Ներկայացվեցին հիմքերը, թե ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից

  • 12:38 26.09.2025

ԱԺ «Պատվ ունեմ» խմբակցությունն այսօր հրավիրել է խորհրդարանական լսումներ, քննարկվում է «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց հիմքերը, թե ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից։

Ազգային անվտանգության համակարգը հիմնովին խարխլվել է՝ ի ցույց դնելով գործող իշխանության անպատասխանատվությունը, անկարողությունը, կեղծավորությունն ու հրաժարումը ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված նպատակներից, արժեքներից, կանոններից, ինչը հանգեցրել է ծանրագույն հետևանքների ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Արցախի անվտանգության ապահովման, ռազմական սպառնալիքների զսպման և չեզոքացման գործում.

Արցախի կորուստը․

Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախյան հակամարտության՝ տասնամյակների բանակցային գործընթացի ձեռքբերումների ոչնչացում, արդյունքների զրոյացում և սեփական զրոյական կետից մեկնարկած բանակցային գործընթացի ձախողում, արկածախնդրության հետևանքով սանձազերծված պատերազմ, Արցախի Հանրապետության ճանաչում Ադրբեջանի կազմում, իր բնօրրանում էթնիկ զտման ենթարկված, Արցախից բռնի տեղահանված արցախայության խնդիրների նկատմամբ ՀՀ կառավարության անտարբեր վերաբերմունք և անգործություն:

Պետությունը՝ ի դեմս գործող կառավարության, լրջորեն ձախողել է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 140,000 մեր հայրենակիցների սոցիալական պաշտպանվածությանը, հումանիտար աջակցմանը և երկարաժամկետ ինտեգրման քաղաքականությանը միտված ծրագրերը։ Չկան ամբողջական ռազմավարական մոտեցումներ և տեղային համակարգված ծրագրեր, որոնք կապահովեն նրանց կենսապահովման նվազագույն պայմանները, աշխատանքի և կրթության հասանելիությունը, բժշկական և սոցիալական ծառայությունները։ Այս իրավիճակը ոչ միայն խորացնում է փախստականների մարդկային ողբերգությունը, այլև ցույց է տալիս պետության անպատրաստ լինելը ազգային ճգնաժամերին համարժեք արձագանքելու առումով։

Բոլոր ուղղություններով այս համապարփակ ձախողումը պատահական չէ: Այն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, որոշումների և անձնական վարքագծի ուղղակի արդյունքն է: Նրա հանցավոր սխալները հանգեցրին Արցախի կորստին: Նրա անփույթ դիվանագիտությունը անտեսում է մեր ռազմագերիների առկայությանը: Նրա ավտորիտար հակումները բերեցին իր այլախոհների բանտարկությանը: Նրա վարչակազմը խթանեց կոռուպցիայի նոր մակարդակ: Նրա տնտեսական անարդյունավետ կառավարումը լրջագույն տնտեսական խնդիրների առջև է կանգնեցրել Հայաստանի Հանրապետությանը։

Կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն չի դիտարկում որպես առաջնահերթություն, այլ ամբողջությամբ հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։

Մի շարք այլ հիմքեր եւս ներկայացվում են նախագծում, բարձրաձայնվում է նաեւ հայ գերիների հարցի մասին։

«Մենք հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը։ Նրա շարունակական պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։

Կառավարության աղետալի գործունեությունը պետական կառավարման բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, տնտեսություն և սոցիալական ապահովություն, ցույց է տալիս նրա հիմնարար անգործունակությունը և տեսլականի բացակայությունը։ Այս ձախողումների ազդեցությունը վտանգում է հայկական պետականության ապագան։

Ուստի, մենք հայտարարում ենք, որ այս պահին ազգային արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումը Ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործըթնացն է, որը ենթադրում է հետևյալ քայլերի հերթականությունը.

  1. Վարչապետին անվստահություն հայտնելու գաղափարի շուրջ պատգամավորների կոնսոլիդացիա։
  2. Ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում, որի գերակայությունները պետք է լինեն՝
  • կայունացնել ազգային անվտանգության իրավիճակը,
  • վերականգնել օրենքի գերակայությունը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և երաշխավորել ժողովրդավարական ազատությունները,
  • վերականգնել հանրային համերաշխության մթնոլորտը,
  • կազմակերպել ազատ, արդար և մրցակցային խորհրդարանական ընտրություններ,
  • կասեցնել Հայաստանի միջազգային հեղինակության անկումը,
  • զերծ պահել երկիրը տնտեսական ցնցումներից,
  • միջազգային հարթակներում առաջ մղել ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը»,- ասաց Աբրահամյանը։