Արցախ, պայքար և կորուստ․ «Ծեծը ինձ համար էնքան ցավոտ չէր, ինչքան «Карабах — это Азербайджан» ասելը»

  • 21:09 30.09.2025

by Journalists for Human Rights

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ. ՊԱՅՔԱՐ ԵՎ ԿՈՐՈՒՍՏ

Հայրս ծնվել եւ մեծացել է Նախիջեւանում։ Հաճախ եմ լսել պատմություններ նրանց գյուղի, տան եւ անցած օրերի մասին։ Հատկապես վառ են տպավորվել տատիկիս խոսքերը. «Ամեն ինչ էլ ունեցել ենք, մինչեւ մի օր մտան գյուղ (խմբ. ադրբըջանցիները), ասացին՝ կա՛մ գնում եք, կա՛մ մեռնում»։

Չէի ուզում հավատալ, որ օտարները կարող են քեզ զրկել ունեցածիցդ, մինչեւ սեփական աչքերովս տեսա՝ ինչպես իմ խաղաղ գյուղից մոտ 350 կմ հեռու գտնվող Արցախ աշխարհում պատերազմ բռնկվեց, ինչպես հազարավոր զոհերի գնով պայքարեցինք, բայց մի օր  ամբողջովին կորցրինք Արցախը։

Ես երբեք Արցախում չեմ եղել եւ միայն կարող եմ սգալ նրա կորուստը… 

Արցախի մասին կխոսեն  իմ հերոսները՝ մարդիկ, որոնք տեսել, ճանաչել, զգացել ու գործով սիրել են այն։

 

ՄԱՆԱՎԱԶԴ ՍՐԿ. ՄԿՐՏՉՅԱՆ — ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ

«Բոլորը Դադիվանք գալիս էին այն ժամանակ, երբ արդեն այն մերը չէր, բայց Դադիվանքը եւ Արցախը մեր այցելությունների եւ աղոթքների կարիքը միշտ ունեին»։

Պատերազմի լուրը ուղիղ ենք ստացել. արթնացանք թշնամու հրետակոծությունների ձայնից։ Ամեն ինչ պարզ էր, քանի որ Արցախում էինք բնակվում։

Իմ գլխավոր նպատակն էր զորմասի բոլոր ստորաբաժանումներով շրջելը և առաջնագիծ մեկնող զինվորներին ոգևորելը, որպեսզի նրանք պատրաստ լինեն ոչ թե զոհվելու հանուն հայրենքի, հանուն ազատության այլ, պայքարելու, կռվելու և ապրելու։ Մենք փորձում էինք զինվորներին այն հավատը փոխանցել, որ Աստված մեզ հետ է և մշտապես աջակից է լինելու մեզ։ Եվ սա մեր պայքարն է՝ հանուն ազատության, սրբությունների պահպանման և մեր հայրենիքը թշնամուց փրկելու։

Ինչո՞ւ է Քրիստոսը պատվիրում սիրել մեր թշնամիներին։

Քրիստոնեական պատգամները մեզ շատ բաներ են սովորեցնում ։  

Սա սիրելու պատվիրանի մեկ քայլ բարձրացում է, ավելացում, սիրո տարածքի ընդլայնում, քանի որ մինչ այդ Քրիստոսը տվել էր մի քանի այլ պատվիրաններ. «Սիրի՛ր ընկերոջդ այնպես, ինչպես ինքդ քեզ, և սիրի՛ր Աստծուն, ինչպես սիրում ես քո ընկերոջը, ում ամեն օր տեսնում ես»։ Քրիստոսը այս պատվիրանով փորձում է սերը դարձնել առանց պայմանների։

Մյուս բացատրությունը, թե ինչ է նշանակում այս պատվիրանը: Սիրելով թշնամուն՝ մենք նմանվում ենք Աստծուն, որովհետև Աստված անխտիր բոլորին սիրում է։

