1915 թ․ Ցեղասպանության ժխտումը բերեց ցեղասպանության Արցախում

  • 16:00 30.09.2025

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածում՝ խստացնելով քրեական պատասխանատվությունը ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ժխտման, հրապարակային հերքման եւ դրանց արդարացման վտանգավորությունը նսեմացնելու դեպքում։

ԱԺ այսօրվա նիստում ընդդիմադիր պատգամավորները Նիկոլ Փաշինյայնին ու ՔՊ-ականներին մեղադրեցին Հայոց ցեղասպանությունը հերքելու քաղաքականություն վարելու մեջ։ «Ձեր իշխանության օրոք ցեղասպանությունը շարունակվեց Արցախի նկատմամբ։ Այսօր եւ Թուրքիան, եւ թուրք-ադրբեջանական տանդեմը, փոխանակ հայտնվեն մեղադրյալի, հանցագործի կարգավիճակում, Հայաստանի նկատմամբ դարձել են մեղադրող կողմ։ Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ գրված է, որ Հայաստանն ամեն ինչ անելու է՝ Արցախի ժողովրդի բռնագաղթը կանխելու համար, բայց դուք դա չեք իրականացրել»,- իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ գործող իշխանության օրոք հավանակությունը շատ մեծ է, որ կարող են հեշտությամբ կատարվել ցեղասպանության ժխտմանը վերաբերող հանցագործություններ ու արդարացվել։ Նա հայտարարեց, որ պետք է խիստ պատիժ սահմանել այդ դեպքերի համար։

«Հայաստան» խմբացկության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մեջբերեց ցեղասպանությունների կանգարգելման Լեմկինի ինստիտուտի գնահատականները Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վերաբերյալ։ Նա հիշեցրեց, որ ըստ Լեմկինի անվան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարություններում Նիկոլ Փաշինյանը կրկնում է թուրքական ժխտողական խոսույթը։ «Բա դա ի՞նչ է, եթե ոչ ժխտում»,- հարցադրում արեց պատգամավորը։

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ, դիմելով ՔՊ-ականներին, ասաց․ «Եթե դուք ցեղասպանության ուրացման քաղաքականությունը չեք իրականացնում, եթե թշնամիների նախապայմանները չեք կատարում, ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչն է ձեզ այդպես անհանգստացրել, որ այսպիսի հերոսական պայքար եք մղում ԱԺ խրամատներում այս օրենքի դեմ։ Եթե դուք այս տեմպերով շարունակեք, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆում Հայաստանի հարցերով զբաղվող բաժինները կարող են լուծարվել․ Մարիա Կարապետյանի պես մարդ ունեն Հայաստանում, ի՞նչ խնդիր ունեն»։

Պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հիշեցրեց Արցախի ու Հայոց ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ «Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտությունները՝ Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք էր, բա մեզ պե՞տք էր Շուշին։ Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը դա ասաց՝ դե ասում ենք՝ ի՞նչ ենք կորցրել որ, բա իմաստ ունի՞ դրա համար թուրքերի հետ հարաբերությունները փչացնել։ Սա է ձեր քաղաքականության էությունը, եւ այդ քաղաքակությունը կանխելու համար ենք մենք այս փոփոխությունն առաջարկում»։