Այս տարվա ապրիլից, հետո արդեն հուլիսից սկսած Արցախի ժողովրդի հումանիտար-սոցիալական վիճակը կտրուկ վատացել է, ինչի հետեւանքով, տարբեր փորձագիտական հաշվարկներով՝ Արցախի ժողովրդի շրջանում աղքատությունն ավելի քան 80 տոկոս է։ Այն դեպքում, երբ ՀՀ-ում միջին աղքատությունը շուրջ 23 տոկոս է։ Այս մասին այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Եվ գնալով խորանում է այդ աղքատության ցուցանիշը, քանի որ մեր ժողովուրդը շարունակում է վարձով ապրել՝ ավելի քան 100 հազար մարդ։ Մոտ 20 հազար արցախցի աշխատում է, սակայն միջին աշխատավարձը Հայաստանի միջին աշխատավարձից մոտ 40 տոկսով ավելի ցածր է, այն դեպքում, որ սպառողական զամբյուղն ու կարիքներն ավելի բարձր են, քան ՀՀ միջին բնակչի սպառողական զամբյուղը։ Այսինքն՝ աղքատության շեմը ոչ թե պետք է հաշվել 78 հազար դրամով, այլ 78 հազար դրամ, գումարած բնակվարձ։ Եվ այս պարագայում ամռանը մենք ունեցել ենք լրացուցիչ արտագաղթի ալիք, որովհետեւ մարդիկ ցանկանում են ապրել մայր Հայաստանում՝ արժանապատիվ ու կայուն կեցությամբ, բայց չեն կարողանում։ Եվ արտագաղթը գնալով մեծանալու է արցախցիների շրջանում»,- ասաց Բեգլարյանը։
Նա նշեց, որ այս պայմաններում պետք է խոսել երկու հիմնական ձախողված ծրագրի մասին՝ բնակարանային ծրագիր, եւ զբաղվածության ծրագիր։ Հայաստանի գործող կառավարության՝ արցախցիների համար նախատեսված զբաղվածության ծրագիրը տոտալ ձախողվել է։
«Եվ դա իշխանության բարձրագույն ներկայացուցիչները մեզ հետ փակ հանդիպումներում բառացի ընդունել են։ Ինչ վերաբերում է բնակարանային ծրագրին, ապա այդ ծրագիրն ընդունվել է զրո ներառականության պայմաններում։ Ընդունեցին, 7-8 ամիս շարունակ տեսան, որ ոչ ոք չի դիմում, չեն էլ կարողանում ընթացակարգային առումով դիմել, ստանալ վկայականը։ Ստիպված որոշ տեխնիկական բարելավումներ արեցին։ Հետո մենք սկսեցինք փողոց դուրս գալ, բողոքել, կիսատ-պռատ, ձեւական ձեւով մեզ հետ սկսեցին ինչ-որ ձեւով բանակցել, պայմաններ թելադրել, հետո մարել փողոցային պայքարը եւ այն։ Ինչ բանակցություններում ընդունել են, դրա մեծամասնությունը նույնիսկ չկատարեցին։ Արդյունքում՝ մեկ ու կես տարի անց բնակարանային ծրագրից օգտվել է մի քանի հարյուր ընտանիք, եթե չեմ սխալվում՝ 500-600։ Այն դեպքում, երբ շահառուները 25-30 հազարն են։ Եվ այս պայմաններում ոչ միայն իրենք չեն ցանկանում սկզբունքները վերանայել, որոնք շատ էական են՝ դա կլինի համայնքային բնակեցում, առաջնային շուկայի խթանում, այլ նաեւ որեւէ կերպ կայուն արժանապատիվ կեցության պայմաններ չեն ապահովում, թեկուզ ժամանակավոր»,- ասաց նա։
Բեգլարյանն ասաց, որ արհեստական կերպով խթանում են երկրորդային շուկայից տների գնումը, դրա միջոցով արհեստական գնաճ են ստեղծում։ Այդ գումարը հիմնականում դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, որովհետեւ բնակարան վաճառողները տունը վաճառում են, գումարը վերցնում եւ արտագաղթում են։ Ոչ տնտեսական արդյունք կա, ոչ էլ ժողովրդագրական։ «Այնինչ, մենք առաջարկում էինք այդ 2 մլրդ դոլարով կառուցել տներ, ապահովել տնտեսական ավելացված արժեք, թարմացնել բնակֆոնդը, ապահովել ժողովրդագրական արդյունք, բայց իրենք դա չարեցին»,- հավելեց նա։
Նա ասաց, որ երբ արցախցիներն իրենց ձայնը բարձրացնում են, ատելության տարափ է սկսվում արցախցիների դեմ։ «Հենց այս ելույթից հետո կտեսնեք, թե իմ դեմ ինչ արշավ են սկսում։ Բայց խնդիրն այն է, որ երբ մենք ՀՀ օրենսդրությամբ դիմում ենք դատախազությանը, քննչական մարմնին եւ պատշաճ հաղորդում ենք տալիս հանցագործության մասին, ոչ մի հանցագործության հիմքով վարույթ չի սկսվում, մեղադրյալ կամ կասկածյալ չկա, բայց երբ իրենց է վերաբերում ատելության խոսքը, լավ էլ գործերը կարում են»,- հավելեց նա։