Եվ հետո, սիրել, քրիստոնեական տեսանկյունից, նշանակում է աղոթել։

Երբ մենք մեկին սիրում ենք, աղոթում ենք Աստծուն՝ խնդրելով, որ այդ մարդու ապրելակերպը, վարքը, վարվելաձեւը փոխվի դեպի լավը։ Սա, իսկապես, շատ մեծ քրիստոնեական պատվիրան է։ Իհարկե թշնամուն սիրելը եւ նրա համար աղոթելը չի նշանակում դառնալ պացիֆիստ, թույլ տալ հայրենիքի եւ սրբությունների ոտնահարում: Թշնամին, եթե  գալիս է մեզ ոչնչացնելու, եւ մենք  թույլ ենք տալիս դա, մենք ակամա խախտում ենք ինքներս մեզ սիրելու պատվիրանը։ 

Պատերազմից հետո գիտակցեցի, որ մեզանից շատերը չեն ճանաչում ու չեն սիրում Արցախը։ Վերջին օրերին, երբ Դադիվանքում էինք, մարդկանց մեծ հոսք կար՝ խցանումներ առաջացնող. բոլորը Դադիվանք գալիս էին այն ժամանակ, երբ այն արդեն մերը չէր, բայց Դադիվանքը եւ Արցախը մեր այցելությունների եւ աղոթքների կարիքը միշտ ունեին։

Ես չէի պատկերացնում, որ վերջին անգամ եմ Արցախում։ Այնտեղից դուրս եմ եկել շրջափակումից ընդամենը մի քանի օր առաջ։ Երբ շրջափակումը սկսվեց, ամեն օր սպասման մեջ էի, որ ի վերջո վերադառնալու եմ Արցախ… Ես Արցախին ցտեսություն չեմ ասել և չեմ այցելել ինձ համար թանկ  վայրերը։ Միգուցե սա լա՞վ է, միգուցե սրա մեջ վերադարձի հույսը կա՞, որ վերադառնալու եմ Արցախ և այն կրկին ազատ ու անկախ եմ տեսնելու։

ԷՎԱ ՄԻՐԶՈՅԱՆ — ԿԱՄԱՎՈՐ

«Ամենածանր ապրումները այդ ժամանակ եմ ունեցել, որովհետեւ մենք գրեթե նույն տարիքի էինք, բայց մեր կյանքերը ու ապրումները անսահման տարբեր էին»։

Մայրս այստեղ էր աշխատում՝ Արտաշատի սպորտդպրոցում: Հենց իրենից իմացա Արցախից բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարանի մասին ու եկա միանգամից։ Նպատակը մեկն էր՝ օգնել մարդկանց հնարավոր բոլոր ձեւերով։ 

Կացարանում կամավորության ժամանակ հիմնականում երեխաների հետ էի զբաղվում. փախչում էի մեծահասակների հետ շփումից, որովհետեւ չգիտեի՝ ինչ խոսեմ, ինչ արձագանք տամ, երբ իրենց կորցրած տան, հայրենիքի, հողի ու հարազատների մասին էին պատմում։

Բոլոր օրերը բարդ էին, ծանր, ցավոտ, բայց գիտակցում էի՝ իմ զգացածը այդ մարդկանց կորցրածի դիմաց ոչինչ է։ 

Երբեմն նյարդերը տեղի էին տալիս, ու անգամ կամավորներով իրար հետ վիճում էինք, որովհետեւ, ճիշտ է, բոլորս համախմբվել էինք մի գաղափարի շուրջ, բայց տարբեր պատկերացումներ ունեինք՝ ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում։

Էվա Միրզոյանը՝ Արտաշատի սպորտդպրոցում, որը կացարանի էր վերածվել 2023-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին

Հիշում եմ՝ կացարանում ամենաակտիվ երեխաները Աբելն ու իր քույր Արաքսյան էին։ Հենց կացարանի դուռը բացում, մտնում էի դահլիճ, վազելով գալիս, ասում էի. «Ե՛կ խտտիմ», ու փաթաթվում էին: Մի քանի օր հետո հասկացա, որ «խտտելը» գրկելն է, ու քիչ-քիչ բառապաշարումս ավելացան արցախյան բարբառից մի քանի բառեր, որ հաճախ էի լսում՝ «լոխդ ղաշանգ ըք», «չայ ածիմ», «տյուս եկ» եւ այլն։ Մտերմացել էինք կացարանի բնակիչների հետ ու ընկերություն էինք անում։ Կամավորության հենց առաջին օրվանից գիտեինք՝ բնակիչների համար ամենալավ քաղցրեղենի սեղանը պիտի միշտ պատրաստ լինի խոհանոցում։ Օրեր հետո կացարանում բնակվող կանայք էին մեզ համար սուրճ ու թեյ պատրաստում, քաղցրեղենը դնում ափսեների մեջ ու կանչում նստել-հանգստանալու։

