ВВС
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ուրբաթ օրը առաջացրեց զգացմունքների փոթորիկ՝ սուլոցներից մինչև ծափահարություններ: Տասնյակ մարդիկ լքեցին դահլիճը, նախքան նա ելույթ ունեցավ, բայց շատերը բղավեցին Իսրայելին աջակցության խոսքեր։
Նեթանյահուն իր ելույթը սկսեց այսպես կոչված իրանական դիմադրության առանցքի անդամների թվարկմամբ, որոնց Իսրայելը լուրջ վնաս էր հասցրել վերջին մեկ տարվա ընթացքում՝ Գլխավոր ասամբլեայում իր նախկին ելույթից ի վեր։
«Այս առանցքը սպառնում էր համաշխարհային խաղաղությանը, մեր տարածաշրջանի կայունությանը և իմ երկրի՝ Իսրայելի գոյությանը», – հայտարարեց Նեթանյահուն։
Նա նկարագրեց, թե ինչպես է վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելը հարվածել Եմենում հութիներին, ոչնչացրել «Համասի ահաբեկչական մեքենայի մեծ մասը» և «լուրջ վնաս հասցրել Հեզբոլլահին» Լիբանանում։
«Բայց ամենակարևորը […] մենք ոչնչացրել ենք Իրանի միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրերը», – հավելեց Իսրայելի վարչապետը։
Եզրափակելով՝ Նեթանյահուն մեկնաբանեց մի քանի երկրների կողմից Պաղեստին պետությունը վերջերս ճանաչելու որոշումը։ Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան, Կանադան և Պորտուգալիան դա արեցին Գլխավոր ասամբլեայից առաջ։
«Սա լիակատար խելագարություն է, և մենք երբեք դա չենք անի», – հայտարարեց Իսրայելի վարչապետը՝ ակնարկելով, որ իր երկիրը երբեք չի համաձայնի հարևան պետության ստեղծմանը, ինչը, նրա խոսքով, ինքնասպանություն կլինի Իսրայելի համար։
Նրա ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցները պաշտպանում են Արևմտյան ափի անեքսիան՝ անկախ Պաղեստինի ցանկացած իրատեսական հեռանկարը վերացնելու համար։
«Ես թույլ չեմ տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը», – նախօրեին Սպիտակ տանը լրագրողներին անսպասելիորեն ասել էր Թրամփը։ «Ոչ, ես դա թույլ չեմ տա։ Դա տեղի չի ունենա»։
ԱՄՆ նախագահը առաջարկում է մեկ այլ խաղաղության ծրագիր, որը ներառում է Համասի լիակատար զինաթափման կոչ անող կետ։
Ամենակառուցողական ելույթը ունեցավ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը, որը հինգշաբթի օրը Գլխավոր ասամբլեային տեսակապով դիմեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ձեռնարկեց նրան վիզա չտրամադրելու հազվագյուտ քայլը։
Աբբասը հայտարարեց, որ Գազայի հատվածը վերահսկող Համասը չպետք է ապագա ունենա պաղեստինյան պետությունում։ Նա ասաց, որ Համասը և այլ խմբավորումները պետք է վայր դնեն զենքերը և կամավոր կերպով վերահսկողությունը հանձնեն միասնական պաղեստինյան ղեկավարությանը՝ պաղեստինյան ժողովրդի շահերից ելնելով։
Մահմուդ Աբբասը դատապարտեց Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում, բայց նաև դատապարտեց Համասի զինյալների կողմից հոկտեմբերի 7-ին կատարված հարձակումը և աշխարհում տարածվող հակասեմիտիզմը։
Պաղեստինի ինքնավարության առաջնորդը հայտարարեց, որ իր վարչակազմը պատրաստ է սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի և այլ միջազգային և մերձավորարևելյան խաղացողների հետ՝ անկախ Պաղեստին ստեղծելու համար։