Ռուսաստանը հանգիստ է․ 102-րդ բազան կմնա՞ Չորրորդ հանրապետությունում

  • 15:37 30.09.2025
Այսպես կոչված «Թրամփի ուղի» համաձայնագիրը, որը քողարկում է Հայաստանի հարավի փաստացի օտարումը, ավելի շատ հարցեր է առաջացրել ռուսական ակտիվների, քան Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ։
Քանի որ երկաթուղիներն ու Հայաստանի հարավում բազմաթիվ հանքեր պատկանում են ռուսական կորպորացիաներին, հարց է ծագել. ինչպե՞ս կարող է ամերիկյան ընկերությունը երկաթուղի կառուցել Հայաստանում առանց «Ռուսական երկաթուղիների»։ Եթե Սյունիքը մնում է Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես պնդում են Հայաստանի իշխանությունները, ապա ըստ պայմանագրի ցանկացած երկաթուղի պետք է պատկանի «Ռուսական երկաթուղիներին»։ Եթե դա այլևս ինքնիշխան տարածք չէ, ապա սա նշանակում է հայկական տարածքի անօրինական օտարում առանց հանրաքվեի, ինչը ծանր հանցագործություն է։
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել «Սյունյաց Երկիր» թերթին, որտեղ ասել է․ “Ինչ վերաբերում է այսպես կոչված «Թրամփի ուղուն», ապա Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի այն բանից հետո, երբ մենք մանրամասն պատկերացում ունենանք, թե ինչպես է իրականացվելու այս տրանսպորտային նախագիծը»։ Նա հավելել է, որ այդ գործընթացի շուրջ համապատասխան աշխատանքը նոր է սկսվում։
Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը պետք է դիտարկվեն Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության, ինչպես նաև հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը կարգավորող փաստաթղթերի լույսի ներքո, ասել է նա։
Կոպիրկինը հավելել է, որ հայկական կողմը չի բարձրացնում Շիրակում գտնվող 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագիրը ստորագրվել է 1995 թվականի մարտին, իսկ 2010 թվականին ավելացվել է արձանագրություն, որը երկարաձգում է տեղակայումը մինչև 2044 թվականը՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ հետագա երկարաձգման հնարավորությամբ։
«Ռուսական ռազմական ներկայությունը մնում է Հայաստանի անվտանգության համակարգի հիմնական տարրը և տարածաշրջանային կայունության կարևոր գործոն։ Միևնույն ժամանակ, ռուսական զինվորականները որևէ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում որևէ մեկի համար», – ընդգծել է դիվանագետը։
Ռուսական տնտեսվարողները հաջողությամբ գործում են Հայաստանի տնտեսության այնպիսի համակարգային կարևոր ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը, վառելիքաէներգիան, ատոմային էներգետիկան, տրանսպորտային լոգիստիկան, բանկային գործունեությունը և այլն: Ռուսական սեփականության ընկերությունները նաև Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներն են և ակտիվորեն մասնակցում են սոցիալական նախագծերի և ծրագրերի իրականացմանը, ասել է դեսպանը։

Կոպիրկինը Հայստանում ռուսական ընկերությունների համար վտանգ դեռ չի տեսնում։ Թեկուզ կան ենթադրություններ, որ “ազգայնացվող” «Էլսեթի»-ի նման ճակատագիրը կարող է արժանանալ նաև այլ ռուսական ընկերությունների, ինչպիսիք են «Գազպրոմը», «Հարավկովկասյան երկաթուղին» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Սակայն նույնիսկ ՀԷՑ-ը, որը մասնավոր սեփականություն է, Հայաստանի կառավարությունը չի կարողանում խլել սեփականատիրոջից։ Իսկ Ռուսական երկաթուղիների կամ Գազպրոմի հետ պայամանագիրը խզելու համար այլ կարգի ջանքեր կպահանջեն։

Երրորդ հանրապետության “փակումը, “Չորրորդ Հանրապետությունը” և 1992-ից ի վեր պետական ակտերի ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծումը կարող է բերել սեփականության և ազգային ակտիվների վերաբաբաշխման և Ռուսաստանի իրավունքների կասեցման։ 

Հայկական շատ ակտիվներ, մասնավորապես՝ երկաթուղիները և գազատարի ցանցը, պատկանում և կոնցեսիոն կերպով տրամադրված են ռուսական պետական ​​կորպորացիաներին: Ավելին, համաձայնագրերը պարունակում են կետեր, որոնք արգելում են ոչ ռուսական երկաթուղիների կամ խողովակաշարերի ստեղծումը Հայաստանում: Նույնիսկ 2007 թվականին գործարկված Իրան-Հայաստան գազատարը շատ շուտով դարձավ «Գազպրոմի» սեփականությունը։

Այսպիսով, դժվար է պատկերացնել, թե ում են պատկանելու երկաթուղիները, եթե դրանք կառուցվեն Սյունիքում: Դժվար է նաև հասկանալ, թե ով է պաշտպանելու հայ-իրանական սահմանը, եթե այն մնա հայ-իրանական: Ռուս-հայաստանյան պայմանագրի համաձայն, ռուս սահմանապահները պաշտպանում են «ԽՍՀՄ արտաքին սահմանները», այսինքն՝ Հայաստանի սահմանները միայն Իրանի և Թուրքիայի հետ: Սակայն, եթե դա լինի հայ-ադրբեջանական սահման, ռուս սահմանապահներն այտեղ չպետք է լինեն:

Ինչպիսին կլինի սահմանը, երբ հայ-իրանական սահմանի երկայնքով ստեղծվի 6 կիլոմետր լայնությամբ միջանցք, ոչ ոք չի կարող կռահել: Արդյո՞ք դա կլինի հայ-իրանական սահման, թե՞ հայ-ադրբեջանական, թե՞ հայ-ամերիկյան սահման: Կախված դրա կարգավիճակից՝ անհրաժեշտ կլինի որոշել, թե արդյոք այնտեղ կտեղակայվեն ռուս, թե՞ հայ սահմանապահներ:

Ինչ վերաբերում է Սյունիքին, այն հարուստ է մետաղներով, և հանքավայրերի մեծ մասը շահագործվում է ռուսական ընկերությունների կողմից: Քանի՞ հանք կմնա միջանցքի ներսում, և ինչպիսին կլինի Սյունիքի տնտեսությունն ընդհանուր առմամբ, առեղծված է: