ մի վայր” էր Երեւան գնալու ճանապարհին, եւ դժվար թե հայերի մեջ ներքին տուրիզմը բավական զարգացած էր՝ միմյանց բնակավայրերի մասին ավելին իմանալու համար: Արցախի պողոտայում այլևս չկան Ստեփանակերտից եկող մարշրուտկաներ, որոնք սովորաբար այստեղ կանգնում էին սրճի ընդմիջման համար, ոչ էլ այլ մեքենաների շարժ կա․ հույլ նախիրը մայրուղով արոտավայր էր բարձրանում:
Step1.am-ը շրջել է Գորիսում եւ փորձել “հիշեցնել” տեղացիներին եւ արցախցիներին 2023թ. այս օրը, հասկանալ, ինչպես են ապրում արցախցիներն այսօր, ինչ ընթացք է ստացել նրանց կյանքն անցած երկու տարում:
Վարդան, տաքսիստ, Գորիս: Ի՞նչպես կարող են լավ լինել, եթե մարդիկ սեփականություն չունեն, ոչինչ չունեն: Ես քսան տարի Մոսկվա եմ ապրել, այնտեղ շատ եմ հանդիպել հարուստ ղարաբաղցիների: Չգիտեմ, գուցե թալանով են հարստացել, գուցե սեփական քրտինքով: Մեր գյուղում էլ կան ղարաբաղցիներ, շատ լավ էլ ապրում են: Պետությունը փողերը տալիս է` նրանք էլ ապրում են: Ով վարձով տուն է վերցրել, պետությունը փողերը փոխացնում է: Լավ են:
Էդիկ, ստեփանակերտցի: Ճիշտն ասած չեմ հիշել, որ այսօր 25-ն է: Մոռացել էի: Հիմա Ղարաբաղում մենակ նրանք են (ադրբեջանցիները), մեր կյանքն էլ այստեղ «վըշի է, վըշի»: Ի՞նչ ասեմ:
Տիկին Երջանիկ, Ակնաղբյուր, Արցախ: Ես ամենավերջին օրն եմ եկել: Ամսի քանի՞սն էր, երեսո՞ւնը: Ես անգամ վախենում էի, որ կմնամ այնտեղ: Ի՞նչ է փոխվել ղարաբաղցիների կյանքում: Ոչինչ: Ավելին, օր օրի վատանում է: Մի տան բնակվարձ էին տալիս, դա էլ են կտրել: Իսկ դուք որ նայում եք, առաջխաղացո՞ւմ եք տեսնում: Ես` ոչ: Բայց եթե թողնեն վատ էլ ապրենք, թողնեն գոնե այստեղ ապրենք` էլի գոհ ենք: Դուք այստեղից էլ վախեցեք:
Տիկին Նվարդ, Գորիս: Ինքս էլ Բաքվից փախստական եմ, իհարկե, սկզբից շատ դժվար է լինում: Տուն տեղ կորցնելը հեշտ բան չէ, ես դա շատ լավ եմ հասկանում: Մենք գոնե կարողացել ենք մեր տունը վաճառել եւ գալ այստեղ: Իսկ արցախցինե՞րը: Ի՞նչ ասեմ արցախցիների մասին, հո չեն վտարելու մեր հողից: Տեսնում եք, չէ՞ ինչ наглый են, вот что значит чужие земли раздавать. Այնպիսի բաներ է ասում այդ Ալիեւը, ասես клоун լինի:
Տիկին Սուսան, Մարտակերտ: Եթե սա ապրել է, բա մեռնելը ո՞րն է: Ես անգամ այդ մասին այլեւս չեմ կարողանում խոսել, այլեւս ուժ չունեմ: Իմ անցած օրերը… երբ հիշում եմ, նորից ներվայնանում եմ` ճնշումս բարձրանում է: Հաց ենք ուտում` այդ ցավը մեր հետ, ջուր ենք խմում` մեր հետ: Մեր հետ բերած գթալը վերցնում` այնտեղի տունն եմ իսկույն հիշում: Ղարաբաղցիները Ղարաբաղ են ղարաբաղցի եղել, ապրել են, իսկ այստեղ աշխատավարձը կոպեկներ է, նրանք այստեղ նույն կերպ ապրել չեն կարող այլեւս:
