Մենք վերջիվերջո ազգ ենք, չէ՞, աշխարհը մեզ է նայում, ամոթ է, ես գետինն եմ ուզում մտնել

  • 20:08 26.09.2025

«Պետական մակարդակով եղել է հանցագործություն ու դավաճանություն՝ մեկը ցեղասպանություն է մատուցել, մեկն էլ ցեղասպանությունն իրականացրել է։ Խնդիրը մեր մեջ է, որովհետեւ եթե մենք այս ծանր գործողություններից հետո, կործանումից հետո չենք հասկացել, թե ինչ է կատարվել մեզ հետ, նույն իրավիճակը շարունակվելու է կրկնապատիկ»,- այսօր ԱԺ լսումների ժամանակ ասաց արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը։

Նա հայ ժողովրդին կոչ արեց ուշքի գալ ու հասկանալ՝ Արցախը մեկ օրում կորցրեցինք, Հայաստանի վերաբերյալ եւս այդ ծրագրերն են, թրքացման ծրագիր է իրագործվում։

«Մենք վերջիվերջո ազգ ենք, չէ՞, աշխարհը մեզ է նայում, ամոթ է, ես գետինն եմ ուզում մտնել։ Արցախը բազմահազար տարիների պատմություն ունեցող մեր պատմական երկիրն է, ո՞նց ենք թողել, որ սա իրականացնեն, որովհետեւ առիթավորվել է։ Անպատիժ է մնացել, դրա համար շարունակում է դավաճանություն կատարել։ Արցախը կորցրել ենք, եկել այսօր Սյունիքից ենք խոսում։ Չէ, մենք պիտի Արցախից խոսենք, մենք պիտի միշտ սրանց աչքը կոխենք Արցախը, սրանք Արցախից սարսափում են, նույնն էլ Ալիեւն է սարսափում»,- հայտարարեց նա։

Անաստաս Իսրայելյանը հավելեց․ «Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ այսօր էսքան ժողովուրդ է հավաքված, բայց Նիկոլ Փաշինյանի դեմը չենք կարողանում առնե՞լ։ Չեմ հավատում, ինքն էդքան չկա, որ սաղ ազգին էսպես մոլորեցրած պահի, ինքն առիթավորվում է մեր անգործությունից»։