Երբ քիչ-քիչ սկսեցի մեծահասակների հետ շփվել, աշխատում էի չխոսել իրենց անցած օրերի մասին. բոլոր հարցերս վերաբերում էին ներկա պահին. և՛ իրենց համար էր դժվար, և՛ ինձ։   Ամենադժվար օրն էր, երբ  Մարատն ու իր եղբայրը պատմում էին՝ ինչեր են տեսել իրենց աչքով, ինչեր են կորցրել, ոնց են փրկվել։ Ամենածանր ապրումները այդ ժամանակ եմ ունեցել, որովհետեւ մենք՝ Արցախն ու ես, գրեթե նույն տարիքի էինք, բայց մեր կյանքերը ու ապրումները անսահման տարբեր էին։

 

ԱՆԱՆՈՒՆ (ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ)

«Կարոտել եմ ինքս ինձ պատերազմից առաջ, Արցախը ու Արցախում մնացած մեր պայքարը»։

Վիրավորվելուց հետո ուշագնաց էի եղել: Զարթնեցի, տեսա Հադրութից հեռացող տանկեր, մտածեցի՝ հաղթել ենք… Շատ ուրախացա։ Հետս էլի վիրավորներ կային՝ ոտքից, մեջքից… Ընկերոջս երկու ոտքը կտրվել էր։ Էնպիսի վիճակում էինք՝ չէինք կարող փախչել կամ կռվել, որովհետեւ կրակող զենք էլ չունեինք։ Մեզ հետ ոչ վիրավոր տղաներ էլ կային։ Պայմանավորվեցինք, որ իրենք փախչեն, որովհետեւ շրջափակման մեջ ընկնելու վտանգ կար, մեզ օգնող ուժեր ուղարկեն։ Մի քանի ժամ մնացինք սպասելով։ Եկան, բայց, ցավոք սրտի, հայեր չէին։ Ուժ չէր մնացել, ու ձեւ չկար դիմադրելու. բոլորիս գերեվարեցին։

Հետո տարան ինչ-որ գյուղ, որտեղ մեզ շատ վատ էին վերաբերվում, 10-12 հոգով ծեծում էին մի հոգու, վերքերը սեղմում, ծաղրում, նվաստացնում։ Ծեծը ինձ համար էնքան ցավոտ չէր, ինչքան «Карабах — это Азербайджан» ասելը, որովհետեւ մենք պայքարել էինք ու ընկերներ կորցրել հանուն մեր հայրենիքի, ու հիմա մեզ ստիպում են նման բան ասել, բնականաբար մենք չէինք ուզում։ Մարդիկ տեսնում էին, որ հայ զինվորը չոքած էդ բառերն է ասում, բայց չէին տեսնում՝ կամերայի մյուս կողմում քանի հոգի է զենքը վրադ պահել։

Գերեվարության ընթացքում ինքս ինձնից ու իմ մտքերից էի վախենում։ 

Անընդհատ մտածում էի՝ տեսնես ինչի՞ չեկան մեզ օգնելու, ինչի՞ էինք մենակ, ո՞նց ամեն ինչ մեզ հակառակ շրջվեց։

Ադրբեջանական բանտում տանջանքները քիչ էին, շատ զգույշ էին մեզ հետ, ու անգամ ինքնասպան լինելու հնարավորություն չկար։ Հաց ուտելուց հետո գդալը դնում էին դռան բռնակին էնպես, որ բացելիս ընկներ, ձայն գար, նոր առաջանան խուց, որովհետեւ իրենք էլ գիտեին՝ գդալը կարող է դանակի վերածվել։

Բանտարկված լինելը իմ կյանքում շատ բան փոխեց. մտածելակերպ, ապրելակերպ, կյանքի իմաստ:

Որ նայում եմ արեւին, ընտանիքիս, դուրս եմ գալիս փողոց ու հայերեն լսում, մտածում եմ՝ ինչքան լավ էր, որ մեզ տանջելու համար անգամ չէին թողնում` ինքնասպան լինենք…

Կարոտել եմ ինքս ինձ պատերազմից առաջ, Արցախը ու Արցախում մնացած մեր պայքարը։

Բանտում եղած ժամանակ լիքը բաներ վերանայել եմ, անիրական թվացող երազանքներիս վերադառնալուց հետո հասել եմ, բայց մի բան չեմ կարողացել անել՝ ներել մեզ մենակ թողած, փախած մեր ընկերներին։ Աստվա՛ծ իրենց հետ…

 

ԼԵՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ — ՊԱՏՄԱԳԵՏ

«Արցախը դրախտ էր թե՛ հնագետների, թե՛ հուշարձանագետների համար, որովհետեւ ամեն քայլափոխին մի նոր դամբարան կամ հուշարձան էր բացահայտվում»։ 

Տարբեր տեղերից մարդիկ զանգահարում, հայտնում էին՝ հուշարձան են գտել. դա 2021-2023 թվականի մայիսին էր՝ մինչեւ բլոկադայի սաստկացումը։

Ես վստահ եմ, եթե գործունեությունը շարունակեինք, Արցախում 7000-8000 հուշարձան կգտնվեր: Շատ գործ կար անելու, ափսոս՝ չհասցրինք։ Մեր հազարամյակների պատմությունը, ժառանգությունը մնաց թշնամուն։

Հայ ժողովուրդը իր պատմական հայրենիքից բացի կորցրել է նաեւ շատ մեծ պատմամշակութային ժառանգություն, որի հետեւանքները հետո ենք զգալու։ Մենք կորցրել ենք մեր ինքնության հիմնական գրավականը…

Այստեղ հարմարվելու խնդիր չունեմ, 11 տարի Երեւանում եմ ապրել, եւ երբ հարցնում են՝ հարմարվե՞լ եք, ինձ վատ եմ զգում։ Ես հայրենիքիս մի հատվածում եմ գտնվում, ի՞նչ կա այստեղ հարմարվելու կամ չհարմարվելու։

Շատ դժվար է բաժանումը ոչ միայն այն պատճառով, որ ինքս մասնակցել եմ հայրենիքի ազատագրմանը եւ հարազատներ կորցրել… Ես կապված էի այդ հողին։ Ամբողջ Արցախում ոտքով շրջել եմ: Դրանով շատ քիչ մարդիկ կարող են հպարտանալ։ 

2009 թվակամից վարել եմ «Մեր երկիրը» հաղորդաշարը։ Գնում էինք նկարահանման, հենց տեղում նկարում էինք. պատմում էի հուշարձանի մասին։ Մեկը մյուսից հրաշք տեսարաններ, հուշարձաններ ու կառույցներ էին։ Օպերատորը՝ Բենիամին Վարդանյանը, որ կանգնած էր Արցախի հեռուստատեսության ստեղծման հիմքում, արդեն տարիքով էր, բայց միասին քայլելով՝ գնում էինք ճանապարհներով, որ մեքենան չէր կարող բարձրանալ։ Մեզ շատ հաճախ միանում էր նաեւ Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսը։ Գրկում էինք նկարահանման անհրաժեշտ տեխնիկան եւ անցնում ճանապարհը…

Արցախի հայաթափման եւ բռնազավթման հետեւանքով թշնամու տիրապետության տակ մնաց 5000 հուշարձան, 385 եկեղեցի, 59 վանական համալիր, 2385 խաչքար։

Խոսում ենք նյութական մշակութային կորստից, բայց մարդիկ զրկվել են ոչ նյութականին հաղորդ լինելու հնարավորությունից։

Արցախյան բարբառը, ավանդույթներն ու սովորությունները, արցախցիների վարած ապրելակերպը այսօր մոռացվելու վտանգի տակ են։ 

 

ԱՆԺԵԼԱ ԱՍՐՅԱՆ —  ԵՐԿՈւ ՈՐԴԻՆԵՐԻՆ ԿՈՐՑՐԱԾ ՄԱՅՐ

  • Սուրճը դա՞ռն եք խմում։

— (Գլխով դրական շարժում եմ անում.- հեղ.)։ 

— Հա՞։ Է՜հ, Սասունս էլ էր դառը խմում»։

Գրիգորը՝ մեծ տղաս, փոքր ժամանակ շա՜տ չար էր։ Երբ հարցնում էինք՝ ինչ անենք քեզ համար, որ մի քիչ խելոքանաս, ասում էր.