Մերի, Գորիս: Այս պատերազմը շատերին է փոխել: Մենք հարեւան ունենք, ով շատ էլ գոհ է: Ասում է՝ ես Ղարաբաղում այսքան լավ կյանք չեմ տեսել (կլխան հափռա՞ծ ա տա, ընդհանտում տիկին Սուսանը): Ես էլ նրան ասում եմ՝ դուք ձեր հողը կորցրել եք, տունը կորցրել եք, ինչպե՞ս կարող ես այդպես մտածել: Նա էլ ասում է, ի՞նչ տուն եմ ունեցել, չոբան մարդ եմ եղել, ոչինչ չեմ ունեցել, իսկ այստեղ ես մարդավարի ապրում եմ: Այսինքն նրանք ունեն այն կարծրատիպը, որ ոչինչ, թող երկիրը կորչի, միայն թե ես լավ ապրեմ: Բայց իհարկե, ուրիշներն էլ կան, տեսնում ես, որ ամբողջ օրը մտամոլոր են: Ես գործընկեր ունեմ ղարաբաղցի, որ ամեն անգամ խոսակցության մեջ իրենից անկախ աչքերը լցվում են. ասում է՝ իմ տունը, իմ հողը, ասում է՝ այստեղ աշխատանքն ասես սրտանց չանեմ, ես իմ աշխատասենյակն եմ ուզում: Բայց իհարկե, ադեկվատ մարդիկ շատ կան: Ինձ թվում է՝ ղարաբաղցիները չեն հարմարվել Գորիսում: Շատերին են կացարան առաջարկել, բայց ասել են՝ մենք հո հիմար չենք, որ մնանք այստեղ, ասում էին համբերեք` ձեր հերթն էլ է գալու: Ես այդ արհայտությունը շատ եմ լսել եւ շատ վատ զգացել ինձ: Ինչպե՞ս էին ասում իրենց բարբառով… գալու են ձեր խոխոցը կտորին, արունլվիկ անեն, ասում էին՝ մենք այստեղ չենք ուզում մնալ: Ի՞նչ ասեմ, ամեն տեղ լավն էլ կա, վատն էլ:
Յուրա պապիկ, Գորիս: Շատ լավ էլ ապրում են: Նրանց ի՞նչ է եկել, ամբողջ փողը նրանց են տալիս: Ամեն ձեւի նրանց պահում են, օգնություն են տվել, շոր են տվել, ամեն ինչ տվել են, սառնարան են տվել, գազ են տվել, մարդիկ ապրում են, պետությունը նրանց պահում է: Ի՞նչ անենք, հիմա դարն այդպիսին է:
Տիկին Լաուրա, Գորիս: Ես շատ եմ հավանում ղարաբաղցիներին: Աշխատասեր, խելոք, ընդունակ մարդիկ են, բայց թե ինչու այսպես եղավ` մենք էլ չհասկացանք: Թե ինչպես Արցախը տվին` չհասկացանք: Բայց ի՞նչ անել, ժողովուրդը մի կերպ պետք է ապրի, յոլա գնա, մարդն ամեն դժվարության հարմարվում է: Չենք կարողանում հավատալ, որ Արցախը տվեցին: Հիմա էլ Սյունիքի վրա է նրանց աչքը, բայց թող այդպես էլ աչքները վրա մնա, այդքան բան: Ղարաբաղն են տվել, Սյունիքն էլ չտան:
Նելի, Գորիս: Ճիշտն ասած, ես շատ չեմ հանդիպում արցախցիների, բայց գիտեմ, որ քաղաքում կան: Ավելի շատ հեռու տեղ են գնացել, չգիտեմ Երեւան գուցե: Հիմնականում աշխատանքի պատճառով երեւի: Շատ բան չգիտեմ, չեմ կարող ասել: Հենց մեր խանութի դեմն էր այդ սարսափելի տեսարանը երկու տարի առաջ: Ես երեք օր չեմ կարողացել հաց ուտել, այդ ապրումներն այնքան եմ վերապրել… շատ վատ էր ինձ համար, նկարագրել չեմ կարող:
Սլավա, Գորիս: Իհարկե, կարոտում են: Հարեւանս ղարաբաղցի է: Ես ի՞նչ կարող եմ անել, ասում եմ՝ լավ է լինելու, համբերիր, փորձում եմ հուսադրել: Տուն է գնել, բայց որքան տեղյակ եմ, որոշել է վաճառել եւ գնալ: Ուզում են գնալ: Որքան տեղյակ եմ, եղբայրներն արտերկրում են ապրում, նա էլ որոշել է գնալ նրանց մոտ, չի հարմարվել:
Արմեն, Գորիս: Արցախցիների չեմ հանդիպում գրեթե, չեմ կարծում, որ մնացել են: Հիմնական մասը հաստատ հեռացել է: Բայց ես հստակ բան ասել չեմ կարող, չեմ կարող ինչ-որ սխալ տպավորություն ստեղծել: Հիմա էլ Սյունիքից են խոսում, բայց ես ոչինչ ասել չեմ կարող, քանի մարդ` այնքան կարծիք: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա, ես ոչինչ չեմ որոշում, բայց չեմ կարծում, որ կա գեթ մեկ գորիսեցի, որ կթողնի իր տունն ու հեռանա:
Տիկին Գայանեն (Աթայան) “Մարդը կարիքի մեջ” կազմակերպությունում է աշխատել, որպես Երեխաների զարգացման կենտրոնի խմբակավար եւ արցախցիների դժվարություններին տեղյակ է դեռ 2020 թվականից:
Գիտե՞ք, կարծում եմ, ավելի շուտ արցախցիները պետք է զգան, թե ինչ ընթացք է ստացել նրանց կյանքը Հայաստանում: Հարմարվե՞լ են, ադապտացվե՞լ են նրանք: Ես աշխատել եմ արցախցի երեխաների, ծնողների հետ դեռեւս 2020 թվականի պատերազմի ժամանակ, դրանք շատ ծանր օրեր էին: Յուրաքանչյուր գորիսեցի իր պարտքն է համարել թեկուզ մի փոքր օգնել նրանց, թեկուզ խոսքով, վերաբերմունքով: “Մարդը կարիքի մեջ” կենտրոնի աջակցությամբ Երեխաների զարգացման կենտրոն էր գործում: Արցախցի երեխաները միացել են տեղացիներին եւ մենք փորձել ենք արցախցի երեխաների համար ամեն ինչ անել մեր կարողությունների սահմաններում, որպեսզի նրանք իրենց մեկուսացված, օտար չզգան: Ես դա մեր հաջողությունն եմ համարում: Երեխաներն այնքան էին իրար հետ մերվել, որ հնարավոր չէր ասել մեկը գորիսեցի է, մյուսը` արցախցի: Միգուցե ծնողներն էլ են նրանց հետ տանն աշխատել` այս բարդույթները հաղթահարելու համար: Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի հանկարծ արցախցի, գորիսեցի տարբերակում չլինի:
Հիշում եմ, մի միջադեպ էր եղել, երբ տեղացի երեխաներից մեկն արցախցի երեխայի մասին ասել էր՝ ամեն օր նույն շորերով է գալիս: Միանգամից ոչ միայն ես, այլ բոլոր իմ գործընկերները վրա տվինք, որ դու մոռանո՞ւմ ես, որ նա Արցախից է եկել: Ամեն դեպքում, արդեն երկու տարի է անցել, նրանց պետք է ասեն, թե ինչպես են իրենց զգում, երբ քայլում են Գորիսի փողոցներով: Ես հարեւան ունեմ Արցախից, նրանց երեխան շատ ընկճված էր այն ժամանակ, բայց այսօր շատ է բացվել, մայրն աշխատանք է գտել, նա էլ շատ հպարտ քայլում է Գորիսում:
Եթե անգամ մեկ երեխա արդեն ընկճված չէ, ես համարում եմ, որ մենք հաջողություն ենք գրանցել:
Ես ձեզ մի օրինակ բերեմ. 2020թ. պատերազմի ժամանակ, երբ կանայք ու երեխաները տեղափոխվել էին այստեղ, իսկ տղամարդիկ պատերազմում էին, մենք նրանց հետ աշխատելու փորձ չենք ունեցել: Պարզապես լսել էինք, որ Արցախում պատերազմ է, եւ կայանք ու երեխաները դուրս են եկել: Բայց այն ժամանակ կանայք գիտեին, որ ժամանակավոր բնույթ է կրում եւ վերադառնալու են: Ինչեւէ, մենք փորձել ենք նրանց մեր խոսքով շեղել, զբաղեցնել, երեխաների համար խաղեր էինք կազմակերպում, թատրոն տանում, բայց միեւնույն է, երեխաների համար հետաքիր չէր լինում: Տարիքային որոշ խմբի հետ ստացվում էր, բայց բարձր տարիքի երեխաները, հատկապես տղաների դեպքում չէր ստացվում:
2020թ. մենք մի դեպքի էինք ականատես եղել, որ մինչեւ հիմա սարսուռով եմ հիշում. հյուրանոցում արցախցի երեխաների համար ֆիլմի դիտում էինք կազմակերպել (տղաները չմնացին, իրենց սենյակներ գնացին, 14-15 տարիեկան երեխաներ էին), երբ աղջիկներից մեկը ֆեյսբուքից իմացավ, որ հորեղբոր տղան զոհվել է: Հենց ֆիլմի դիտման ժամանակ: Չեք պատկերացնում, թե ինչ էր կատարվում, այլեւս հնարավոր չէր նրանց համար հեքիաթ պատմել, գիրք կարդալ:
Բայց այս անգամ, 2023 թվականին, ուրիշ էր, ավելի ծանր: Նրանք եկել են Հայաստան, հասկանալով, որ հետդարձի ճանապարհ չկա այլեւս:
Մարութ Վանյան