Այսօր Երևանի ԼՈՖԹ–ը կրկին արցախահամ ու արցախահոտ էր։ Ավանդական ամենահամեղ ուտեստներից մեկի՝ ժենգյալով հացի անուշաբույրը զգացվում էր նաև շենքի պատերից դուրս։ Արցախցի Մարինե Գաբրիելյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է ժենգյալով հաց պատրաստելու վարպետաց դաս։ Մարինեն Երևան քաղաքում արդեն հայտնի է ինչպես ամենալավ ժենգյալով հաց պատրաստողներից մեկը, այնպես էլ իր հմտությունները մարդկանց փոխանցելու մեծ պատրաստակամությամբ։ Նրա <<Համով Արցախը>> լայն ճանաչում է գտել։
Շուրջ երկու տարի է, ինչ Մարինեն համագործակցում է ԼՈՖԹ–ի հետ
-Երբ իմացա, որ այսօր երեխաների մասնակցությամբ ԼՈՖԹ-ում միջոցառում է կազմակերպվելու, որոշեցի նրանց հետ անցկացնել վարպետաց դաս, ինչը փոքրիկները մեծ խանդավառությամբ ընդունեցին։ Օրը շատ հետաքրքիր անցավ, երեխաները մեծ բավականություն ստացան և իրենց փոքրիկ քայլերը կատարեցին արցախյան ամենաճանաչված ուտեստի պատրաստման ուղղությամբ։ Թխեցինք նաև թերթերուկ, որի համը բոլորին շատ դուր եկավ։
Սեպտեմբեր ամիսը շատ ծանր ամիս է հայության համար։ 5 տարի առաջ այս օրերին Արցախում աղետալի պատերազմ էր, որը մեզանից հազարավոր կյանքեր է խլել։ 44-օրյա պատերազմում զոհվել է եղբայրս՝ Լեռնիկը։ Այս օրերին բոլորս մեծ ցավ ենք ապրում։
Հարգանքի տուրք մատուցելու, արցունք թափելու հետ մեկտեղ մենք պետք է նաև շարունակենք ստեղծել ու արարել։ Տղաների հիշատակը պահելու լավագույն միջոցը նաև արցախյան ավանդույթները պահելն ու շարունակելն է։
Թեկուզ այսօր Արցախը մերը չէ (ժամանակավոր), բայց նա ապրում է յուրաքանչյուրիս մեջ, ու մենք պարտավոր ենք ամենուր ցույց տալ արցախյանն ու ասել՝ Արցախի անունը երբեք չի ջնջվի։
Ես, ժենգյալով հաց թխելով ու դրա պատրաստման եղանակը սովորեցնելով, պահպանում եմ ավանդականը, արցախյանը։ Երեխաներին, ինչպես նաև մեծերին սովորեցնում եմ, թե ինչպես կարելի է տարբեր բույսերից ու սովորական խմորից համեղ ուտեստ ստանալ։ Այդ ընթացքում ես նրանց հետ խոսում եմ մեր բարբառով ու նկատում, որ սիրով են լսում ինձ։ Մենք պետք է այնպես անենք, որ պահպանվի արցախյան ոչ մշակութային ժառանգությունը, երբեք չմոռացվի մեր համն ու հոտը, յուրահատուկ բարբառը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