— Ինձ փոքր ախպեր եմ ուզում։

Հաջորդ բալիկս ծնվեց: Հիվանդանոցից դուրս գրման ժամանակ տեսա Գրիշան (տանը Գրիգոր չէինք ասում, այլ Գրիշա) վազ տալով գալիս է։ Շատ ուրախ էր: Նայեց երեխային, բայց հենց իմացավ՝ աղջիկ է ծնվել, նեղացավ, շրջվեց ու փախավ։

Սիրտը շահելու համար շատ նվերներ էինք գնում, բայց ոչինչ չէր հավանում։ Մի անգամ եղբայրս շա՜տ մեծ կարմիր մեքենա էր բերել։ Գրիշը եկավ տուն, տեսավ մեքենան, բայց էլի չուրախացավ. ոտքով խփեց մեքենային ու շատ լուրջ ասաց.

-Ես ախպեր եմ ուզում, եթե ինձ ախպեր չեք բերելու, ուրեմն էլ ոչ մի նվեր չբերեք։

Վերջապես ծնվեց Սասունս։ Մենակ տեսնեիր՝ ոնց գլխիվայր շրջվեց Գրիշաս. էն չար, չաչանակ տղան միանգամից մեծացավ, լրջացավ։ Ախպերներով իրար շատ կապված էին, իրարից անբաժան էին մինչեւ վերջ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սովորականի պես գնացի դպրոց՝ դասի։ Էնտեղ ուսուցիչները ասացին՝ սկսվել է կռիվը։

Ընկա գետնին….

Սասունս հետախույզ էր,  իր մասին ոչինչ չէր պատմում: Երբ զանգում էի, անհասանելի էր։  Հոկտեմբերին մի անգամ եկավ տուն, տեսա՝ մի քանի տեղից վիրավոր։ Իրականում չպիտի հետ գնար, բայց նստեց, կոֆեն խմեց, վերքերը կապեց ու գնաց։

Շատ խնդրեցի, ասացի՝ մի՛ գնա, Սասուն ջա՛ն, բայց ո՞վ էր լսողը։

Սասունս կոֆե շատ էր սիրում. հենց աչքերը բացում էր, կողքին սուրճ դրված չէր լինում, գոռում էր՝ մամա՛։ Ես էլ, հարեւաններն էլ արդեն գիտեինք, որ սուրճի ժամն է։ Հիմա նկարի կողքին միշտ դառը կոֆե եմ դնում։

Գրիշաս եղբոր մասին ասում էր՝ երազանք էր, երազանք դարձավ, բայց հիմա մի երազանք էլ ինքն է…

Մեկին պատերազմը տարավ, մյուսին՝ պայթյունը։

Գրիշաս շատ լարված էր (դե, հինգ երեխա ունի). ուզում էր շուտ դուրս գանք։ Չհամբերեց՝ զանգեն մեզ. դուրս գալու համար որպես զոհվածի հարազատ բենզին էին տալիս, ընկերը զանգեց, գնացին՝ եսիմ որտեղից բենզին գտնեն։

Դուրս գալուց առաջ տղայիս ասացի, որ անպայման զանգի, շատ անհանգիստ էի։ Ասաց.

-Դե լավ էլի, հո չեմ կորելու։

Գնաց, կորավ, բալա ջա՛ն, 42 տարեկան էր….

Ո՞նց կարամ ախր մնամ էստեղ միշտ։ Սասունս ու ծնողներս Արցախում են, սպասում են՝ երբ եմ գնալու իրենց մոտ։

 

Մանե Մնացականյան