Փաշինյանը “Ալմա-Աթայի սահմանները” գցեց Մակրոնի ջեբը

  • 22:55 27.09.2025

Կառավարությունը հրապարակել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթի ամբողջական տեքստը։

Փաշինյանը հիմնական շեշտը դրել է Բաքվի հետ կնքված փաստաթղթերի՝ Ալմա-Աթայի հռչակագրի վրա հիմնված լինելը։

“Կողմերը հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին` հաստատում են իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ, եւ այս հենքի վրա ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը”։

Նա հիշեցել է, որ “2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթաժողովում էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը, Ֆրանսիայի եւ Եվրոպական միության կազմակերպած հանդիպման արդյունքներով առաջին անգամ պայմանավորվեցին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Իմ տեքստից դուք տեսաք, թե այս պայմանավորվածությունն ինչպիսի վճռական դերակատարություն ունեցավ: Եվ չափազանց կարևոր է այդ համաձայնությունը, և Պրահայի այդ համաձայնությունների ձեռքբերման հարցում ուզում եմ ընդգծել հատկապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առանձնահատուկ դերը և անհատական ջանքը”:

Այսպիսով, Փաշինյանը Ստալինի գծած սահմաններին հավատարմությունը գցում է Մակրոնի ջեբը։

Նա նաև նախատում է Ալիևին, որի խոսույթը կարող է Հայաստանի հանրությանը ստիպի չհավատալ Փաշինյանւ հավաստումներին և մոտալուտ խաղաղությանը։

“Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է այսպես կոչված “Զանգեզուրի միջանցքի” և իբր Հայաստանի կապիտուլյացիայի մասին։

Ճիշտն ասած չեմ հասկանում, որ՞ն է ահռելի պոզիտիվ բովանդակության առկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Միթե՞ խաղաղությունը բավարար բերկրանք եւ բավարարվածություն չի պատճառում։ Ինձ, օրինակ, պատճառում է։

Այդ խոսույթները կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող եւ նեգատիվ ազդեցություն եւ ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ, ի հեճուկս ձեռքբերված եւ հռչակված պայմանավորվածությունների։

Բայց սա, իհարկե, մեզ ոչ մի միլիմետր չի շեղի ձեռքբերված խաղաղության նշանավորման եւ հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից”, ասել է Փաշինյանը։

Նա նաև ասաց, որ 2026 “թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը եւս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե` նոր Սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը, եւ երկրում հաստատված իրավակարգն օրգանական կապով կկապվեն սահմանադիրի, այսինքն` ժողովրդի հետ, Հայաստանի պետականությունը դարձնելով հարատեւ ու ժողովրդակենտրոն”։

Նա չի ասել, արդյո՞ք Հայաստանը Անկախության նոր հռչակագիրկընդունի, որտեղ կամրագրվեն Ստալինի գծած սահմանները և դրանց՝ Թրամփի ու Մակրոնի հավատարմությունը։